Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻՄ մարմինները իրենց էությամբ պետք է շատ ավելի բաց լինեն, շատ ավելի բաց աշխատեն, քան, ասենք, կառավարությունը կամ ԱԺ-ն. «Ժամանակ»

Փետրվար 23,2018 10:49

Քաղաքապետարանը, ըստ էության, որոշել է կրկնօրինակել կառավարությանը, որտեղ ևս որոշում կա փակել կառավարության նիստի դռները լրագրողների առաջ։ Քաղաքապետարանում, սակայն, մոռացել են, որ այդ հնարավորությունից իրենք զրկված են օրենքով։
Լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը առանձնացրել է օրենքի այն դրույթները, որոնք հստակ սահմանում են, որ Երևանի ավագանու նիստերը հրապարակային են։

Մասնավորապես «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի Հոդված 16-ը սահմանում է.

8. Համայնքի ավագանու նիստը հրապարակային է:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք

Հոդված 6

Երևանում տեղական ինքնակառավարման հետ կապված՝ սույն օրենքով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին:

Հոդված 29.

4. Ավագանու նիստը հրապարակային է:

7. Ավագանու նիստերին քաղաքապետի կամ ավագանու խմբակցությունների հրավերով կարող են մասնակցել, ելույթներ ունենալ և պատասխանել հարցերին նաև այլ անձինք: …

Երևանի ավագանու կանոնակարգը ևս սահմանում է, որ ավագանու նիստը հրապարակային է, և որ ավագանու նիստերին, քաղաքապետի կամ խմբակցությունների հրավերով, կարող են մասնակցել, ելույթներ ունենալ, հարցերին պատասխանել նաև այլ անձինք:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ քաղաքապետարանը սխալ ճանապարհով է գնում։ Այն, ինչ նախատեսում է անել քաղաքապետարանը, նախատեսված է պետական մարմինների համար։ «Եթե Ազգային ժողովը կամ կառավարությունը մի կարգ է ընդունել, համաձայն որի՝ նիստերը հեռարձակվում են, և լրագրողները կարողանում են նիստին հետևել կողքի սենյակից մոնիտորի միջոցով, ապա ՏԻՄ մարմինների համար այլ բան է նախատեսված օրենքով։ Այն նորմատիվ իրավական ակտերը, որոնք ընդունվում են այս մասով, փաստորեն հակասում են օրենքին։ Իսկ եթե քաղաքապետարանը ուզում է նոր ձևով՝ նիստերը փակ անցկացնելու միջոցով աշխատել, պետք է օրենքը փոխի։ Հակառակ պարագայում նորմատիվ իրավական ակտերը չեն բխում օրենքից»,- ընդգծեց Մելիքյանը։

Եվ հետո, մեր զրուցակցի խոսքով, ՏԻՄ մարմինները իրենց էությամբ պետք է շատ ավելի բաց լինեն, շատ ավելի բաց աշխատեն, քան, ասենք, կառավարությունը կամ ԱԺ-ն։ Եվ մինչև հիմա հենց այդպես էլ եղել է։ «Այլ բան է, որ այսօրվա քաղաքապետարանը չի ուզում, որպեսզի քաղաքապետարանում տիրող բարքերը, խնդիրները հասու լինեն հասարակությանը։ Բայց հասարակությունը պետք է իմանա այն ամենը, ինչ կատարվում է ՏԻՄ մարմնում։ Հասարակությունը պետք է իմանա, որ քաղաքապետարանի աշխատասենյակներում ոչ թե աշխատանք է կատարվում, այլ ժամանց է կազմակերպվում, թղթախաղ են խաղում։ Բնական է, որ այս ամենը բացասական է բնութագրում քաղաքապետարանին, որը ձգտում է փակել այդ ամենը։ Մյուս կողմից, սակայն, չպետք է մոռանալ, որ գոյություն ունի Տեղեկատվության ազատության մասին օրենք, Զանգվածային լրատվության մասին օրենք, որը լրագրողի և լրատվամիջոցի սուրբ պարտականությունն է համարում հասարակությանը օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելը»,- հավելեց ԽԱՊԿ նախագահը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728