«Մեր պահանջը բացարձակապես կապ չունի քաղաքականության հետ: Մեր պահանջն է՝ բացահայտել մարտի 1-ի ոճրագործությունը՝ ով հրաման տվեց եւ ովքեր սպանեցին մեր երեխաներին: Պատասխանատվության չեն ենթարկվել ո՛չ կատարողները, ոչ էլ հրաման տվողները»,- այսօր ԱԺ-ում Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ «Ելքի» նախագծի հետ կապված հրավիրած լսումներին ասաց Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:
Նա մեջբերեց Գեւորգ Կոստանյանի խոսքերը՝ վկաների կեսն արտագաղթել են, իսկ մյուս կեսը չեն հիշում Մարտի 1-ի ոճրագործությունը: Նա դիմեց Կոստանյանին՝ «պարո՛ն Կոստանյան, մի քանի տարի էլ անցնի՝ երեւի դուք էլ չեք հիշի, թե ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին, անցնի մի 10-20 տարի՝ ընդհանրապես գոյություն չի ունեցել Մարտի 1: Սա ի՞նչ արտահայտություն է»:
Նա հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է՝ հարյուրավոր տեսախցիկներ են եղել, այն էլ՝ պրոֆեսիոնալ, հեռակառավարվող, կարողանում են խոշորացնել, հեռվացնել, մեր իրավաբանները կպարզեն այդ տեսագրությունները. «Այդ բանը չի հերքել ԱԱԾ-ն ուղարկվել է ՀՔԾ: Դա փաստ է, որ ներկայացնում ենք ձեզ: Դուք խոստացաք, որ սայլը տեղից կշարժվի, գծեցիք ճանապարհային քարտեզ, գործերն առանձնացրեցիք, բա ի՞նչ եղավ, պարոն Կոստանյան, անցել է 10 տարի»:
Նա, որպես Մարտի 1-ի մասնակից, ականատես, պատմեց, թե անձամբ ինչ է տեսել այդ օրը. «Մոտ 500 սադրիչներ ջարդում էին այդ հատվածում միայն ՌԴ-ի տունը, որ ասեն՝ տեսեք, ընդդիմությունը հակառուսամետ է: Եկավ չարաբաստիկ ժամը 9-ը, սադրիչները երեխաներին տարան կրակի բերան, տրաքեց լուսարձակող ձայնային գրանատը: Այդ ժամանակ էր, որ Քոչարյանն ասում էր՝ ավտոբուսի հետեւից կրակում են ոստիկանների վրա: Սո՛ւտ: Բացարձակապես սուտ: Հիմա զոհերի մասին՝ 3 քաղաքացի զոհվել են Չերյոմուխա 7 տեսակից, գազային նռնակից՝ Արմեն Ֆարմանյան, Տիգրան Խաչատրյան, Գոռ Քլոյան: 4 ոստիկանի մոտ է եղել այդ Չերյոմուխա 7 տեսակի զենքը: Մենք գիտենք այդ 4 ոստիկանի անուն-ազգանունները, բոլորդ գիտեք: 4 ոստիկան չեն քննվել, չեն քննվել բարձրաստիճան պաշտոնյաները, չի քննվել գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանը, շտաբի պետերը, անմիջապես կատարողները: ՀՔԾ-ն մենակ քննում էր շարքային քաղաքացիներին: Հարգելի ՀՔԾ, շարքային քաղաքացիներն ի՞նչ իմանան գիշերով 300 մետր հեռավորության վրա ով ում սպանեց: Դուք քննեք ոստիկաններին, նրանք ամեն ինչ ձեզ կպարզեն: Միքայել Աբգարյան, ժամկետային զինծառայող: Ուղղակի խայտառակություն: Ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի շուրթերից հնչած բառերն եմ կրկնում՝ իբր թե մի ցուցարար անցել է ոստիկանության 3-4 շարքերը, դրանից հետո կրակել է այդ ժամկետային զինծառայողի վրա եւ Գրիգոր Գրիգորյանն ասել է՝ խփեք, կրակել են ոտին, արյունը թափել է, նորից ճեղքեր է այդ պատը եւ փախել: Մինչեւ այսօր չեն կարողանում դրան ձերբակալել: Դա իրականությանը համապատասխա՞ն է, իհարկե, ոչ: Հովհաննես Հովհաննիսյան, սպանվել է Մակարով տեսակի ատրճանակից, թիկունքից՝ դալան մտնելու պահին, մնացած զոհերը՝ դիպուկահարների կողմից»:
Ըստ Քլոյանի, այս 10 տարիների ընթացքում ներկա ու նախկին դատախազները ոչ թե փորձել են բացահայտել Մարտի 1-ը, նշված դեպքերը, այլ ամեն ինչ արել են՝ պարտակելու համար:
Նա դիմեց իշխանություններին՝ ասելով, որ հույս չունենաք, մենք ամեն ինչ անելու ենք, պայքարելու ենք՝ բոլոր մեղավորներին պատժելու համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ