Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիական հասարակությունը ևս ճգնաժամի մեջ է

Փետրվար 22,2018 20:21

#ԵՊՀՌեստարտ նախաձեռնության առաջին բաց դասախոսությունը տեղի ունեցավ Չարենցի այգում։ Թեման՝ Կրթական համակարգի խնդիրներն էր ԵՊՀ-ի օրինակով և միջազգային փորձը:

Բանախոս Վահրամ Սողոմոնյանը ներկայացրեց կրթության բացերը, մեր սպասելիքները պետությունից և պետության քայլերը՝ դրանց առիթով։

Նախ և առաջ կարևորվեց կրթության որակը ու քննադատական միտքը, որը ինչպես նշեց քաղաքական «Դիսկուրս» (diskurs.am) հանդեսի խմբագրակազմի անդամը՝ չի խրախուսվում մեծամասնության կողմից։ Հաջորդը ակադեմիական ազատությունն էր․ «Մենք գործ ունենք հասարակական պրոցեսների հետ, չենք կարող միայն զբաղվել ծրագրավորմամբ։ Այդ առումով ակադեմիական ազատություն չունենալը խոչընդոտում է գիտության զարգացմանը և միջազգայնացմանը։ Այժմ միջազգայնացումը գլխավոր խնդիր է բուհերի համար։ Եթե դու չես կարողանում ուսանողներին ուղարկել այլ բուհ՝ ուրիշ փորձառություն ստանալու, դու չես կարող նորմալ կրթություն ապահովել»։

Ինչ վերաբերվում է կրթության բովանդակությանը՝ Վահրամ Սողոմոնյանը բերեց տնտեսագիտության օրինակը․ «Այդ առարկան դասավանդվում է տասնամյակներ շարունակ, բայց նույն մեթոդով։ Շատ ուսանողներ ասում են, որ դասավանդված տնտեսագիտության ու ներկայիս շուկայի միջև կապը չեն տեսնում»։

Ինչ վերաբերվում է կրթության զարգացման միտումներին, Հայաստանի պայմաններում դրանք երկուսն են՝ սոցիալական արդարության վրա հիմնված մոտեցումը, որ բոլորը ստանան նույն կրթությունը, և էլիտարացման մոտեցումը։

Իսկ իրավիճակը փոխելու վերաբերյալ բանախոսը հետևյալ առաջարկությունը արեց․ «Ըստ էության շատ կարևոր է, որ գաղափարական խմբեր ձևավորվեն հենց բուհերի ներսում։ Ամբողջ աշխարհում առաջնակարգ բուհերում ճաշարաններում սեղաններին թռուցիկներ են դրված։ Մարդիկ մտածում են հարցերի շուրջ և դրա հետ կապված կոչեր անում, կամ կարծիքը տարածելու ձևեր գտնում։ Առաջին հերթին այլընտրանքային հարթակներ պիտի ստեղծվեն»։

Նա հորդորեց ներկաներին քննադատաբար վերաբերվել ամեն ինչին և հարցադրումներ անել, որովհետև այժմ քաղաքացիական հասարակությունը ևս ճգնաժամի մեջ է։

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728