Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մանվել Սարգսյան. «Եթե ձեռքդ կպել է զենքին, պիտի հաղթես»

Փետրվար 22,2018 12:46

«Բաց սահմանադրական շարժում`պերեստրոյկայի դրոշի տակ». սա քաղաքագետ Մանվել Սարգսյանի բնութագիրն է ղարաբաղյան շարժմանը: Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում կազմակերպված «Ղարաբաղյան շարժում. հաջողության բանաձեւերը» թեմայով քննարկման ժամանակ ՌԱՀԿԿ հետազոտական ծրագրերի տնօրենն ասաց, որ չի ընդունում ընդունված մի տեսակետ. «Շատերն ասում են`Ղարաբաղը ազատագրեցինք, իրավունքները չճանաչվեցին, Հայաստանը մտավ խնդիրների մեջ»: Ինքն ասում է, շատ կարեւոր է տեսնել այս ամենի «հաջողության բանաձեւը»: Մանվել Սարգսյանը գտնում է, որ դա իսկապես հաջողություն ունեցող շարժում էր:

Նա համամիտ չէ նաեւ այն տեսակետին, որ ՍՍՀՄ-ը փլուզվում էր եւ ուզեինք, թե`ոչ, ստանալու էինք մեր անկախությունը: Հիշեցնում է`հարեւան Ադրբեջանն ու Վրաստանը չստացան այն, ինչ ուզում էին: Հիշեցնում է նաեւ, որ 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունն էլ էր փլուզվում, բայց մենք ոչինչ չստացանք դրանից:

Մանվել Սարգսյանը հիշեցնում է`բոլոր քայլերին հանգել են բարդ քննարկումների արդյունքում ու ամեն ինչ այդքան պարզ չէր՝ ինչպես հետո ներկայացվեց կամ ընկալվեց: Ասում է`իր բնույթով ղարաբաղյան շարժումն ամենադեմոկրատականն էր`մասսայական հանրահավաքներ եւ ժողովուրդը պարտադրում էր օրվա իշխանություններին ընդունել այն որոշումները, որոնք ժողովուրդն էր ցանկանում. «Մենք որեւէ մեկին չէինք անջատում ժողովրդից: Կարեն Դեմիրճյանը, Մարիուս Յուզբաշյանը եւ մյուսները հայտարարել էին`մենք Հայաստանի չինովնիկներն ենք, մենք էլ խնդիր էինք դրել նրանց առաջ`դե ուրեմն գնացեք եւ լուծեք այն խնդիրները, որոնք ժողովուրդն է դնում»:

Ինչպե՞ս կարելի էր խորհրդային այդ տոտալիտար երկրում, 360 նոմենկլատուրային «ժողովրդական պատգամավորներին» ստիպել, որ Արցախը Հայաստանին միացնելու որոշում ընդունեին`Մանվել Սարգսյանը ասում է. «Հարցադրումները պետք է ճիշտ դրվեն»: Նա հիշեց ղարաբաղյան շարժման սկիզբը, ուսանողական նստացույցերը. «Շանթն էր շատ ակտիվ աշխատում, հացադուլ էր հայտարարել եւ ուլտիմատում ներկայացրել Սուրեն Հարությունյանին`եթե սա չանես`ես բենզին կլցնեմ վրաս եւ ինձ կվառեմ ու պատին էլ կգրեմ, որ քո պատճառով եմ արել»:

Մանրամասները` տեսանյութում

Ղարաբաղյան շարժման պրիզմայով դիտարկելով ներկայիս ներքաղաքական շարժումները, որոնք այդպես էլ հաջողություն չեն ստանում, Մանվել Սարգսյանն ասաց. «Մեր տղաները բանտերում նստած են`սխալ հարցադրում, սխալ գործելաոճ: Եթե ձեռքդ կպել է զենքին, պիտի հաղթես, այլապես…»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728