Երևանում «Գյոթե կենտրոն»-ում այսօր կազմակերպվել էր քննարկում՝ նվիրված խորհրդային ճարտարապետական ժառանգության պահպանման խնդրին: Արվեստի քննադատ Ռուբեն Արևշատյանը հարցի շուրջ նախ նշեց, որ հետխորհրդային մի շարք երկրներում ներկայում պահպանվում են խորհրդային ճարտարապետության նշանակալի շինությունները, մի մասում էլ դրանք այնպես են «արդիականացվում», որ անճանաչելի են դառնում:
Ինչ վերաբերում է Հայաստանին, Ռուբեն Արեւշատյանն օրինակով խոսեց. «Հաճախ ենք լրատվամիջոցներից տեղեկանում, որ այս կամ այն հուշարձանին նորից վտանգ է սպառնում: Օրինակ՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը, որի քանդման մասին կրկին խոսում են: Նորից պետք է բարձրաձայնել, որ այն կարեւոր մշակութային արժեք է ոչ միայն Հայաստանի, այլեւ համաշխարհային մակարդակով»:
Ճարտարապետ-քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանն էլ հետեւյալն ընդգծեց՝ վերջին տարիներին քարոզչության մակարդակում խորհրդային մոդեռնիզմը դառնում է հետաքրքրության առարկա. «Այս գործընթացում շեշտադրվում են նշանակալի շենքերը, բայց առաջանում է այն խնդիրը, որ խորհրդային ժամանակաշրջանն ամբողջությամբ չի արժեւորվում»:
Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանն էլ նկատեց՝ անկախության սերունդը հիմնականում անտարբեր է խորհրդային ժամանակաշրջանի ճարտարապետության կարեւորագույն շինությունների հանդեպ. «Հարուստները տարածքներին բիզնես տեսանկյունից են նայում: Կապ չունի՝ վրան ի՞նչ է կառուցված. եթե նրանք տեսնում են բիզնես օբյեկտ՝ սուպերմարկետ, խանութ, արդեն այդպիսի հայացք է ձեւավորում: Այդ տեսանկյունից նման շենքերը նրանց համար դառնում են հուշ, որից պետք է ազատվել, որովհետեւ խանգարում են փող աշխատելուն»:
Մանրամասն քիչ ուշ՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ