Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլայ Դալլաքյան. « Չեմ կարծում, թե սա այն համահայկական հարցն էր. երեխայի մոտ ալերգիկ ռեակցիա էր»

Փետրվար 22,2018 17:25

«Սուրբ Աստվածամայր» մանկական հիվանդանոցից դուրս գրվելուց հետո 3 ամյա փոքրիկի ձեռքին վերքեր են առաջացել: Փոքրիկի մայրը՝ Արմինե Եղիազարյանը երեկ ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղադրել էր երեխայի լուսանկարներն ու հայտարարել, որ երեխայի ձեռքի վնասվածքը կատետրի սխալ տեղադրման հետեւանք է. «Մենք ընդամենը բուժվել ենք Ծերեթելի հիվանդանոցում, սա կատետրի հետեւանքն է` 2րդ կարգի այրվածք, սա անփութության հետեւանքն է, սա անմարդկության հետեւանքն է 2 տարեկան տղայիս նկատմամբ. Վերջին 2 օրը ասում էի` փոխեք կատետրը, ասում էին` նորմալ ա, բան չկա»:

Հիվանդանոցի գլխավոր տնօրեն եւ Երեւան քաղաքի գլխավոր մանկական վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյանն Aravot.am-ի հետ զրույցում այս խնդրի առնչությամբ ասաց, որ քիչ առաջ այդ ծնողն իր երեխայի հետ իր մոտ է եղել. «Ինքն էլ զարմացել էր, որ նման աղմուկ է բարձրացել, ու լրատվամիջոցներն այդպես արձագանքում են: Չեմ կարծում, թե սա այն համահայկական հարցն էր, որ բոլորին միայն սա է մտահոգում»:

Սակայն նշենք, որ մայրը ֆեյսբուքյան իր գրառումում նաեւ գրել էր՝ «Ինձ չեմ կարողանում ներել, որ իրանք անպատիժ են մնալու, որ երեխայիս չպաշտպանեցի, որ չպնդեցի փոխեն, որ ինքս չպոկեցի էդ կատետրը….»:

Դալլաքյանը վստահեցրեց, որ երեխայի ձեռքի վնասվածքը լուրջ բան չէ, ալերգիա է եղել, բայց ոչ կատետրից .«Ես նայել եմ ու որպես մանկական վիրաբույժ եմ ասում՝ կա մակերեսային, այսինքն՝ մաշկի կոնտակտային բորբոքում, որը պայմանավորված է եղել ոչ թե երակի մեջ տեղադրված բուն կատետրով կամ երակի բորբոքման կամ դեղի ենթամաշկային ներմուծմամբ, այլ այդ կպչուն սպեղանիով, որ կատետրն է պահում երակի մեջ: Կատետրը 3 օր նորմալ գործել է, երեխան բուժվել է, ու երբ դուրս գրվելիս է եղել, սպեղանին, որ պոկել են՝ տակից եղել է նման բորբոքում: Մի քանի օր համապատասխան բուժումից հետո վերքը լրիվ հետ կզարգանա»:

Մեր այն դիտարկմանը, որ մայրը երբ նկատել է, որ երեխայի ձեռքին վերք է առաջանում՝ խնդրել է փոխել կատետրը, ինչը չեն արել, եթե փորձեին փոխել, գուցե նկատեին, որ բորբոքվում է մաշկը, Դալլաքյանն այսպես պատասխանեց. «Դա սպեղանու տակ է եղել, եւ կրկնեմ՝ մաշկի ալերգիկ ռեակցիան է՝ սպեղանու սոսնձից: Ապշում եմ, որ սա դարձել է այսպիսի համահայկական քննարկման առարկա: Իսկ որ տասնյակ հազարավոր գոհ ու երախտապարտ մարդիկ են լինում՝ չեք գրում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728