Լրահոս
Օրվա լրահոսը

Amnesty International-ը անդրադարձել է «Սասնա ծռերի» դատավարությանը և 2017թ. ընտրություններին

Փետրվար 22,2018 19:55

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը վերլուծող տարեկան զեկույց, որում անդրադարձ է կատարվում Հայաստանի խորհրդարանական ընտրություններում և Սասնա ծռերի դատավարության ժամանակ տեղի ունեցած խախտումներին:

Զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ իշխող Հանրապետական կուսակցությունը, թեև ապրիլի 2-ին ձայների մեծամասնություն ստացավ խորհրդարանական ընտրություններում, բայց, ըստ ԵԱՀԿ դիտորդների, այդ ընտրությունները ստվերել են «ձայներ գնելու, քաղաքացիական ծառայողների և մասնավոր ընկերությունների աշխատակիցների վրա ճնշումների մասին հավաստի տեղեկությունները»:

«Նոյեմբերին Հայաստանը և ԵՄ-ը ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, որն իրենից ներկայացնում է համագործակցության առավել մեղմ պայմանագիր, քան Ասոցացման համաձայնագիրն էր, որը 2013թ. Հայաստանի կողմից մերժվեց՝ հօգուտ Ռուսաստանի ղեկավարությամբ գործող մաքսային միության»,- ասվում է զեկույցում:

Զեկույցի հեղինակները նկատում են, որ գրեթե ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկվել 2016թ. հուլիսին Երևանում առավելապես խաղաղ հակակառավարական ելույթների ժամանակ ոստիկանության անհարկի ուժի կիրառման համար, երբ վիրավորվեցին և կամայական ձերբակալությունների ենթարկվեցին հարյուրավոր մարդիկ: Տասնյակ ցուցարարների դեմ հարուցվել է քրեական գործ՝ հասարակական կարգի խախտման և այլ մեղադրանքներով: Իսկ քրեական գործը, որ հարուցվել էր ոստիկանների կողմից լիազորությունների չարաշահումների հիման վրա, մեղադրանքների առաջադրման չհասավ:

2016թ. ոստիկանական գունդը գրաված ընդդիմադիր կազմակերպության անդամները դատարանի առաջ են կանգնել բռնի հանցագործությունների մի շարք մեղադրանքներով, այդ թվում պատանդառություն և ոստիկանության աշխատակիցների սպանություն: Մեղադրյալներից մի քանիսի խոսքով՝ կալանավայրում իրենց ծեծի են ենթարկել, իսկ փաստաբանները հայտնել են, որ իրենց վրա էլ ճնշումներ են գործադրում և նպատակաուղղված կերպով իրենց խանգարում են աշխատել:

Արայիկ Պապիկյանը, Մուշեղ Շուշանյանը, Նինա Կարապետյանցը և այդ գործով այլ պաշտպաններ բողոքել են, որ կալանավայրի ղեկավարությունն իրենց չի թույլատրել այցելել մեղադրյալներին և հանդիպել նրանց հետ կոնֆիդենցիալ պայմաններում, ինչպես նաև անօրինական կերպով իրենցից վերցրել և ոչնչացրել են գործի որոշ նյութեր, որոնք իրենց մոտ են եղել: Մի քանի փաստաբաններ էլ հայտնել են, որ իրենց երկար խուզարկել են դատարան մտնելիս: Այն փաստաբանները, որոնք թույլ չեն տվել իրենց խուզարկել, դատարանի դահլիճ մտնելու թույլտվություն չեն ստացել, ասվու է զեկույցում:

Փաստաբանները պատմել են, որ հունիսի 28-ին 5 մեղադրյալների հարկադրաբար դուրս են բերել նիստերի դահլիճից և տարել նկուղ, որտեղ ոստիկանության աշխատակիցները նրանց ծեծի են ենթարկել, մինչ ընթանում էր դատավարությունը: Բանտի հիվանդանոցի անձնակազմը նրանց մոտ հայտնաբերել է կոշտ վերաբերմունքի հետքեր, այդ թվում կապտուկներ դեմքին և ոտքերին: Ոստիկանները պնդում են, որ մեղադրյալներն իրենք են իրենց մարմնական վնասներ հասցրել, երբ, որպես բողոքի նշան, գլխով և ոտքերով հարվածել են պատերին ու պատնեշներին: Տարեվերջի դրությամբ քննություն էր ընթանում ծեծի ենթարկելու և փաստաբաններին ճնշելու պնդումների հիման վրա:

Հունվարին վերսկսվեցին դատական լսումները «Վելես» հասարակական կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Մարինա Պողոսյանի գործով, որը հայտնի է իշխանության մեջ կոռուպցիայի դեպքերի բացահայտումներով և իրավական աջակցություն է ցուցաբերում այն մարդկանց, ում իրավունքները խախտվել են: 2015թ.՝ այն բանից հետո, երբ նա պետական մարմինների նախկին աշխատակիցներին մեղադրեց փողերի լվացման մեջ, նրա դեմ գործ հարուցվեց շորթման մեղադրանքով: Տեղի իրավապաշտպաններն այդ դատական հետապնդումը կապում են նրա գործունեության հետ: Ապրիլի 30-ին Մարինա Պողոսյանը հայտնեց, որ իր անունով կեղծ հաշիվ է բացվեց Facebook-ում, որից իր ընկերներին ուղարկվում են սեռական բնույթի նկարներ ու հոլովակներ՝ իր հեղինակությունը փչացնելու համար:

Ապրիլին խորհրդարանական և մայիսին Երևանի ավագանու ընտրությունները և դրանց ընտրական արշավները աչքի են ընկել առանձին դեպքերում ուժի կիրառմամբ լրագրողների և այն անձանց նկատմամբ, որոնք փորձել են հայտնել խախտումների մասին, ասվում է զեկույցում: Այսպես, ապրիլի 2-ին Երևանի Կոնդ թաղամասում հարձակում է իրականացվել երկու լրագրողների նկատմամբ, որոնք Հանրապետական կուսակցության ընտրական շտաբում ստուգում էին ձայներ գնելու մասին պնդումները: Կուսակցության կողմնակիցները թղթակիցներից խլել են նկարահանման սարքավորումները, որոնցով նկարել էին շտաբից դուրս եկող մարդկանց: Տարեվերջի դրությամբ միջադեպի քննությունը դեռ չէր ավարտվել:

Ռասայական խտրականության չեզոքացման կոմիտեն մտահոգություն է հայտնել, որ տվյալներ չկան փոքրամասնությունների, փախստականների և ապաստան խնդրողների տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին: Կոմիտեն նաև նկատել է, որ տեղեկատվություն չկա ոչ մեծ ազգային փոքրամասնությունների՝ բոշաների ու մոլոկանների մասին, և խնդրել է իշխանություններին տվյալներ հավաքել տնտեսական և սոցիալական ցուցանիշների մասին՝ ըստ ազգության, քաղաքացիության և ծագման:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728