Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրենի լեզվի կաճառը դեռեւս փակ է

Փետրվար 22,2018 16:00

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված Մայրենի լեզվի օրվան նվիրված միջոցառումները համայն հայության կողմից շարունակվում են ողջ աշխարհում՝ կարևորելով մեր ազգային ժառանգության մեծագույն գանձի՝ հայոց լեզվի, հայի ինքնության ու ազգային միաբանության առաջնային գրավականի և հայապահպանության հիմնասյան, ուծացման վտանգի դեմ զորեղ վահանի դերը սփյուռքում: Մինչդեռ մայրենի լեզվի պահպանման գործում անգնահատելի ավանդ ունեցած պատմական «Մելգոնյան» կրթական հաստատության դռները արդեն մեկ տասնամյակ և ավելի շարունակում են մնալ փակ:

Հայազգի բարերարներ Կարապետ և Գրիգոր Մելգոնյան եղբայրների նվիրատվությամբ 1926 թվականին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում հիմնված «Մելգոնյան» կրթական հաստատությունը, որը շուրջ ութ տասնամյակ կրթություն և խնամք է տվել ինչպես Հայոց ցեղասպանության ընթացքում որբացած հայ մանուկներին, այնպես էլ հայկական և միջազգային բազմակողմանի կրթություն է տվել աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հայ պատանիներին ու աղջիկներին՝ պատրաստելով նրանց միջազգային հեղինակավոր բուհերի ընդունելության քննություններին։ Սակայն 2004 թ. ՀԲԸՄ Կենտրոնական վարչության Մելգոնյան եղբայրների կտակակատար մարմնի որոշմամբ ծախսատարության և կրթության ժամանակակից պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ կրթահամալիրը դադարեցրեց իր առաքելությունը՝ ընդվզումի մեծ ալիք բարձրացնելով հայության շրջանում:

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, փակելով վարժարանը, Կիպրոսի և աշխարհասփյուռ հայությանը զրկեց մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորությունից: Միջազգային համաժողովների ընթացքում, որոնց հրավիրվում են գիտնականներ, հայ ձեռնարկատերեր ու մտավորականներ աշխարհի տարբեր ծայրերից, Կիպրոսի կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ ծավալվում են քննարկումներ ՄԿՀ-ի փակման խնդրի վերաբերյալ, նախկին սաներն ու ուսուցիչները մեղադրանքներ են հնչեցնում ՀԲԸՄ-ի հասցեին, մինչդեռ կրթահամալիրի զբաղեցրած 125 հազ. քմ տարածքում դեռևս ամուր ցանցապատված ամայի ու լքված շենքեր են. եռահարկ ուսումնական մասնաշենքեր, հանրակացարան, մարզահամալիր, մարզադաշտեր, բնակելի շենք, և հայ մեծերի գետնադիր քանդակները, Մելգոնյան եղբայրների դամբանը (Մեծ բարերարների աճյունները հողին են հանձնվել կրթահամալիրի բակում՝ նույն դամբանում)։

 Հայապահպանության առաջին և կարևոր նախապայմանի, հայ ինքնության ու ազգային միաբանության առաջնային գրավականի և հիմնասյան` հայոց լեզվի օտար ափերում պահպանման գործում անգնահատելի ավանդ ունեցած Մելգոնյան կրթահամալիրի երախտապարտ սաները, ովքեր ապրում են Մելգոնյանի տված ազգային դաստիարակության շնչով, կրթօջախի հիմնադրման 90 ամյակի առթիվ նախաձեռնել էին ֆիլմի նկարահանման աշխատանքներ՝ նպատակ ունենալով ներկայացնել կրթօջախի պատմությունը՝ այսպիսով գուցեև նպաստելով համալիրի փակված դռները վերաբացելուն:

 Լիբանանահայ կինոռեժիսոր Նիկոլ Բեզջյանի «Լույսի տաճար» ֆիլմը 2016թ., իննսունամյակի տոնակատարությունների շրջանակներում, ցուցադրվեց Բեյրութում եւ Նիկոսիայում, Վենետիկում, Մոնթրեալում, Տորոնտոյում, Բոստոնում։ 2017թ. այն ցուցադրվեց նաև «Նարեկացի» արվեստի միության Երևանի և Շուշիի կենտրոններում:

Ֆիլմը նկարահանված է «Մելգոնյան» կրթական հաստատության տարածքում՝ փորձելով կրթօջախի տխուր ներկայի համապատկերում ոգեկոչել փառավոր անցյալը, ներկայացնել անհերքելի փաստերն այն մասին, որ այս լույսի տաճարը լույս է սփռել 78 տարի շարունակ, հազարավոր սաներ մկրտվել են «Մելգոնյան»-ի սուրբ ավազանում և «Մելգոնյան»-ից առած լույսը սփռել ողջ սփյուռքում, փոխանցել սերնդեսերունդ: Նախկին ուսանողների տվյալների, արխիվային նյութերի և բանաստեղծական պատկերների միջոցով այս վավերագրական ֆիլմը ներկայացնում է «Մելգոնյան» կրթական հաստատության պատմությունը:

Գրիգոր և Կարապետ Մելգոնյան եղբայրները ծննդավայրի՝ Կեսարիայի, Գյումուշյան վարժարանում նախնական կրթություն ստանալով, սկսել են զբաղվել առևտրով։ 1878թ. ռուս-թուրքական պատերազմից հետո անցել են Ռումինիա և Ֆոքշանում վաճառականություն արել։ Կարճ ժամանակ անց տեղափոխվել են Եգիպտոս, որտեղ հիմնել են ծխախոտի «Գ. և Կ. Մելգոնեան» ֆիրման և առաջին գործարանը։ 1914թ. այստեղ ամսական արտադրվում էր 10 միլիոն հատ գլանակ։ Ավագ եղբոր մահից հետո Կարապետն ամբողջ ունեցվածքը նվիրաբերում է Հայաստանի Առաջին հանրապետությանը, ինչի համար արժանանում է «Ազատ Հայաստանի արտասահմանյան առաջին հայ քաղաքացի» կոչմանը։ 1921թ. Կարապետ Մելգոնյանն իր հարստությունն ավելացնում է եղբոր կտակին ու դրա իրագործումը հանձնում Պոլսի պատրիարքությանը։ 1925թ. Ալեքսանդրիայում Կարապետ աղան կազմում է մի նոր ակտ և ամբողջ նվիրատվությունը՝ մոտ հինգ միլիոն դոլար, փոխանցում հայ ժողովրդի բացարձակ հեղինակությունը վայելող Պողոս Նուբար փաշայի ղեկավարած ՀԲԸՄ-ին։ Այդ կտակով պետք է հիմնվեին դպրոցներ, կատարվեին հրատարակություններ եւ օժանդակություն տրամադրվեր եկեղեցուն եւ տարբեր կառույցներին։ Բարերար հիմնադիր Կարապետ Մելգոնյանի փափագն էր, որ իր հիմնած կրթական հաստատությունները հարատևեն դարեդար, լինեն լուսավորության վառարաններ և հայ ազգին տան օգտակար և պարկեշտ նկարագրով անդամներ: Առաջին իրավարար Պոլսո պատրիարքարանը 1923թ. Նիկոսիայի մերձակայքում գնում է 187 հազ. քմ հողատարածք, և ճարտարապետ Կարո Պալյանի նախագծով սկսվում է կրթահամալիրի շինարարությունը: Կառուցվում են 15 շենքեր, խաղադաշտեր. վարժարանը բաղկացած էր մի քանի մասնաշենքերից` դպրոցական շենքեր, աշակերտների և ուսուցիչների համար նախատեսված կացարաններ, ճաշարան, արհեստանոցներ, տպարան, գրադարան և այլն:

«Մելգոնյան» կրթական հաստատությունը պաշտոնապես բացվում է 1926թ.։ Կրթահամալիրի առաջին «բնակիչների»՝ եղեռնից մազապուրծ հայ որբերի ձեռքերով տնկված նոճիների պուրակը` իբրև խաչ ցեղասպանության զոհերի, մինչ այժմ պահպանվում է կրթահամալիրի տարածքում: Այստեղ ցեղասպանությունից հետո հնչեցին հայ երգն ու մայրենի լեզուն:

Բարերար Մելգոնյանը գրել է. «Իմ դպրոցը պետք է մեր վրեժը լուծի: Այս որբերը պետք է իրենց հայրական տունը նորեն շենացնեն, նրանցից պետք է պատրաստենք մեր ազգի նոր մեծերին»: Հատկանշական է դպրոցի բազմաբնույթ գործունեությունը` պարախումբ, երգչախումբ, թատերախումբ, սկաուտական ակումբ, փողերախումբ և այլն։ 1987-89թթ. կրթահամալիրը ենթարկվում է հիմնանորոգման։ Կառուցվում են ժամանակակից կենցաղային պայմաններին համապատասխանող հանրակացարաններ եւ ճաշարան։ Հետագայում ընդլայնվում է սաների աշխարհագրությունը. ավելանում է Եվրոպայից ժամանող աշակերտների թիվը: Ուսումնական ծրագրերն էին հումանիտար, գիտական ու տնտեսական, հայերենից ու անգլերենից բացի դասավանդվել են հունարեն, ֆրանսերեն, արաբերեն, ռուսերեն, բուլղարերեն։ «Մելգոնյան» կրթական հաստատության հազարավոր շրջանավարտներ առաջատարներ են մշակույթի, կրթության, գիտության, լեզվի ու ազգային ինքնության պահպանման ոլորտներում։ Հիշատակենք նկարիչ Հակոբ Հակոբյանին, արձակագիր եւ թարգմանիչ Կարպիս Սուրենյանին, երաժիշտ Նիկողոս Թահմիզյանին, գրողներ Մուշեղ Իշխանին, Վահէ Վահյանին, Զարեհ Մելքոնյանին և այլոց։ Այն միակ գիշերօթիկ, ամենօրյա դպրոցն էր Մերձավոր Արևելքում եւ Եվրոպայում։ Նաև միակ միջազգային դպրոցն էր, որտեղ տարեկան ուսանում էին երկու տասնյակից ավելի երկրներից ժամանած շուրջ 300 հայ երեխաներ։

 Նարեկացի արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարությունյանը ևս Մելգոնյան հաստատության սաներից է: Երբ Նարեկը 13 տարեկան էր, և Բեյրութում սկսվեց պատերազմը, Հարությունյանների ընտանիքը տեղափոխվեց Կիպրոս, և Նարեկը սկսեց հաճախել պատմական Մելգոնյան կրթական հաստատություն: Վարժարանում ապրած օրերը՝ ուսանելի հուշ դարձած, Նարեկ Հարությունյանի համար ողջ կյանքում մնացել են թանկ ու անմոռաց.

-Վարժարանում ուսանում և ապրում էին աշխարհի բոլոր ծայրերից ժամանած հայ երեխաներ: Մեծ բարերարներ Կարապետ եւ Գրիգոր Մելգոնյան եղբայրները, հիմնադրելով այս վարժարանը, նպատակ ունեին Հայոց ցեղասպանությունից մազապուրծ որբ, կարիքավոր հայ երեխաներին ապաստարան տրամադրելու, օգնելու հաղթահարել դժվարությունները և մտնելու կյանքի նոր փուլ: «Մելգոնյան»-ը Կիպրոսի կղզում փոքրիկ Հայաստան էր: Մինչդեռ ցավալիորեն ՀԲԸ միության կենտրոնական վարչության որոշմամբ փակվել է այն՝ առանց վերաբացվելու հեռանկարի: Հային հայ պահելու գործում անգնահատելի է վարժարանի հսկայական ավանդը: «Մելգոնյան»-ը ոչ միայն կրթական, այլև կյանքի դպրոց է եղել շատ հայորդիների համար:

Գլոբալացող աշխարհում մայրենի լեզվի կիրառումը, ուսուցումն ու փոխանցումը պետք է դառնա առաջնային նպատակ, քանզի համընդհանուր ձուլման վտանգը սպառնում է արդեն մեր ինքնությանը, պատմությանն ու արժեքներին: Այսօր ուծացումն ահագնացող երևույթ է հայ ազգի համար, և հենց դրա դեմ պայքարի է կոչված ՀԲԸՄ-ն, որը դարեր շարունակ լավագույն համազգային կառույցն է եղել, ունեցել է պատվավոր նախագահներ ի դեմս Պողոս Նուբարի և Ալեք Մանուկյանի, ովքեր վիթխարի պատասխանատվությամբ ջանացել են պահպանել հայի տեսակը սփյուռքում։ Մելգոնյան կրթահամալիրը փակվելով՝ ավելի քան 300 հայորդի ամեն տարի զրկվում է մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորությունից։ Հատկանշական է, որ 1974թ. Կիպրոս ներխուժելով՝ թուրքական ռազմուժը ռմբակոծել է նաև Մելգոնյան կրթական հաստատությունը, որը տասնամյակներ շարունակ օտարության մեջ հայ է կրթել։

Ի դեպ, Կիպրոսի խորհրդարանը միաձայն որոշում է կայացրել ընդդեմ ՄԿՀ-ի փակման, Ներքին գործերի նախարարության քաղաքաշինության բաժինը կրթահամալիրի երկու պատմական շենքերը հայտարարել է «Պատմաճարտարապետական, ազգային ժառանգություն», հարակից պուրակը՝ «Կանաչ գոտի», իսկ 2007թ. ընդունված հրամանով արգելվում է Մելգոնյան կալվածքի որևէ ձևափոխում։

Ողջունելի է, որ օտար երկրի տարածքում գտնվող հայկական կրթօջախը պահելու հարցում նմանօրինակ նախանձախնդրություն է ցուցաբերում տվյալ պետությունը։ Կիպրոսն, իբրև Եվրամիության անդամ երկիր, ունի ազգային փոքրամասնությունների լեզվապահպանությանն աջակցելու պարտավորություն։

Ողջունելի կլիներ նաև հայ ազգի երախտավորների կողմից գրեթե մեկդարյա պատմություն ունեցող «Մելգոնյան» կրթահամալիրի վերափոխումը արդի չափանիշներին համապատասխանող ժամանակակից կրթօջախի՝ պահպանելով «Մելգոնյան» անվանումը, արևմտահայերենի, հայագիտական այլ առարկաների դասավանդման ավանդույթը, հանուն հայի տեսակը ուծացումից փրկելու կիրառելով միակ բուժարար խեժը՝ հայեցի կրթության ապահովումը սփյուռքում:

 

Վարդինե ԻՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728