Սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` «Սումգայիթյան ջարդեր. Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով:
Ուշագրավ է, որ Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ելույթ ունեցավ, որը բորբոքեց ՀՀԿ-ականներին:
Նա նախ դիտողություն արեց, որ մենք 30 տարի է՝ նույն բանն ենք կրկնում, ինքներս մեզ ասում ենք, թե ինչ վատ է Ադրբեջանն ու ադրբեջանցին. «Նախիջեւանի հայաթափումն իրականում երբ է տեղի ունեցել, դա 20-21 թթ.-ն չէր, 28 թիվն էր, որոշում կայացվեց, որ Նախիջեւանի հայությունը Նախիջեւան վերադառնալու հնարավորություն պետք է չունենա, պետք է ապրի Բաքվում, Սումգայիթում: Բայց ինչպես ենք վերաբերվում դրան այսօր, ինչպես ենք վերաբերվում Ադրբեջանի հայ փախստականների խնդրին, մենք այդ խնդրին չենք վերաբերում: Փախստականներն ի հայտ եկան կոտորածների պատճառով: Մենք անընդհատ խոսում ենք մեռելների ու ցեղասպանության մասին, բայց ողջ մնացած փախստականների մասին ոչ մի խոսք: Մենք խնդիրը թողնում ենք օտար ատյանների, Եվրոպական դատարան, ինքներս ի՞նչ ենք անում՝ ոչ մի բան, քարոզչություն»: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր անհատներին, կազմակերպություններին, որոնք սեփական նախաձեռնությամբ սուղ միջոցներով փորձել են հայ փախստականների խնդիրը կենդանի պահել, բայց, ըստ նրա, քարոզչությունն ու քաղաքականությունը նույնական չեն, քարոզչությունը դառնում է օդ ծածանելու ձեւ՝ առանց քաղաքականության:
Արման Մելիքյանը հայտարարեց, որ անկախ Հայաստանի պայմաններում 2006-2007-ին Հայաստանի ոչ պաշտոնական նաեւ պաշտոնական մասնակցությամբ մի գործընթաց ծավալվեց, որը հանգեցրեց նրան, որ ՄԻԵԴ-ում վճիռ կայացրեց, որը այսօր Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի հայությանը իրավական առումով դուրս է դրել գործընթացից: Դատարանը վճիռ կայացրեց ադրբեջանցի կոչված քուրդ փախստականի եւ շահումյանցի հայ փախստականների գործերով եւ ուրվագծվեց հակամարտության գոտին, դուրս մնացին 450 հազար հայեր: Քաղաքականությունը սա է: Իսկ ինչպե՞ս դա կատարվեց, ո՞վ գիտի՝ Հայաստանից այդ գործերն ընտրվեցին եւ ուղարկվեցին Եվրոպական դատարան: Ո՞վ է դրա պատասխանատուն: Ես ունեմ շատ սուղ տվյալներ՝ դրա հետ կապված՝ կար մի ՀԿ, որը ստեղծվեց կարծեմ արդարադատության նախարարությանն առընթեր, կոչվում էր «Իրավական ուղի», այդ կազմակերպությանը գրանտ էր տրվել Եվրոպայից՝ մոտ 2 մլն դոլարի սահմաններում, եթե չեմ սխալվում: Այդ մարդիկ ընտրել էին գործերը, ուղարկել դատարան»: Արտակ Զեյնալյանը տեղից ինչ-որ բան ասաց՝ Մելիքյանը բորբոքվեց՝ «Պետք չի, ինչո՞ւ եք ուզում ինձ լռեցնել, պարոն Զեյնալյան»:
Ավելի ուշ Մելիքյանի ելույթին արձագանքեցին Սամվել Ֆարմանյանն ու Գեւորգ Կոստանյանը: Մանրամասները՝ ավելի ուշ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ