Այսօր ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը Շիրակի մարզի Ախուրյան համայնքից է։
Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ նա տան 3-րդ՝ կրտսեր զավակն էր․ ունի իրենից մեծ քույր և եղբայր։ Հայրը, գյուղապետի տեղեկացմամբ, վաղուց արտագնա աշխատանքի էր գնում Ռուսաստանի Դաշնություն, իսկ մայրը վերջերս էր գնացել հոր մոտ։
«Շատ խելոք, շնորհքով մարդիկ են, գործերը Ռուսաստանի Դաշնությունում նորմալ ընթացքի մեջ են, լսել եմ, որ հայրը սկզբում Յակուտիայում էր, հիմա ասում են, թե Կրասնոդարում են։
Ընտանիքի անդամներից ոչ մեկը գյուղում չէ, թեև իրենք սեփական տուն ունեն գյուղում, բայց, հարազատներից գյուղում բնակվող մարդիկ կան։ Ես դեպքից մանրամասներ չգիտեմ, գիտեմ միայն, որ հակառակորդի դիպուկահարի կրակոցից է մահացել։ Մի քանի ամիս բան էր մնացել Գրիգորի վերադարձին, իրեն բանակ տարան 2016 թվականի հուլիսին։ Դպրոցն ավարտելուն պես բանակ է գնացել»։
Այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանը Գրիգոր Եղոյանին Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ`ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն։
Զոհված զինծառայողին, ամենայն հավանականությամբ, հայրենի գյուղ կտեղափոխեն վաղը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ