Գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանն այսօր ԱԺ-ում «Ելք» դաշինքի հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ, խոսելով Մարտի 1-ի զոհերի մասին, սկսեց ներկայացնել նրանց դիակների դատաբժշկական փորձաքննության արդյունքները:
Նա ասաց, թե ինչ գործոնների հետեւանքով է տուժողներին մահ պատճառվել, քննությամբ պարզված են պայմանական 3 միջոցներ՝ ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոցների կիրառում, քննությամբ դեռեւս չպարզված անձանց կողմից հրազենի, պայթուցիկ սարքերի կիրառում, դեռեւս չպարզված անձանց կողմից բութ, կոշտ առարկաների կիրառում:
Կարեն Բիշարյանն ասաց, որ տուժողների դիակներից հանվել են եւ փորձաքննության են ենթարկվել Չերյոմուխա 7-ի գազային նռնակի փամփուշտներ, բեկորներ, մանրամասն ներկայացրեց, թե ինչպիսի ջնջվածքներ են եղել մարմնի վրա, ինչ հետքեր են եղել եւ այլն: Բիշարյանն ասաց, որ Չերյոմուխա 7-ը կարելի է կրակել բաց տարածությունում, բայց ոչ մարդու վրա ու փամփուշտները փորձաքննելիս պարզել են, որ դրանք ձեւափոխված են եղել, այսինքն, դիպել են կոշտ առարկայի, պատի, նոր հետադարձ կատարել:
Նա ասաց, որ դիակներից հանված գազային նռնակները որեւէ զենքի հետ չեն նույնացվում, էլ ՌԴ-ի, էլ Եվրոպայի փորձագետների են դիմել, նման նույնացում կատարելն անհնար է համարվել: Բիշարյանն ասաց, որ ներկայումս ՀՀ գլխավոր դատախազությունը աշխատանք է տանում, որ այլ երկրների հետ համագործակցի եւ ժամանակակից տեխնիկայով հնարավոր լինի Արմեն Ֆարմանյանի, Տիգրան Խաչատրյանի եւ Գոռ Քլոյանին մահ պատճառած նռնակների կրակոցներն արձակած հրազենի նույնության պարզման խնդիրը լուծել:
Կարեն Բիշարյանն ասաց, որ ինչպես ՀՔԾ-ն, այնպես էլ դատախազներն իրենց իրավական գործիքակազմով հնարավոր բոլոր միջոցառումները ձեռնարկում են՝ գործի հանգամանքները պարզելու, մեղավոր անձանց ի հայտ բերելու ուղղությամբ:
Իսկ իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասաց. «Մարտի 1-ի հիմնական պատասխանատուն հանդիսանում է այդ օրվա իշխանությունը: Ո՞ւմ հայտնի չի փաստահավաք խմբի հայտնաբերված զինված ուժերի ներգրավման մասին գաղտնի հրամանը, ո՞ւմ հայտնի չի Երեւան քաղաքում առանց արտակարգ դրության մասին օրենքի արտակարգ դրություն հայտարարելու մասին հայտնի հրամանագիրը կամ այդ ի՞նչ հիմնավորմամբ է այդ արտակարգ դրությունը հայտարարվել Երեւան քաղաքում եւ փաստացի կիրառվել ամբողջ հանրապետությունում: Կամ այդ ի՞նչ անկարգություններ եղան, որ մինչեւ մարտի 1-ը չկար, մարտի 1-ից սկսվեց զանգվածային անկարգությունները: Զանգվածային անկարգություն տեղի չի ունեցել եւ դատախազությունը համառորեն շարունակում է կրկնել այդ արտահայտությունը: Տեղի է ունեցել պետական ահաբեկչություն՝ իշխանության մարմինների կողմից»:
Սաքունցն ասաց, որ բավարար փաստեր կան՝ պատասխանատվության ենթարկելու, առնվազն իրավական գնահատական տալու Ռոբերտ Քոչարյանին, այդ ժամանակվա ՊՆ նախարար Միքայել Հարությունյանին, գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանին, 0038 գաղտնի հրամանով Յուրի Խաչատուրովին, ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանին, ԱԱԾ պետ, արդեն կապ չունի, բայց պետք է քննվի՝ Գորիկ Հակոբյանին, մարդիկ, որոնք անմիջականորեն հրամայել են եւ որոնց հրամանով էր ամեն ինչը կատարվել: Իրավական գնահատական պետք է տրվի պաշտոնատար անձանց կողմից ապօրինի հրամանների հիման վրա՝ այն իրավիճակի համար, որը հանգեցրեց 10 հոգու սպանությանը: Այս հիմքով քրգործ հարուցված չէ»: Նա ասաց, որ ԵԽԽՎ մի շարք բանաձեւերում այս մասին գրված է:
Ըստ Սաքունցի, չկա քաղաքական կամք՝ ցանկություն իրավական գնահատական տալու այդ պետական ահաբեկչությանը: Եվ դրա համար, ըստ Սաքունցի, պատասխանատվությունը Սերժ Սարգսյանի վրա է, ինքն է նշանակում ՀՔԾ պետին, ԱԱԾ պետին, գլխավոր դատախազին ու ջանք չի գործադրում՝ Մարտի 1-ի հանցագործությանը գնահատական տալու համար: Նա նշեց, որ եթե Մարտի 1-ին հատուկ միջոցների կիրառման համապատասխանատվության ենթարկված լինեին, Սարի թաղում այդպես ապօրինաբար հատուկ միջոցներ չէին կիրառի:
Սաքունցը դիմեց ՀՀԿ-ականներին՝ հորդորելով չլռել: Նա զգուշացրեց, որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ իրենց էլ կարող են զոհել: ԿԿվի նման չեն կարող ամեն անգամ ձագերին զոհ տալ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ