Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կարող է զերծ մնալ ԱՄՆ պատժամիջոցներից. Eurasianet.org

Փետրվար 22,2018 22:30

Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանին և մի քանի այլ երկրների զգուշացրել է, որ նրանք պատժամիջոցների սպառնալիքի տակ կհայտնվեն, եթե շարունակեն սպառազինություն գնել Ռուսաստանից: Բայց այդ երկրների շարքն այնքան մեծ է, որ կասկածի տակ է դրվում պատժամիջիցների կիրառման հնարավորությունը, Eurasianet.org-ում գրում է Ջոշուա Կուչերան:

Ռուսաստանը աշխարհի երկրորդ սպառազինություն արտահանող երկիրն է, ուստի տեսականորեն ռիսկի տակ գտնվողների ցանկը շատ մեծ է: Մասնավորապես, ռուսական զենք են գնում հետխորհրդային գրեթե բոլոր երկրները (բացի Վրաստանից և Ուկրաինայից), այդ թվում Հայաստանի հակառակորդ Ադրբեջանը:

Սակայն սպառնալիքը, կարծես թե, առավել մեծ արձագանք գտավ, հենց Հայաստանում, որը մեծապես հենվում է ռուսական զենքի վրա, բայց և ցանկանում է լավ հարաբերություններ պահպանել ԱՄՆ-ի հետ, գրում է Կուչերան:

Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի ավագ փորձագետ Սիեմոն Վեցեմանը կարծում է, որ այդ մասշտաբները դժվարացնում են պատժամիջոցների կիրառումը:

«Վստահ չեմ, թե ինչպես է դա աշխատելու, բայց պետք է դա լինի շատ ընտրովի, դեպքից դեպք սկզբունքով՝ ինչ պարագայում ԱՄՆ-ը կարող է որոշում կայացնել պատժամիջոցներ սահմանել ռուսական զենք ձեռք բերելու համար: Բայց, ամենայն հավանականությամբ, դա կլինի այնպիսի երկիր, որի հետ ԱՄՆ-ը արդեն խնդիրներ ունի, – ասել է Վեցեմանը Eurasianet.org- ի հետ հեռախոսազրույցում: -Այնպես որ, ո՛չ նրա ռազմավարական գործընկերները, ոչ մոտ դաշնակիցները, ո՛չ անգամ հեռու դաշնակիցները չեն լինի այդ շարքում, եթե նրանց հետաքրքրության շրջանակում չլինեն, ուստի Հայաստանը, հավանաբար, ապահով կլինի»:

Արտաքին հարաբերությունների վերլուծաբան Սուրեն Սարգսյանը կարծում է, որ Հայաստանը կարող է ապահով լինել, քանի որ Վաշինգտոնում հասկանում են նրա բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը: «Դա նման է այն իրավիճակին, երբ Իրանը միջազգային պատժամիջոցների տակ էր, եւ ԱՄՆ-ն աչք փակեց Երեւանի եւ Թեհրանի համագործակցության բազմաթիվ կողմերի վրա՝ հասկանալով, որ Իրանը Հայաստանի համար արտաքին աշխարհի երկու միջանցքներից մեկն է, քանի որ այդ երկիրը շրջափակված է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից», – ասել է նա EADaily- ին:

Այնուամենայնիվ, այս անորոշությունը ստիպում է կողմերին գոնե մտածել Ռուսաստանի հետ իրենց գործարքների մասին: «Նախագահը կարող է պատժամիջոցներ սահմանել ցանկացած մեկի վրա, ով զենք է գնում Ռուսաստանից», – Eurasianet-ի հետ զրույցում ասել է Փենսիլվանիայի համալսարանում հետխորհրդային արտաքին հարաբերությունների գծով փորձագետ Միտչել Օրենշտեյնը: – Թրամփը դեռեւս նման պատժամիջոցներ չի կիրառել, եւ դա կասկածներ է առաջացնում ԱՄՆ դաշնակիցների եւ մյուսների մոտ՝ ինչպիսին կարող է լինել Թրամփի քաղաքականությունը: Դա դժվար է հասկանալ»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728