«Համաձայն եմ`խնդիրը ճիշտ ձեւակերպել եւ դնել վերջնագիր: Բայց շարժման ժամանակ այդ բոլոր գործողությունները ունեցել են ժողովրդի անվերապահ աջակցությունը: Շանթը երբ նստացույց էր անում`ժողովրդական հերոս էր, երբ Ստեփանակերտում դավաճանին գնդակահարում էին, գնդակահարողը հերոս էր: Լավ, ես նախորդ հանցագործ ռեժիմի ներկայացուցիչ եմ, բայց ո՞ւր են այն անբասիր երիտասարդները, որոնք կգան հարցը ճիշտ կձեւակերպեն եւ կդնեն»,- այսօր ՌԱՀՀԿ-ում «Ղարաբաղյան շարժում. հաջողության բանաձեւերը» թեմայով քննարկման ժամանակ հարց հնչեցրեց ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը:
ՌԱՀԿԿ հետազոտական ծրագրերի տնօրեն Մանվել Սարգսյանն այսպես պատասխանեց. «Ժողովուրդը միշտ էլ պայքարել է: Մարդկանց աչքերը բացվել են, անիմաստ բաներով չեն զբաղվում: Էս անգամ տեսաք թե ինչ հանգիստ էին մարդիկ խոսում տասը հազար կաշառքի համար»: Քաղաքագետն ասում է`Վազգեն Մանուկյանի առաջարկած բանաձեւը`հանցավոր ռեժիմ հեռացիր, դեռ չի փոխվել, թեպետ 22 տարի անցել է. «Բայց քանի անգամ մարդիկ դրա համար դուրս եկան փողոց: Տեսանք Գեղամյան, Արթուր Բաղդասարյան: Մարդիկ էլ ասում են`լավ, ով էդ հարցը դնում է, նրա հետ պետք չի խոսել: Չեք կարող ժողովրդին հավաքել մի բան ասել, հետո ասել`բարի գիշեր, գնացեք տուն»:
Մյուս բանախոս Թաթուլ Հակոբյանն էլ նկատեց`ղարաբաղյան շարժումը տեղի էր ունենում այն ժամանակ, երբ հիվանդ կայսրություն կար: Իսկ այժմ, 1996-ի կեղծված ընտրություններից ի վեր իշխանությունն ավելի է հաստատում իր մենաշնորհները. «Մոնոլիտ իշխանություն է դարձել, դժվար է նրա դեմ պայքարելը»:
«ԽՍՀՄ-ը բանա՞կ չուներ, բանտ չունե՞ր…»,- տարակուսեց Կարապետ Ռուբինյանը:
Իսկ Սասուն Միքայելյանին հետաքրքրում էր թե ի՞նչ պիտի անենք հիմա Ղարաբաղի հարցի՝ Ալիեւի հոխորտանքների հետ կապված:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ