«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» հերթական դատական նիստում այսօր ամբաստանյալներից Գալուստ Գրիգորյանի եւ Գեւորգ Սաֆարյանի շահերի պաշտպան, փաստաբան Աննա Ջուվանովան ներկայացրեց վերջիներիս պաշտպանական ճառը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ նրանք մտադրվել են մասնակցել ռազմավարական նշանակության շենք-շինություններ զավթելու Ժիրայր Սեֆիլյանի ծրագրին: Սաֆարյանին նաեւ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրանք է առաջադրվել:
«Նրանք չգիտեն, թե ինչում են մեղադրվում. նրանց վերագրվող արարքներն անհատականացված չեն, իսկ այդ պայմաններում նրանց մեղավոր ճանաչելը կխախտի արդար դատաքննության սկզբունքը»,-համոզմունք հայտնեց պաշտպանը:
Նա ընդգծեց՝ Գալուստ Գրիգորյանը դատարանում ցուցմունք տալիս հայտնել է իրականությունը, ինչից հետո հրապարակվել են նրա նախաքննական ցուցմունքները. «Դրանք քննիչի կողմից ձեռք են բերվել խախտումներով, դրանցում անգամ հարցաքննության ժամանակն արձանագրված չի եղել: Իմ պաշտպանյալը հարցաքննվել այնքան ժամ, որքան նախատեսված չէ օրենքով: Գալուստ Գրիգորյանը չի առնչվել ենթադրյալ խմբի հետ, ավելորդ է խոսել այն մասին, թե նա նպատակ է հետապնդել մասնակցել հանցագործությունների կատարմանը»:
Աննա Ջուվանովայի խոսքով՝ Գեւորգ Սաֆարյանին եւ Գալուստ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքների հիմքում բացակայում են փաստական հանգամանքները եւ դրանք հիմնավորող ապացույցները. «Ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ՝ մեղադրանքների իրավական հիմքերն ապացուցելու համար»:
Պաշտպանական ճառի վերջում Աննա Ջուվանովան դատարանին միջնորդեց արդարացնել Գեւորգ Սաֆարյանին եւ Գալուստ Գրիգորյանին:
Հիշեցնենք, որ մեղադրական ճառում դատախազը միջնորդել է 11 տարով ազատազրկել Ժիրայր Սեֆիլյանին: «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ