Լրահոս
Օրվա լրահոսը

Փակուղային տարբերակ

Փետրվար 23,2018 10:13

Փետրվարի 14-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքում տեղի ունեցավ ողբերգություն: 19-ամյա Նիկոլաս Կրուզը դպրոց մտավ հրացանով, սպանեց 17 հոգու, վիրավորեց տասնյակից ավելի մարդու՝ հավանաբար վրեժ լուծելով, որ իրեն հեռացրել էին դպրոցից՝ կարգապահական կանոնները խախտելու համար:

Ինչպե՞ս կարելի է կանխել կամ, համենայնդեպս, նվազեցնել նման հանցագործությունների թիվը: Առաջին բանը, որ մտքովս անցավ, անհրաժեշտ է խստացնել հրազենի վաճառքի կանոնները: Բայց երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տրամաբանությունը ճիշտ հակառակն է: Ըստ նրա՝ պետք է զենք բաժանել նաեւ ուսուցիչներին, սովորեցնել նրանց տիրապետել զենքին, որպեսզի նրանք ցանկացած նման հարձակման ժամանակ կարողանան դիմադրություն ցուցաբերել:

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ճակատամարտեր են տեղի ունենալու զինված աշակերտների եւ զինված ուսուցիչների միջեւ, եթե նրանց շարքերում հայտնվեն ոչ ադեկվատ մարդիկ: Իսկ այդպիսի մարդիկ, իհարկե, կան ցանկացած երկրում եւ բոլոր հասարակություններում: Եվ այդ «հարձակման-պաշտպանության» մենամարտում հաստատ հաղթելու է ոչ թե նա, ով ավելի արդար է, այլ նա, ով ավելի ահեղ զենք ունի: Եվ ի՞նչ է տվյալ դեպքում նշանակում «հաղթել»: «Հակառակորդ» կողմից ավելի շատ մա՞րդ կոտորել:

Աշխարհի մոդելը, որը հիմնված է ուժային հակադրության, անվերջ մրցակցության, թույլին մշտապես ճնշելու վրա, այդ մոդելն, իմ կարծիքով, իրեն սպառել է: Ինչի՞ց է դա երեւում: Դե, իհարկե, այդ նույն աշխարհի վիճակից, որտեղ ամեն վայրկյան հակամարտություններ են բռնկվում, եւ պայթյուններ են որոտում: Եվ խնդիրը միայն իսլամական ֆունդամենտալիզմը չէ: Նիկոլաս Կրուզը հաստատ ֆունդամենտալիստ չէ: Բայց նրան եւ «շահիդի գոտի» կապած մահմեդական երիտասարդին միավորում է մեկ համոզմունք՝ խնդիրը հնարավոր է լուծել վրեժխնդրությամբ, ուժով, ինչ-որ մենամարտում «հաղթելով»: Եվ դրանում համոզված են աշխարհի հզորները, այդ թվում՝ ԱՄՆ նախագահը:

Մի քանի դար շարունակ մեզ համոզում են, որ մրցակցությունը զարգացման հիմքն է: Ես, ճիշտն ասած, սկսել եմ դրանում կասկածել: Եթե այդպես լիներ, 1945 թվականին մրցակցության մեջ մտած «սոցիալիզմն» ու «կապիտալիզմը» կզարգանային: Բայց դրանք, մտնելով անիմաստ մրցավազքի մեջ, այդ թվում՝ սպառազինությունների, իրականում խիստ դեգրադացվեցին՝ անկախ այն հանգամանքից, որ առաջինը, կարծես թե, պարտվեց, իսկ երկրորդը հաղթեց: «Հաղթած» երկրում զինված պսիխոպատները օրը մեջ սպանդ են կազմակերպում:

Մարդկանց զինաթափելու փոխարեն զինել նրանց, դարձնել ավելի վտանգավոր եւ անկանխատեսելի՝ դա վաղուց արդեն «փորձարկված» փակուղային տարբերակ է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Բացարձակ արժեքներ չեն լինում, դա օրենքի նման բան է՝ օրենքը կարող է լավը արդարը լինել, բայց այն գործող չլինել, այսինքն՝ արդարությունն այնքան գործող է, որքան ուժ ունի իր մեջքին, մեր դժբախտությունների պատճառը այս վերջին երկու հազարամյակում նրանումն է, որ միամիտ հավատալով, որ հերիք է կատարել ինչ որ պատվիրաններ՝ իբր թե աստծո պատվիրաններն են դրանք եւ ամենազոր աստված մեզ կազատի ամեն փորձանքից, դա գործում է միայն այն դեպքում, երբ քո թշնամիներն էլ են այդ պատվիրաններով շարժվում, իսկ ուժը բոլոր կրոններն էլ որպես պատվիրան ընդունում են: Ո՞ւր էր մեր տերտերները արդար ուժ քարոզեին, այդ սիրուն պատվիրանների պաշտպան ուժեղ ասպետներ դաստիարակեին, ստիպեին մեր թշնամիներին մեր կրոնին հետեւեին, եթե հայ կրոն լիներ, դա հաստատ կաներ: Իսկ մեր տերտերների ուժը, ինչպես նաեւ մեր ախմախ կառավարությունների ուժը միայն իր ժողովրդի վրա է պատում: Չնայած համոզված եմ, որ բոլորս էլ հայ ենք, մի քիչ մեր հերոս զինվորի մակարդակն ունենանք՝ մեր դեմ խաղ չկա:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728