2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Լամբարյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Աշոտ Պետրոսյանի, նաեւ՝ Կարո Եղնուկյանի, Վարդգես Գեւորգյանի, Խաչատուր Գիչյանի եւ Մանվել Աթոյանի գործով հերթական դատական նիստն այսօր սկսվեց ամբաստանյալներից Աշոտ Պետրոսյանի (լուսանկարում) եւ դատավոր Արտուշ Գաբրիելյանի միջեւ լեզվակռվով:
Պետրոսյանը դժգոհեց, որ իր պաշտպան Արայիկ Պապիկյանի բացակայության պայմաններում դատավորը նիստ է անում, Արտուշ Գաբրիելյանն էլ հիշեցրեց՝ քանի որ բոլոր ամբաստանյալներն իրենց պայմանագրային պաշտպաններից բացի ունեն նաեւ հանրային պաշտպաններ, նիստը հետաձգելու հիմքեր չկան:
Աշոտ Պետրոսյանին դատավորի բացատրությունը չգոհացրեց: Նա նաեւ դժգոհեց, որ երեք հանրային պաշտպաններին դատավորը ստիպողաբար «հրամցրել» է իրենց: Տեւական ժամանակ ամբաստանյալի եւ դատավորի միջեւ լեզվակռիվ էր ընթանում.
-Դիտավորյալ «ճխտել» եք հանրային պաշտպաններին,-պնդեց Աշոտ Պետրոսյանը:
-Ճխտել ենք, թե չենք ճխտել, ձեր պայմանագրային պաշտպանները թող բարի լինեն գան-ներկայանան,-նետեց դատավորը:
-Ձեր չար միտումների պատճառով նրանք ներկա չեն: Այստեղ չարամիտ գործեր են կատարվում…
-Այսօր չկան, նախորդին էլ ներկա չէին,-համբերատար տոնով շարունակեց Արտուշ Գաբրիելյանը:
-Դուք մեզ հիմա դրդում եք լքել նիստերի դահլիճը: Դուք «ճխտել» եք այս հանրային փաստաբաններին, որ մենք պարտադրված լքենք նիստերի դահլիճը…
Դատավորը մի քանի անգամ խնդրեց ու հորդորեց առանց իր թույլտվության չլքել նիստերի դահլիճը: «Կես ժամ է՝ նույն բանն եք կրկնում: Նորից կրկնեք, խիստ սանկցիա կկիրառեմ: Խելացի անձ եք՝ լավ էլ ամեն ինչ հասկանում եք: Նստեք-լսեք նիստը»,-ասաց Արտուշ Գաբրիելյանը Պետրոսյանին, սակայն վերջինս անդրդվելի էր: Առանց դատավորի թույլտվության տեղից վեր կենալու ու հեռանալու համար նա արժանացավ սանկցիայի՝ նիստերից հինգ ժամով հեռացման տեսքով:
Նրա քայլը կրկնեցին մյուս բոլոր ամբաստանյալները եւ արժանացան նույն սանկցիային: Ոստիկանների ուղեկցությամբ հեռանալիս ամբաստանյալներից Խաչատուր Գիչյանն ինչ-որ բան ասաց դատավորին, որը վերջինս բարձրաձայնեց. «Ասում է՝ բոլոր գնում են, ես մնամ՝ կասեն, թե ես լավ տղա չեմ»: Նիստերի դահլիճում մնացին հանրային եւ պայմանագրային պաշտպանները, դատախազները: Դատաքննությունը գործում առկա փաստաթղթերի հետազոտման փուլում է:
Հիշեցնենք, որ «ծռերի» գործով մեկ այլ նիստում երեկ միջադեպ էր գրանցվել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ