Շփման գծում նախօրեին հայկական կողմը կորուստ է ունեցել: Հակառակորդի դիպուկահարից զոհվել է հայկական զինուժի 20-ամյա զինծառայող: Սողացող պատերազմի հերթական սարսափելի դրսևորումը, որը, ցավոք սրտի, չլինելով առաջինը՝ ամենայն հավանականությամբ վերջինն էլ չի լինելու: Խրամատային այս պատերազմը երկու կողմից էլ խլում է մարդկային կյանքեր, և ամենասարսափելին նաև այն է, որ չի նշմարվում այդ իրավիճակից ելքը:
Մյուս կողմից՝ Հայաստանն ու Արցախը չունեն այլընտրանք, քան այդ պատերազմին դիմակայելը, քանի որ զիջել այդ պատերազմում, հանձնվել, տեղի տալ, նշանակելու է ոչ թե արգելակել սողացող այդ պատերազմը, այլ սողացողի փոխարեն բացել արդեն «թռչող» պատերազմի ճանապարհը, որովհետև հակառակորդը առավել ագրեսիվ է դառնալու: Միևնույն ժամանակ, շատ հստակ է մի բան, գուցե մեկ այլ ցավալի բան, որ հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված միջնորդ համանախագահ երկրների համար սողացող այս պատերազմը, խոշոր հաշվով, օրակարգային հրատապ հարց չէ, յուրաքանչյուրի համար տարբեր պատճառով: Այդ պատճառներին մենք անդրադարձել ենք, առիթներ կլինեն նաև նոր անդրադարձերի համար:
Տվյալ պարագայում արձանագրենք, որ երեք համանախագահներից յուրաքանչյուրն ունի սողացող պատերազմի արգելակումը հրատապություն չդիտարկելու իր պատճառները, ավելին՝ համանախագահներից մեկը՝ Ռուսաստանը, իր քաղաքականությամբ ուղղակի սնուցում է այդ պատերազմը: Համանախագահների շրջանակում օրակարգայինն ու հրատապը լայնամասշտաբ բախումը կանխարգելելն է, և այդ իմաստով նրանք գուցե նույնիսկ սողացող այս խրամատային պատերազմը դիտարկում են «գոլորշի բաց թողնելու» տարբերակ: Ի՞նչ անել այս իրավիճակում: Սա իսկապես բարդ խնդիր է հայկական կողմի համար, որովհետև ակնհայտ է՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառների բերումով գործնականում անհնարին է իրավիճակը ենթարկել քաղաքական առումով արագ և խորքային փոփոխության՝ միևնույն ժամանակ փոխելով և հայկական կողմի հետ ոչ միայն ռազմավարական, այլ նաև մարտավարական առումով համահունչ դարձնելով համանախագահների շահերը:
Արամ Ամատունի
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում