ԱԻ ԱԻՄ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 թ.-ի ԸՆՏՐՈՒԹԵԱՆ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ
(Ընդունուած է ԱԻՄ Նախագահութեան 2017 թ.-ի փետր. 22-ի նիստում)
Հայաստանի իշխանութիւնները (մասնաւորապէս Կենտրոնական Ընտրական Յանձնաժողովը եւ մասամբ Ազգային ժողովն ու գործող նախագահը) արդէն կոպտօրէն խախտել են Հայաստանի սահմանադրական կարգը։ «Նոր սահմանադրութեան» մէջ ասուած է, որ մինչ «նոր սահմանադրութեան» ամբողջ ծաւալով ուժի մէջ մտնելը գործում է 2005 թ,-ի սահմանադրութիւնը։ Դա նշանակում է գործող նախագահի ժամկետի աւարտից առաջ ԿԸՅ-ը պէտք է նախապատրաստէր յաջորդ նախագահի ընտրութիւնները։
Եթէ որոշ դրոյթներ ու բաժիններ «…ուժի մէջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կոմից իր պաշտոնի ստանձնման օրը» եւ «Մինչ այդ շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները» (ԳԼ. 16, յօդուած 209, մաս 6), ապա համապատասխան, այսինքն՝ ՀՀ նախագահին վերաբերող 2005 թ-ի սահմանադրական դրոյթներից պիտի յիշենք հետեւեալը.«Հոդված 51. Հանրապետության Նախագահն ընտրվում է Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված կարգով։ Հանրապետության Նախագահի ընտրությունը անցկացվում է նրա լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ»։
Եթէ ընդգծում են, որ «մինչ այդ շարունակում են գործել… համապատասխան դրոյթները», ուրեմն Հայաստանում պիտի ընտրութիւններն արդէն նախաձեռնուած լինէին։ Չի կարող նորընտիր ԱԺ-ն հանրապետութեան նախագահ ընտրել, որովհետեւ նախագահ ընտրելու աժ իրաւասութեան դրոյթն ուժի մէջ է մտնելու նորընտիր հանրապետութեան նախագահի կողմից իր պաշտօնի ստանձնման օրը։
Եթէ ԱԺ-ն նախագահ նշանակել-ընտրելու համար կեղծիքներով ու այլընտրանքի մերժումով ընդունուած սահմանադրութիւնը խախտի , նշանակում է կը խարխլի հայկական պետականութեան հիմքերի հիմքը։ Իսկ եթէ ԱԺ-ն հաւատարիմ մնայ մեծագոյն կեղծիքներով ընդունուած, քաղաքացիներին իրաւազրկող սահմանադրութեանը, ապա պիտի պաշտօնանկ ճանաչի նախագահին եւ կազմակերպի նախագահի համաժողովրդական ընտրութիւններ։ Նոր նախագահի ընտրութիւններից եւ երդմնակալութիւնից յետոյ կարող է միայն ամբողջութեամբ գործել այս «նոր սահմանադրութիւնը»։
ԱԻՄ նախագահութեան անունից՝ ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆԵԱՆ (ԱԻՄ Գլխաւոր Քարտուղար)