ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի պրոռեկտոր։
Aravot.am-ի հետ զրույցում նախկին պատգամավորն ասաց․ «Շատ լավ եմ զգում ինձ այս պաշտոնում, որովհետև ես վերջին 10 տարին զբաղվել եմ մանկավարժական աշխատանքով։ Գիտեք, որ աշխատել եմ այս բուհում՝ որպես դասախոս, հիմա ծանրաբեռնվածությունը մի քիչ ավելի է շատացել և ավելի հաճելի է։ Լավ եմ զգում և կարծում եմ, որ ի օգուտ նաև համալսարանի է»։
Aravot.am-ի դիտարկմանը՝ մի՞ թե ավելի հաճելի է, քան Ազգային ժողովում, Սուքիաս Ավետիսյանն ասաց․«Համեմատության տարբեր մակարդակներ են, Ազգային ժողովում այլ աշխատանք է, բայց բուհն էլ այլ հետաքրքրություն ունի»։
Հիշեցնենք, որ 1999 թվականից անընդմեջ պատգամավոր ընտրված ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններում ընդամենը 1140 ձայն էր հավաքել։ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում նրան հատկացրել էին ոչ անցողիկ տեղ․ զբաղեցնում էր 171-րդ տեղը, թեև ՀՀԿ -ի կողմից Շիրակի մարզի թիվ 11 ընտրատարածքում առաջադրվել էր նաև վարկանիշային ընտրակարգով: Այդ ընտրատարածքից հաղթել էին ՀՀԿ-ի երկու վարկանիշային թեկնածուներ՝ Արման Սահակյանն ու գեներալ Ֆելիքս Ցոլակյանը:
Ընտրություններից անմիջապես հետո պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե ինչո՞վ է զբաղվելու, Սուքիաս Ավետիսյանն ասել էր․ «Էս ազատ աշխարհում ամեն ինչով էլ կարելի է զբաղվել: Ինչի՞ պիտի աշխատանք չունենամ, ի՞նչս է պակաս»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ