Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Աշխատավարձից 1000 դրամ պահելը քաղաքացու սեփականության իրավունքն է խախտում». փաստաբան

Փետրվար 22,2018 13:57

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում այսօր հետաձգվեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» իրավապաշտպան հ/կ-ի Վանաձորի գրասենյակի հայցի քննությունը, որով ՀՔԱ-ն վիճարկում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Այս գործի նախապատմությունը հետեւյալն է: ՀՔԱ-ն դեռեւս նախորդ տարի դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով իր աշխատակիցներին վերադարձնել «Պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին եւ առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման մասին օրենքով» սահմանված եւ պետությանը վճարված 1000 դրամները: Դատարանը, սակայն, մերժել էր հայցը, եւ այդ որոշումն այժմ ՀՔԱ-ն վիճարկելու է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

«Ինչպես հայտնի է, այդ օրենքով նախորդ տարվա հունվարից աշխատողի աշխատավարձից ամսական 1000 դրամ է գանձվում: Օրենքի համաձայն՝ դա դրոշմանիշային վճար է, որ պետբյուջե է փոխանցվում պարտադիր կերպով՝ ըստ աշխատանքային պայմանագրի: Մենք գտնում ենք, որ այդ գումարը պահելն անհիմն հարստացում է»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով խնդրին՝ ասաց ՀՔԱ ներկայացուցիչ, փաստաբան Անի Չատինյանը:

Նա նշեց՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը պարտավոր էր նաեւ Սահմանադրական դատարան դիմել եւ վիճարկել նշյալ օրենքի հոդվածներից մեկի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, ինչը եւս չարեց: Չատինյանի խոսքով. «Խնդիրն այն է, որ այդ գումարը պահելը քաղաքացու սեփականության իրավունքն է խախտում, որովհետեւ այն չի կարող պարտադիր վճար լինել: Իսկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը գտավ, որ անհիմն հարստացում չկա, մինչդեռ մենք հիմնավորումներ էինք ներկայացրել: Այդ պատճառով էլ դիմեցինք Վերաքննիչ քաղաքացիական դատարան»:

Նշյալ դատական ատյանում հայցի քննության առաջին նիստի մասին կտեղեկացվի լրացուցիչ: Պաշտպանության նախարարության ներկայացուցչի կարծիքն այս գործի վերաբերյալ՝  այստեղ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728