Լրահոս
Օրվա լրահոսը

Զարթոնք եղավ, երազանքն էլ իրականություն կդառնա

Փետրվար 23,2018 12:00

Մեզ անհրաժեշտ են ներքին հաղթանակներ՝ հանուն Հայաստանի ու Արցախի

Ալիեւի ռազմաշունչ հայտարարություններին, միջազգային հանրության ավանդական՝ «բալանսավորված» դիրքորոշումներին իրապես պատասխան տվեց Արցախը, որտեղ, ի տարբերություն Հայաստանի իշխանությունների՝ ըստ արժանվույն նշեցին Ղարաբաղյան շարժման 30-ամյակը:

30 տարի առաջ ես դպրոցական էի, բայց ծնողներս հաճախ էին ինձ հանրահավաքների տանում: Իհարկե, բնապահպանականից անկախականի փոխված Համաժողովրդական շարժման քաղաքական պահանջների իմաստն այն ժամանակ այդքան էլ չէի ընկալում, սակայն հստակ հիշում եմ մի շարք կարեւոր այլ դրվագներ՝ «Ղարաբաղը մերն է», «Միացո՛ւմ, միացո՛ւմ», «Պայքար, պայքար մինչեւ վե՛րջ» բացականչությունները, լուսավոր ու ջերմ մթնոլորտն ամենուր, հացադուլավորներին, եռուզեռը՝ Երեւանում տեղի ունեցող հանրահավաքների շուրջ, մեր տանը՝ հյուրերի հետ մինչեւ կեսգիշեր ծնողներիս բուռն քննարկումները, որոնց աղմուկից քնել չէր հաջողվում, «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թողարկումների պարտադիր ունկնդրումները (հստակ չեմ հիշում որ թվականից սկսած, բայց բոլոր հաղորդավարների անունները, նրանց ձայնն ու հաղորդումների արանքում երաժշտական դադարները մինչեւ հիմա գլխումս են):

Դեռ այն ժամանակ իմ պատկերացմամբ՝ Հայաստանի ու Ղարաբաղի համար կարեւոր իրադարձություններ էին տեղի ունենում, որոնց մասնակցում էր ամբողջ հայ ժողովուրդը, բայց այն ժամանակվա իշխանությունները չէին ընդունում ժողովրդի պահանջները, այդ իսկ պատճառով դարձել էին ժողովրդի ծաղրի առարկա: Օրինակ՝ այդ ծաղրական վերաբերմունքը իմ շրջապատի տարեցների մոտ նկատում էի Միխայիլ Գորբաչովի նկատմամբ, որին ես շատ լավ եմ հիշում, նույնիսկ նրա գեղջկական ռուսերենը:

Հիշում եմ «Շարժման տղաներին»՝ Ղարաբաղ կոմիտեի անդամներին եւ հարթակից հանդես եկող մյուս հռետորներին, որոնց վստահում, անվերապահ ընդունում էր ժողովուրդը, պարզորոշ հիշում եմ նրանց՝ ծափողջույններով զուգորդված ելույթները, ու չգիտակցելով, թե ինչ կարեւոր թեմաներ են նրանք շոշափում իրենց ելույթներում՝ ես էլ էի նրանց սիրում, ինչպես ծնողներս ու բոլորը:

Տարիներ անց արդեն գիտեի, որ ընտանիքս, մեր բարեկամները, ընկերներն ու հարազատները՝ բոլորս Համազգային շարժման էինք մասնակցել, Ղարաբաղի ազգային-ազատագրական պայքարի համար էինք ոտքի կանգնել, ու դա անարյուն հեղափոխության իսկական դասական օրինակ էր:

Արդեն Ղարաբաղյան պատերազմի տարիներին, երբ մի քիչ ավելին էի հասկանում, քան 1988-ին ու 90-ականների սկզբին, տեսնում էի, որ դժվար տարիներ են Հայաստանի ու Ղարաբաղի համար, բայց մեր շրջապատում չկային Հայրենիքից խռոված եւ Հայրենիքն ամեն գնով լքելու պատրաստ ու մեզ՝ «հարիֆներիս» խելք սովորեցնողներ, որոնց պակասն այսօր չի զգացվում:

Հիմա հասկանում եմ՝ եթե չլինեին մինչեւ 1994 թվականի ռազմական ու դիվանագիտական հաջողությունները, գուցե չլիներ Հայաստանի Հանրապետությունը, չլիներ այսօրվա դե ֆակտո անկախ Արցախը: Այսօր բոլորը գիտեն, որ Հայաստանն է Արցախի անվտանգության միակ երաշխավորը, այնպես որ, ոչինչ չի փոխվել բարեկամների ու թշնամիների հարցում:

Բայց այսօր ունենք ամենակարեւորը՝ անկախ Հայաստանն ու դե ֆակտո անկախ Արցախը, այսինքն՝ երազանքի իրականացման ճանապարհին ենք: Բայց դեռ ունենք ամուր, համամարդկային արժեքներով առաջնորդվող, ժամանակակից, զարգացած Հայաստան կառուցելու երազանք, որը թվում էր՝ 1991-ից քիչ անց կիրագործվի: Մենք հաղթեցինք ռազմի դաշտում, արտաքին թշնամուն, հակառակորդին 1994-ին զինադադար պարտադրեցինք ու…

Ինչպե՞ս ենք օգտվել ամուր, հզոր ու զարգացած Հայաստան կառուցելու հնարավորությունից երեք տասնամյակ… Վստահաբար, յուրաքանչյուրը 1-ից մինչեւ 100 խնդիր ու կորսված հնարավորության օրինակ կարող է մատնանշել:

Ամենաէականը, իմ պատկերացմամբ, սակայն, հետեւյալի գիտակցումն է՝ Հայաստանի անկախության, պատերազմի ու Ղարաբաղի ազատագրման հաղթանակները կարող ենք մսխված համարել, եթե կորցնենք Արցախը:

Իսկ Արցախը կարող է պահել ամուր Հայաստանն ու Հայաստանի Հանրապետության ինքնավստահ քաղաքացին, իսկ ՀՀ ինքնավստահ քաղաքացի ունենալու համար անհրաժեշտ են ներքին հաղթանակներ՝ հանուն Հայաստանի ու Արցախի եւ հանուն Հայաստանի ու Արցախի քաղաքացիների:

Ղարաբաղյան շարժումն ազգային արժանապատվության պայքար էր, հետեւաբար մենք այդ պայքարն արժանապատվորեն պետք է ավարտին հասցնենք:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 22.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728