Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորական ծառայության մեջ մեկ տարի գտնվող, առողջական խնդիրներ ունեցող զինծառայողին վաղաժամ զորացրեցին միայն դատարան դիմելուց հետո

Փետրվար 22,2018 14:29

Առողջական խնդիրներով 2017 թ. հունվարի 31-ին զինված ուժեր զորակոչված Է. Թ.-ն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ վաղաժամ զորացրվել է: Է. Թ.-ն նախկինում երկու անգամ տարկետում է ստացել, մեկ անգամ էլ զինծառայությանը ժամանակավորապես ոչ պիտանի է ճանաչվել, սակայն այդ որոշումների հիմքում նրա ունեցած առողջական խնդիրների միայն մի մասն է եղել: Իսկ նրա մյուս առողջական գանգատները, որոնց հիման վրա զորակոչիկը պետք է ուղարկվեր ստացիոնար հետազոտման և կարող էր զինծառայությանը ոչ պիտանի ճանաչվել, ԿԲՀ անդամները հաշվի չեն առել: Ընդ որում՝ տարկետման ողջ ժամանակահատվածում Է. Թ.-ը բուժում չի ստացել իր ունեցած ոչ մի առողջական խնդրի ուղղությամբ, հետևաբար՝ վիճակը չէր կարող բարելավվել, եթե հաշվի առնենք նրա ունեցած առողջական խնդիրների բարդությունը:

Այնուամենայնիվ ՀՀ ՊՆ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը 2017 թ. հունվարի 30-ի իր որոշմամբ կրկին արձանագրել էր Է. Թ.-ի ունեցած առողջական խնդիրների մի մասը և զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչել: Իր իրավունքների պաշտպանության նպատակով Է. Թ.-ը Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել 2017 թ. փետրվարի 14-ին: Զինծառայողի՝ մինչ զինվորական ծառայության զորակոչվելը  առողջական վիճակի հետազոտության արդյունքները ստանալուց և ուսումնասիրելուց հետո Է. Թ.-ին ՀՀ ՊՆ ԿՌԲՀ նիստին ներկայացնելու ու վաղաժամ զորացրելու պահանջով նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ս. Սողոմոնյանը դիմել է ՀՀ ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահին, սակայն ներկայացված դիմումը պատշաճ չի ուսումնասիրվել և համապատասխան ընթացք դիմումին չի տրվել: Այնուհետև Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի անգործությունը բողոքարկվել է վերադասության կարգով և բողոք է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարին: Սակայն այս դեպքում նույնպես չի կատարվել դիմումով ներկայացված պահանջը: 2017 թ. հոկտեմբերի 24-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ս. Սողոմոնյանը Է. Թ.-ին ՀՀ ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նիստին ներկայացնելու և խաղաղ ժամանակ զինծառայությանը ոչ պիտանի ճանաչելու ու վաղաժամ զորացրելու վերաբերյալ որոշում կայացնելուն պարտավորեցնելու պահանջով դիմել է դատարան:

Դատարան դիմելուց հետո Է. Թ.-ն անմիջապես տեղափոխվել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ գրեթե երկու ամիս տևած հետազոտություններից հետո ՀՀ ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը 2018 թ. փետրվարի 12-ին որոշում է կայացրել Է. Թ.-ին խաղաղ ժամանակ զինծառայությանը ոչ պիտանի ճանաչելու և վաղաժամ զորացրելու վերաբերյալ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728