Կառավարությունն օրերս հաստատեց սպանդանոցային մորթի անցնելու ոլորտներն ու ժամանակացույցը, համաձայն որի՝ այս տարվա հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունում թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը պարտադիր է: Ի՞նչ է դա մեզ տալու, եւ արդյո՞ք բոլոր կողմերն են պատրաստ դրան, ի՞նչ է իրենից ներկայացնում ձեւ 5 անասնաբուժական փաստաթուղթը: Եթե գոյություն ունի 5 ձեւը, ինչի՞ համար են պիտակները: «Առավոտի» այս հարցերին պատասխանեց գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:
Պարոն Մկրտչյանի խոսքով՝ «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո կառավարությունը հաստատեց արդեն կոնկրետ ժամանակացույցը, թե որ օրվանից մեր երկրի ե՛ւ պետական գնումների շրջանակում, ե՛ւ իրացման ցանցում, ե՛ւ հանրային սննդի օբյեկտներում, ե՛ւ տեղական միս վերամշակող կազմակերպություններում պետք է իրացվի բացառապես սպանդանոցային ծագման տեղական թարմ միս. «Ժամանակացույցով՝ պարտադիր պահանջը բոլոր ոլորտների համար ու հանրապետության ամբողջ տարածքում հուլիսի 1-ից է ուժի մեջ, եւ մենք հույս ունենք, որ մինչ այդ հանրապետությունում կստեղծվեն սպանդանոցային այնպիսի կարողություններ, որ ապահովված լինենք դրանց անհրաժեշտ քանակով: Դա մեզ կենդանական ծագման մթերքի նկատմամբ հսկողության անհամեմատ մեծ հնարավորություն է տալու, ինչն էլ իր հերթին կբարձրացնի անվտանգության մակարդակը, կապահովի հետագծելիությունը՝ հատկապես, եթե հաշվի առնենք անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթի՝ անասնաբուժական ձեւ 5 վկայականի եւ դրա պիտակի շրջանառությունը»:
Այն հարցին, թե ինչո՞ւ բոլորը միաժամանակ անցում չեն կատարում սպանդանոցային մորթի, պարոն Մկրտչյանը պատասխանեց. «Սա փուլային անցում է, եւ միանգամից դժվար կլիներ բոլորի համար, հատկապես մարզերում: Աշխատանքներն այս ուղղությամբ սկսել ենք անցած տարվանից՝ հանդիպումների, քննարկումների, ծանուցումների միջոցով: Նորմն առաջնահերթ համարվեց նախ այն կազմակերպությունների համար, որոնք մասնակցում են պետական գնումների մրցույթների եւ այդ շրջանակում տեղական միս մատակարարում: Նրանց տեխնիկական բնութագրերում պարտադիր պետք է նշված լինի՝ սպանդանոցային ծագման միս: Այսինքն՝ պետական գնումներն արդեն իսկ ուղղորդվել են սպանդանոցային մսի ձեռք բերման: Հաջորդը միս վերամշակողներն են, հետո՝ հանրային սննդի օբյեկտները, Երեւանի եւ հանրապետության բոլոր իրացման ցանցերը: Փուլային անցումը հնարավորություն է տալիս նաեւ հասկանալ հնարավոր խնդիրները, վերլուծել դրանք եւ առաջ շարժվել, որպեսզի ե՛ւ տնտեսվարողներն անհրաժեշտ ժամանակ ունենան, ե՛ւ սպառողներն իրազեկված լինեն այս անցմանը»: Հետաքրքրվեցինք նաեւ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում ձեւ 5 անասնաբուժական փաստաթուղթը, եւ եթե գոյություն ունի 5 ձեւը, ինչի՞ համար են պիտակները:
«Անցած տարի մենք փոփոխություն կատարեցինք կառավարության որոշման մեջ, եւ այսօր արդեն ունենք հաստատված անասնաբուժական ձեւ N5 փաստաթուղթը, որը տրվում է բացառապես սպանդանոցային մորթից հետո՝ մսի տեղափոխման եւ իրացման համար: Սպանդանոցում մորթից հետո միսը պատշաճ փորձաքննություն է անցնում, այնուհետեւ գրվում է փորձաքննության եզրակացություն, որի հիման վրա էլ տրվում է արդեն անասնաբուժական ուղեկցող ձեւ N5-ը: Այստեղ մենք խուսափում ենք մսի կրկնակի աղտոտումից, որովհետեւ սպանդանոցից միսը դուրս է գալիս արդեն հարմարեցված սանիտարական անձնագրեր ստացած մեքենաներով, որտեղ պահպանվում են ե՛ւ հիգիենիկ պահանջները, ե՛ւ ջերմային ռեժիմը:
Պիտակների ընդունման անհրաժեշտությունն առաջացավ այն հանգամանքից, որ սպանդանոցային մորթից հետո մատակարարը հստակ չգիտի, թե որ հասցեով ինչ քանակի միս է հանձնելու, ուստի իրացման ցանցում տրվում են հաստատված պիտակներ, որոնք փակցվում են տեսանելի վայրում, որպեսզի ե՛ւ սպառողը, ե՛ւ մասնագետ տեսուչները տեղում կարողանան նույնականացնել, թե որ օրվա մորթված միս է, որ համարի անասնաբուժական վկայականով երբ է տեղափոխվել եւ ինչքան»,- պարզաբանեց պարոն Մկրտչյանը` նշելով, որ գործընթացի թափանցիկությունն ու վերահսկելիությունն ապահովելու նպատակով ՍԱՊԾ-ն ներդրել է նաեւ ձեւ N5 տրամադրելու էլեկտրոնային համակարգը: Ինչ վերաբերում է այս համակարգին, ապա մեր զրուցակիցը նշեց, որ տնտեսվարողները կարող են աշխատել ե՛ւ թղթային տարբերակով, ե՛ւ էլեկտրոնային, բայց էլեկտրոնային տարբերակով աշխատելու առավելությունները շատ են. «Այս տարբերակով աշխատելը ե՛ւ տնտեսվարողի համար է հեշտ, ե՛ւ լիազոր մարմնի վերահսկողության: Պատկերացրեք, կան թռչնի մորթ իրականացնող կազմակերպություններ, որոնք օրական կարող են մինչեւ 10.000 թռչուն մորթել՝ այն սպառելով հարյուրավոր իրացման ցանցերում: 100 հատ թղթային տարբերակ լրացնելը, բնականաբար, շատ ավելի աշխատատար է: Էլեկտրոնային տարբերակով տնտեսվարողը, մեկ աշխատող պահելով, դուրս է գրում էլեկտրոնային ձեւ 5 փաստաթուղթը, եւ մենք անմիջապես ծառայությունում եւ մարզային կառույցներում տեսնում ենք, թե որ սպանդանոցում է իրականացվել մորթը, կենդանական ծագման մթերքը որ հասցե պետք է տեղափոխվի: Ծառայությունը պատրաստ է աջակցել բոլոր այն տնտեսվարողներին, որոնք կնախընտրեն աշխատել ձեւ 5 էլեկտրոնային փաստաթղթով, տրամադրել խորհրդատվություն, ծանոթացնել այդ համակարգի աշխատանքին: Արդեն մի քանի անգամ այս մասին քննարկումներ են անցկացվել ոլորտի շահառուների հետ: Ծառայությունը ծածկագրեր է տրամադրում, որի միջոցով կարող են մուտք գործել համակարգ, ինքնուրույն լրացնել եւ տրամադրել ուղեկցող փաստաթուղթը էլեկտրոնային եղանակով՝ արագ, թափանցիկ, առանց լրացուցիչ ծախսերի»:
Հարցրինք նաեւ, թե ո՞վ կամ ի՞նչ կազմակերպություն է հավաստելու, որ կենդանին մինչեւ սպանդանոց հասնելը առողջ է եղել:
«Մենք ունենք նաեւ երկրորդ գլոբալ փոփոխությունը: Շուտով յուրաքանչյուր համայնք կունենա իր հաստիքային անասնաբույժը: Ներկայումս համայնքից դեպի սպանդանոց տեղափոխվող կենդանիների համար տրամադրվում է անասնաբուժական ձեւ N1 ուղեկցող փաստաթուղթը, որը հավաստում է՝ կենդանիները կլինիկապես առողջ են եւ դուրս են գալիս հիվանդություններից զերծ տարածքներից: Վերը նշված ձեւը տրամադրում են համայնքն սպասարկող անասնաբույժները, որոնք աշխատանքային պայմանագրերի հիմունքներով եւ անկախ հանգամանքներից կարող են փոփոխվել: Հաստիքով անասնաբույժների պարագայում մենք արդեն հստակ կիմանանք, որ այդ անասնաբույժն ունի կարգավիճակ, աշխատանքային պայմաններ, համապատասխան որակավորում, մասնագիտական փորձ, արդյունքում նաեւ՝ ավելի մեծ պատասխանատվություն»,- ասաց Հ. Մկրտչյանը:
Մեր այն հարցին, թե որոշ դեպքերում կարելի է նաեւ մորթ իրականացնել բակային պայմաններում, ինչպե՞ս է վերահսկվելու, որ գյուղացին իր բակում գյուղկենդանի չմորթի եւ չվաճառի հարեւաններին, պարոն Մկրտչյանը պատասխանեց. «Դա միանգամից չի կարող լինել, եւ հսկելն է շատ բարդ: Մենք այսօր ունենք 930 բնակավայր, որտեղ ամեն օր կարող է մորթ իրականացվել: Սպանդանոցային մորթի պարագայում, վստահ ենք, բակային մորթի քանակը կտրուկ կնվազի: Սպանդանոցային մորթը պարտադիր է իրացման համար, բայց ծիսակատարությունների եւ իրենց անձնական օգտագործման համար օրենքը չի արգելում, որ մարդիկ բակում մորթեն իրենց պահած կենդանին, եւ իրենք էլ օգտագործեն: Հուլիսի 1-ից սպանդանոցային ծագման մթերքը պետք է ուղեկցվի 5-րդ ձեւով, ինչը մեզ հնարավորություն կտա հսկողություն իրականացնել իրացման ցանցում: Ձեւ 5 փաստաթուղթը հավաստում է, որ միսը սպանդանոցային ծագման է, իսկ դրա բացակայությունն արդեն մեզ համար ազդակ է, որ իրականացվել է բակային մորթ: Նման դեպքերում, բնականաբար, ծառայությունը միջոցներ կձեռնարկի: Սպանդանոցային մորթի անցումն ու ուղեկցող փաստաթղթի նոր ձեւի շրջանառությունը կբերեն նրան, որ մենք կուժեղացնենք հսկողությունը հետագծելիության նկատմամբ՝ աստիճանաբար բացառելով հնարավոր խախտումները: Կարծում եմ՝ անցումային այս փուլում դեռ կլինեն խնդիրներ, եւ դա բնական է. մենք կշարունակենք հետեւողականորեն աշխատել այս ուղղությամբ»:
Սեփ.լր.
«Առավոտ»
22.02.2018