Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Ղազարյան. Մեդիայի դերն ու կիրառությունը երիտասարդական-քաղաքացիական նախաձեռնություններում

Փետրվար 22,2018 16:52

Արման Ղազարյան

Ժողովրդավարության X դպրոցի շրջանավարտ

«Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ նախագահ

 

«Մի անգամ առնետը հարցնում է «խոմյակին».

-Լսիր, ինչու՞ են մարդիկ ինձ տեսնելիս ձեռքն ընկած իրերով փորձում սատկացնել, իսկ քեզ պահում են իրենց տանը, հերիք չէ, տակդ չոր խոտ են փռել ու ամեն օր կերակրում են շաքարով:

-Իմ PR-ն ավելի լավն է…»

Այս անեկդոտը բացահայտում է մի պարզ իրողություն. իրերին ու երևույթներին մենք նայում ենք սեփական պարադիգմի տեսանկյունից, որը մեր օրերում, մեծ մասամբ, ձևավորվում է մասսմեդիայի միջոցով: Եթե փոքր-ինչ ձևափոխենք «Դու այն ես, ինչ ուտում ես» հայտնի արտահայտությունը, վստահաբար կարող ենք ասել, որ մենք այն ենք, ինչ կարդում, տեսնում ու լսում ենք ամեն օր:

Այս տեսանկյունից վերլուծելով վերջին տարիներին Հայաստանում իրականացված երիտասարդական-քաղաքացիական նախաձեռնությունների վերաբերյալ մասսմեդիայում հայտնված ինֆորմացիոն հոսքերը՝ կարող ենք նկատել, որ վերջիններս միշտ չէ, որ օբյեկտիվորեն են ներկայացրել այդ նախաձեռնությունների բնույթն ու նպատակները: Պատճառներից կառանձնացնեմ 2-ը.

1.Ակնհայտ հակաքարոզչություն, որն իրականացվում է հիմնականում իշխանական ազդեցության ներքո գտնվող լրատվամիջոցների կողմից

2.Քաղաքացիական նախաձեռնությունների կողմից իրականացված ոչ արդյունավետ տեղեկատվական արշավներ:

Բաց թողնելով առաջինը, որը մեր ազդեցության տիրույթից դուրս է գտնվում, ես կցանկանայի առանձնապես կենտրոնանալ հետևյալ հարցի վրա. ի՞նչ անել, որպեսզի քաղաքացիական նախաձեռնությունները Հայաստանում լայն արձագանք ստանան՝ կիրառելով ժամանակակից մեդիա գործիքները: Ներկայացվող խնդիրները նկատելի են եղել հայաստանյան տարբեր նախաձեռնությունների ժամանակ, սակայն ես դրանք կներկայացնեմ ոչ անձնավորված՝ նպատակ ունենալով ոչ թե քննադատել կամ գովաբանել որևէ մեկին, այլ բարձրացնել հարցեր, որոնց շուրջ արժե մտածել:

Առաջինը, որ կցանկանամ առանձնացնել, նախաձեռնության կողմից նպատակների, խնդիրների ճշգրիտ սահմանումն է, դրա շուրջ թիմում համաձայնության գալն ու դրանց ուղղված ինֆորմացիոն «մեսիջների» որոշումը: Եթե թիմում թեկուզև 2 հոգի միմյանցից տարբերվող մեսիջներ են հղում լրատվամիջոցներով, դա թուլացնում է ինֆորմացիայի ազդեցությունը լսարանի վրա:

Հստակ ասելիքի սահմանումից հետո պետք է որոշել լսարանը, որին հիմնականում ուղղված է ինֆորմացիան: Լսարանի սահմանումն օգնում է որոշել թիրախային լրատվամիջոցներին, որոնց միջոցով և պետք է իրականացվի ինֆորմացիայի փոխանցումը: Անհնար է սահմանափակ ռեսուրսներով համագործակցել բոլոր ԶԼՄ-ների հետ, պետք է ընտրություն կատարել:

Հաջորդ գործոնը, որը պետք է հաշվի առնել, ինֆորմացիայի վերջնական նպատակն է. ի՞նչ արդյունքի ենք մենք ցանկանում հասնել, լսարանի մոտ գիտելիքի, կարծիքի, վերաբերմունքի, թե՞ վարքագծային փոփոխության ու կոնկրետ գործողությունների կատարման (մասնակցություն բողոքի ակցիաներին, երթ և այլն):

Անչափ կարևոր է, որ նախաձեռնության կազմում լինի առանձնացված մասնագիտական խումբ, ով, անմիջական կապ ունենալով նախաձեռնության լիդերների հետ, կհամակարգի ինֆորմացիայի տարածման գործընթացները և կապահովի քաղաքացիների հետ անմիջական կապը (feedback): Այս նույն խմբի կողմից պետք է իրականացվի լրատվամիջոցներում նախաձեռնության վերաբերյալ տեղ գտած ինֆորմացիայի պարբերական մոնիթորինգ և վերլուծություն, հայտնաբերված բացասական ինֆորմացիայի պարագայում, եթե դրանք արժեք ու կշիռ ունեն, անպայման պետք է լինի հակադարձում և «չեզոքացում»:

Խնդրահարույց գործոններից մեկն էլ, որը բնորոշ է հայաստանյան նախաձեռնություններին, սեփական լրատվության պատրաստման համար տեխնիկական միջոցների և հատկապես տեսալսողական բովանդակության պատրաստման համար համապատասխան մասնագետների բացակայությունն է: Այս նպատակով կարելի է համագործակցել մասնագիտական երիտասարդական կազմակերպությունների, ինչպես նաև որոշակիորեն համախոհ կամ պոտենցիալ գործընկեր լրատվամիջոցների հետ՝ ստեղծելով և տարածելով սեփական բովանդակությունը:

Որպես ամփոփում՝ պետք է մեծ ուշադրություն դարձնել հատկապես ժամանակակից սոցիալական մեդիային, քանի որ վերջինս, ի տարբերություն «ավանդական» մեդիայի, հնարավորություն է տալիս սահմանափակ ռեսուրսներով տեսանելի արդյունքների հասնել: Թեպետ Facebook սոցիալական ցանցն ամենաշատ կիրառվող մեդիահարթակներից է, սակայն պետք չէ միայն դրանով սահմանափակվել, բավականին ազդեցիկ գործիքներ են նաև Twitter-ը, YouTube-ը, Instagram-ը, կախված լսարանից, ինչու չէ նաև Odnoklassniki.ru-ն: Լրատվամիջոցների դիվերսիֆիկացիան միայն կավելացնի լսարանի ընդգրկումն ու ինֆորմացիայի ազդեցությունը:

«Անվտանգություն, ժողովրդավարություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728