Լրահոս
Օրվա լրահոսը

Ինտերնետային կեղծ քարոզչությանը հակազդելու կարեւորությունը. «Ամերիկայի Ձայն»

Փետրվար 23,2018 11:15

«Ամերիկայի Ձայն». ԱՄՆում փորձագետների մի խումբ ուսումնասիրել է հարյուր հազարավոր կեղծ գրառումներ Թվիթերում եւ նույնքան կեղծ գրառումներ՝ Ֆեյսբուքի էջերում։ Ուսումնասիրող խմբի կարծիքով դրանք ուղիղ կապ ունեն Ռուսաստանի հետ։ 

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում Ինտերնետի հետազոտության գործակալությունը, որտեղ ժամանակին աշխատում էին սոցիալական ցանցերում կեղծ հաղորդագրություններ ու գովազդներ տարածող խմբեր, փորձելով ազդեցություն գործել ԱՄՆ-ի 2Օ16 թվականի նախագահական ընտրությունների վրա, այսօր փակ է։ Ջնջված են նաեւ այստեղ այդ գործունեությամբ զբաղված անձանց ինտերնետային հաշիվները։ Սակայն նրանց էջերն ամերիկացի հետաքննիչները արխիվացրել են։

Մյունխենի Անվտանգության վեհաժողովի ժամանակ փորձագետներից Բեն Նիմոսի ղեկավարած խումբը ցուցադրում էր, թե ինչպես է Կրեմլը կառավարում իր քարոզչական մեքենայի տարբեր ճյուղերը։
Այդ ճյուղերից նա նշում է ՝՝Ռուսաստանն այսօր՛՛ եւ ՝՝Սպուտնիկ՛՛ կայանները։

՝՝Կան ինտերնետային էջեր, որոնք պնդում են, թե անկախ են, սակայն հետաքննությունը ցույց է տվել, որ դրանք ֆինանսավորվում են նույն աղբյուրից։ Իսկ այդ աղբյուրը Ռուսաստանի կառավարությունն է՛՛, ասում է նա։

Հիշեցնենք, որ ռուս հաքերները 2Օ16 թվականին հափշտակել էին ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի էլեկտրոնային նամակները, ու տրամադրել ՝՝Վիքիլիքս՛՛-ին։

Փորձագետի խոսքերով, ՝՝Այդ օրերին ինտերնետային արխիվներում կարելի էր տեսնել ռուսական այս ընկերության հաշիվները, որոնք արագ տարածում էին դեմոկրատներից հափշտակած տեղեկությունները։ Հաշիվներից մեկը, որը կրում էր ՝՝Թենըսի նահանգի Հանրապետական կուսակցություն՛՛ անվանումը, ինտերնետում իրենց կողմից էլ տարածել են 2 հազար բաժանորդներ՛՛։

Որպես հակաքարոզչություն, Նիմոսն ու նրա խմբի անդամ մասնագետներն ուզում են սովորեցնել համացանցից օգտվողներին սոցիալական լրատվամիջոցներին միմյանցից տարբերակելու ձեւերը։

Նրանց խոսքերով, մինչեւ սոցիալական ինչ որ ցանցից որեւէ տեղեկություն վերատարածելը, լավ կլիներ նայել տվյալ օգտատերի տվյալները։

՝՝Հարց տվեք ինքներդ ձեզ, եթե սա Թվիթերի հաշիվ է, միջին հաշվով քանի անգամ այն կարող է օրական տարածել տվյալ տեղեկությունը։ Եթե այն վերբեռնվել է երեք շաբաթ առաջ եւ արդեն տարածվել է 15Օ հազար անգամ, պիտի ենթադրեք, որ դա մարդու ձեռքի գործ չէ՛՛։

Փորձագետները նշում են, որ սա լրտեսության բնագավառում դեռեւս միայն առաջին գրոհն էր, եւ անվտանգության ուժերն ու հասարակության լայն խավերը պետք է լավ սովորեն այդ սպառնալիքին հակազդելու ձեւերը։

Արամ Վանեցյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728