Փետրվարի 22-ին հայ կինոյի մեծագույն վարպետներից մեկը` Արտավազդ Փելեշյանը, դարձավ 80 տարեկան: Այսօր Օպերային թատրոնում կկայանա հոբելյանական երեկո՝ նվիրված Վարպետի ծննդյան տարեդարձին։
Հինգ տարի առաջ, երբ նշվում էր Փելեշյանի ծննդյան 75-ամյակը, իսկ «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվում նրա երիտասարդ տարիներին նկարված ֆիլմերը, մաեստրոն ափսոսանք էր հայտնել եւ իրեն բնորոշ ձեւով բանաձեւել ասելիքը. «Այն ժամանակ երիտասարդ էի, գանգուր մազեր ունեի, սանր չունեի, իսկ հիմա սանր ունեմ, բայց մազեր չունեմ»:
Աշխարհահռչակ կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջիոն, որ Փելեշյանին կինոյում իր կնքահայրն է համարում, նրա մասին ժամանակին «Առավոտին» ասել էր, թե Փելեշյանը սուրբ է կինոյում, եւ բոլորս շատ բան ենք կորցրել, որ նա երկար տարիներ ֆիլմ չի նկարել:
Բարեբախտաբար, ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստվում է Փելեշյանի հետ պայմանագիր կնքել՝ նրա հուշերը 2020 թվականին պետական աջակցությամբ հրատարակելու համար, պատրաստ է նաեւ աջակցել Երվանդ Քոչարի մասին փելեշյանական ֆիլմի նկարահանմանը:
Լուսանկարը` ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ արխիվից
«Առավոտ»
23.02.2018