Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում՝ Ադրբեջանի զոմբիացված հասարակության, քաղաքականության եւ ջարդերի մասին

Փետրվար 22,2018 13:22

Սումգայիթյան հայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ: ԱԺ բոլոր խմբակցությունները ստորագրել են Սումգայիթյան ջարդերի մասին ԱԺ հայտարարության տակ:

Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասաց, որ կարող ենք մտածել, որ դա պատմություն է, բայց պատմությունը վերադառնալու հատկություն ունի: Եվ հաշվի առնելով Ալիեւի շուրթերից բոլորովին վերջերս հնչեցված սպառնալիքները՝ ակնհայտ է, որ այդ քաղաքականությունը ծրագրավորված է, միտումնավոր եւ շարունակական. «Այն պատմություն չէ, ցավոք, այն իրականություն է»:

Աշոտյանն անդրադարձավ նաեւ Գասպար Կարապետյանին, որի հետ կապված Ադրբեջանը միջազգային հետախուզման դիմում է ներկայացրել: Արմեն Աշոտյանը նշեց, որ ակնհայտ է՝ իր երկրի ներսում քաղաքական որսն ավարտած՝ Ադրբեջանի իշխանությունները հիմա էլ փորձում են այդ որսն անել Եվրոպայում, երկրից դուրս. «Վստահ եմ, որ եվրոպական կառույցները չեն տրվի այս սադրանքներին, որոնք կարող են սահմանափակել մեր խոսքի իրավունքը»:

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն իր զեկույցում ասաց, որ օրեր առաջ տոնեցինք մեր ժամանակակից պատմության ամենավառ էջերից մեկը՝ ղարաբաղյան շարժման 30-ամյակը: Այդ շարժմանը արձանագրվեց հայ ժողովրդի անկոտրում կամքն ու ուժը: Նա անդրադարձավ նաեւ մեր պատմության մութ էջերին, խոսեց սումգայիթյան ջարդերի, բռնությունների ալիքի մասին. «Ատելության եւ հայատյացության այդ քաղաքականությունը այսօր դարձել է Ադրբեջանի ղեկավարության ներքին եւ արտաքին քաղաքականության անքակտելի մաս, որի վրա նրանք կառուցում են Ադրբեջանի ժողովրդի ինքնագիտակցությունը եւ կայացումը»:

Նա ասաց, որ 30 տարվա ընթացքում Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը, քաղաքականությունը չի փոխվել, դրան ականատես եղանք 2013-ին, երբ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելուց հետո Ռամիլ Սաֆարովը ազատ արձակվեց եւ հերոսացվեց: Աշխարհը նորից ականատես եղավ հայերի հանդեպ սերմանված ատելության քարանձավային դրսեւորումներին՝ ուղղված խաղաղ բնակչության եւ ռազմագերիների դեմ: Շավարշ Քոչարյանն ասաց, որ Ադրբեջանի իշխանությունները չեն ենթարկվում, հակադրվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի, միջազգային կառույցների կոչերին՝ հասարակությանը խաղաղության պատրաստել, նրանք շարունակում են իրենց ռազմատենչ առավելապաշտական մոտեցումը: Դրա համար էլ ԼՂՀ հակամարտությունը չի կարգավորվում. «Միջազգային մեր գործընկերների մոտ հասունացված է այն գիտակցումը, որ քանի դեռ Ադրբեջանը չի հրաժարվում, շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, Հարավային Կովկասի տարածաշրջանում վտանգված են կայունությունը, խաղաղությունը»:

Փոխարտգործնախարարն ընդգծեց, որ երկրի ներսում եւ միջազգային հարթակներում հետեւողական աշխատանքով ենք պարտադրելու Ադրբեջանին խաղաղություն եւ հասնելու ենք Արցախի միջազգային ճանաչմանը:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ մենք գործ ունենք ցեղասպանական քաղաքականության հետ: Նա նշեց, որ «մինչ այսօր ՀՀ-ում չկա որեւէ հատուկ կարգավիճակ, որի ներքո կհայտնվեին այն անձինք, որոնք իրապես ցեղասպանության զոհեր են, վերապրածներ են»: Տիկին Ալավերդյանն առաջարկեց, որ իշխանությունները լսումների արդյունքում ընդունեն դա, քայլեր ձեռնարկեն:

«Սովորական ցեղասպանություն նախագծի» համակարգող Մարինա Գրիգորյանն էլ պատմական ակնարկ ներկայացրեց, թե ինչպես են ջարդարարները գործել, հայերի բնակարանների ցուցակներն ունեցել, հայերի հեռախոսներն անջատել, նախապես պատրաստվել եւ իրականացրել. «Սումգայիթից մի քանի ամիս անց բարձրացնում էին դահիճների նկարները եւ գոչում՝ փառք հերոսներին, իսկ վերջին տարիներին դրանց ավելացավ նաեւ հայերին սպանելու պետականորեն պարգեւատրելու ավանդույթը: Սա լրիվ օրինաչափ է զոմբիացված հասարակության համար, որը ձեւավորվել է Ադրբեջանում Սումգայիթից հետո 30 տարիների ընթացքում եւ այսօր հանդիսանում է սպառնալիք տարածաշրջանի անվտանգության համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728