«Ժողովուրդ» օրաթերթը Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասով հարցեր է ուղղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ գլխավոր դատախազի պատասխանները։
– Արդյոք Երեւանի ավագանու ՀՀԿ-ական ներկայացուցիչների գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ինքնիրավչության դրսեւորումներ չկան։ Նրանք, բավական չէ, որ կասեցնում են իրենց գործընկերոջ ակցիան, ծեծի ենթարկում նրան, դեռ մի բան էլ կանանց կամքին հակառակ նրանց դուրս են հանում դահլիճից Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի «դեմն առեք» հրահանգով։
– Կատարված առերեւույթ հանցագործության դեպքին անձի մասնակցությունը, հանցագործության կատարման մեջ անձի մեղքը, ինչպես նաեւ անձի արարքի՝ ՀՀ քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ պարունակելու հանգամանքն ինչպես ցանկացած, այնպես էլ սույն դեպքում ենթակա է գնահատման քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված թույլատրելի եւ վերաբերելի, հավաստի ու փոխկապակցված ապացույցների բավարար համակցությամբ։ Հետեւաբար տվյալ քրեական գործով ապացույցների բավարար համակցություն ձեռք բերելուց հետո միայն հնարավոր կլինի գնահատել կոնկրետ անձի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածով նախատեսված հանցակազմի առկայության կամ բացակայության հանգամանքը։
– Փետրվարի 13-ին եւ փետրվարի 19-ին Երեւանի քաղաքապետարանում խոչընդոտել են լրագրողներին իրականացնելու իրենց մասնագիտական գործունեությունը։ Ինչո՞ւ ՀՀ գլխավոր դատախազությունը ցուցում չի տվել՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հատկանիշներով եւս հարուցվի քրեական գործ։
– 2018թ. փետրվարի 13-ին եւ փետրվարի 19-ին Երեւանի քաղաքապետարանում լրագրողների մասնագիտական գործունեության իրականացմանը խոչընդոտելու մասին տվյալները եւս ստուգվում են հարուցված վերոնշյալ քրեական գործով կատարվող նախաքննությամբ։
Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում