Լրահոս
Օրվա լրահոսը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային հիմնական կայանի պատճառով՝ գյուղացու ու գյուղապետի միջեւ վեճ է առաջացել

Փետրվար 22,2018 22:00

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Լոռու մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչ Արտիկ Աղաջանյանը դժգոհում է, ասելով, որ 9 տարի առաջ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն իր տարածքում է տեղադրել բջջային հիմնական կայան, սակայն դրա դիմաց տրամադրվող գումարն այս տարիներին ստացել է համայնքի ղեկավարը:

– Էդ հողամասը ես օգտագործում եմ 1991 թվականից, դրա համար էլ պարտաճանաչ հարկերը մուծում եմ, բայց էդ փողն ուրիշն ա ստանում,- ասում է Արտիկը:

Եղեգնուտի գյուղապետ Միշա Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում, վստահեցրեց, թե նշված կայանը տեղադրված է համայնքային տարածքում. «Հիմա կարող է մեկ ուրիշն էլ գա, ասի` դա իմ տարածքում է գտնվում: 9 տարի է, ու հանկարծ հիշել են, որ դա վճարովի է: Դա էլ վճարվում է պետական բյուջե, դա մասնավոր մարդու չէ, ո՛չ գյուղապետինն է, ո՛չ աշխատակազմինը»:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ Aravot.am-ը փորձեց պարզաբանում ստանալ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից: Ընկերությունից մեզ տեղեկացրեցին, որ բջջային հիմնական կայանի տեղակայման նպատակով, համապատասխան վարձավճարի դիմաց Եղեգնուտ համայնքի վարչատարածքում «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերությանը վարձակալման է հանձնվել 200 ք.մ մակերեսով հողատարածք, եւ որ սույն պայմանագիրը կնքվել է ընկերության եւ համայնքի ղեկավարի միջեւ. «ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Եղեգնուտ համայնքի ղեկավար Միշա Հովհաննիսյանի միջեւ կնքված պայմանագիրը կնքվել է օրենքի պահանջներին համապատասխան, հաստատված է նոտարի եւ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից:

Սեփականության կարգավիճակի ճշգրտմանն առնչվող հարցերի քննարկումը դուրս է ընկերության իրավասության շրջանակներից:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանդիսանում է հեռահաղորդակցության ծառայություն մատուցող ընկերություն, եւ տվյալ հողատարածքն օգտագործում է բուն նպատակի համար՝ վերջինիս վարձակալության դիմաց պարտաճանաչ կերպով վճարելով ամսական վարձավճար»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728