Լրահոս
Օրվա լրահոսը

Տոյվո Կլաարն ընդգծել է ԼՂ հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու Եվրամիության դիրքորոշումը

Փետրվար 22,2018 14:26

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

Փետրվարի 21-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:

Բարձր գնահատելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները և ողջունելով Տոյվո Կլաարին ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ԵՄ հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման գործում և քաղաքական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչը հստակ արտահայտված է Հայաստան-Եվրոպական Միություն շրջանակային համաձայնագրում:

Տոյվո Կլաարն իր հերթին ընդգծել է ԼՂ հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու Եվրամիության դիրքորոշումը:

Հյուրի խնդրանքով ներկայացնելով պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը և անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից արված ռազմատենչ հայտարարություններին, նախարար Սարգսյանն ընդգծել է, որ այդպիսի վարքագիծը ոչ մի կերպ չի նպաստում խնդրի խաղաղ կարգավորմանը: «Նման հայտարարություններ անելու համար մեծ  իմաստություն չի պահանջվում, ճիշտ հակառակը` իմաստության բացակայությունը նպաստում է սեփական ժողովրդի համար անդառնալի հետևանքներ ունեցող սադրանքների քարոզչությանը», – նկատել է Վիգեն Սարգսյանը: ՀՀ պաշտպանության նախարարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը կարևորել են նման հայտարարություններին միջազգային հանրության պատշաճ արձագանքը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության մի շարք օրակարգային հարցեր և տարածաշրջանային անվտանգության խնդիրներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728