Փետրվարի 22-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Գիորգաձեի հետ։
Նախարար Գիորգաձեն շեշտեց հայ եւ վրացի ժողովուրդների մշակութային դարավոր ավանդույթների և պատմականորեն ձևավորված բազմաթիվ ընդհանրությունների մասին:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին երկկողմ մշակութային համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Խոսելով հայ-վրացական մշակութային համագործակցության մասին՝ կողմերն ընդգծեցին, որ այդ ուղղությամբ գործուն քայլեր են կատարվում և մատնանշեցին երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներից ձևավորված աշխատանքային խմբի ակտիվ գործունեությունը։
Անդրադառնալով պատմականորեն ձևավորված եղբայրական հարաբերություններին՝ դեսպան Սադոյանը նշեց, որ պետք է լուրջ աշխատանք կատարել այն ուղղությամբ, որպեսզի Հայաստանի և Վրաստանի երիտասարդների միջև ևս ակտիվանան փոխշփումները։ Այս համատեքստում կողմերը համակարծիք էին, որ տարբեր ծրագրերի և նախագծերի շրջանակներում պետք է ավելի հաճախակի կազմակերպել փոխայցելություններ, որոնք հնարավորություն կընձեռեն նոր սերնդին նաև ավելի լավ ճանաչել մեր երկրներն ու մշակույթները:
Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն