Լրահոս
Օրվա լրահոսը

Կոյուղին որպես հուսահատության ճիչ. «Իրատես»

Փետրվար 23,2018 10:55

Եվ այնուամենայնիվ հնարամիտ ու զավեշտասեր ժողովուրդ ենք հայերս: Այն, ինչ տեղի ունեցավ քաղաքամայր Երևանի ավագանու հարթակում, անտարակույս ուրույն տեղ կգրավի իշխանության դեմ մղվող պայքարի ձևամիջոցների մեջ կոյուղու դերի բացահայտման ու հաստատման (կիրառման) ասպարեզում: Անվերապահորեն կարելի է հայտարարել, որ համաշխարհային առաջադեմ հասարակության պատմության մեջ աղբատար խողովակի արգասիքն առաջին անգամ իր «բուրմունքով» դարձավ քաղաքական պայքարի հիրավի աննախադեպ ու ինքնատիպ զենք:

Ձեզ չի՞ թվում, որ սա խոր անբավականության արտահայտություն էր առհասարակ երկրի ղեկավարության հանդեպ: Ինչքա՜ն չպիտի սիրեն իրենց առաջնորդներին մարդիկ, որ կոյուղու բովանդակությունը պահածոյացված տեսքով ներկայացնեն առայժմ քաղաքային ղեկավարությանը: Թեև, եթե անկեղծ լինենք, ներկայիս քաղաքապետը հազիվ թե վերնախավի վատագույն ներկայացուցիչն է: Պարզապես այս անգամ որպես իշխանության խորհրդանիշ նա դարձավ քաղաքացիների ծայրահեղ դժգոհության թիրախը:
Հայոց նորագույն պատմության ամենաթերի կողմերից մեկն այն է, որ անկախ հռչակված պետության նորաթուխ ղեկավարները կատարելապես թքած ունեն հասարակական կարծիքի վրա՝ սիրու՞մ է իրենց ժողովուրդը, անտարբե՞ր է, թե՞ զզվում է՝ միևնույն է, գրոշի նշանակություն չունի: Մի նպատակ ունեն նրանք՝ շահել ու վայելել իշխանությունը, պարարտանալ ու ինքնասիրահարվել այն աստիճանի, որ մտահոգության միակ առարկան դարձնեն իշխանության ինքնավերարտադրումը, ընդհուպ այն ցմահ դարձնելու մտադրմամբ: Եվ հուսահատված մարդիկ, չկարողանալով դիմակայել այս իշխանապահական աներեսությանը, հայակործան ագրեսիվությանը, համակվում են պայքարի անգամ էկզոտիկ զինապաշարների հայտնաբերման մոլուցքով: Այս անգամ՝ ի կոյուղի:

Իշխանատյացների այս գործողությունը շատերը համարեցին խուլիգանություն: Ինչ խոսք, քաղաքական օպերացիան (տակտիկական, թե ստրատեգիական՝ հետո կերևա) հեռու էր սանիտարաէսթետիկական բովանդակությունից: Սակայն հուսահատ մարդը երբեմն նույնիսկ ինքնասպանության է դիմում: Լավ, մի՞թե Հայաստանի ղեկավարները չեն հասկանում կամ չեն ուզում ընդունել, որ մարդիկ, մեղմ ասած, հոգնել են նույն անձանց երեսը տեսնելուց, որ նրանց հետ ոչ մի հույս չեն կապում, որ երկրին պետք են նոր դեմքեր բառի բուն և փոխաբերական իմաստներով: Չասենք, թե Հայաստանում նույնքան չսիրված Պուտինին բոլորն են պաշտում ռուսաց աշխարհում: Բայց, այնուամենայնիվ, այս մարդու քաղաքական երկարակեցությունը իր երկրում արդարացվում է պետության ու ժողովրդի հանդեպ մեծ ծառայություններով, որոնցով հաշվետվության կարգով Պուտինն ինքը ներկայանում է քաղաքացիների դատին ավանդական դարձած ուղիղ հեռուստահանդիպումների ժամանակ:

Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728