Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջանը պատերազմի շանս է փնտրում. «Հայոց աշխարհ»

Փետրվար 22,2018 12:40

Հունվարի 20-ին սկիզբ առած թուրքական զորքերի Աֆրինի ռազմագործողությանը զուգահեռ Թուրքիան ու նրա մատուցմամբ Ադրբեջանը հետեւողականորեն սկսել են իրականացնել տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված սադրիչ քայլերի մի ամբողջ փաթեթ, որը լուրջ անհանգստություն է առաջացրել միջազգային հանրության շրջանում։
Մասնավորապես արդեն հնչել են Ռուսաստանի ԱԳՆ մամլո խոսնակի եւ Ֆրանսիայի արտգործնախարարության նախազգուշացնող հայտարարությունները՝ Ադրբեջանի նախագահի «երեւանյան հավակնությունների» խնդրով, իսկ եվրոպական կառույցների ներկայացուցիչները սկսել են նախազգուշական այցեր կատարել մեր տարածաշրջան հասունացող կոնֆլիկտը կանխելու համար։

Այս ամենը դեռ բավարար չէ թուրք-ադրբեջանական ընդհանուր զորաշարժի առաջն առնելու համար, որովհետեւ այն հիմնվում է միանգամից երկու գործելադաշտում իրականացվող զուգահեռ քայլերի համադրության սկզբունքի վրա։

Նկատի ունենալով Սիրիայի հետ տեղի ունեցած ողբերգությունը՝ թուրքական զույգ պետությունները հանգել են եզրակացության, որ իրենց հետեւողական ու նպատակասլաց աշխատանքի դեպքում հնարավոր է նույն սցենարը տեղափոխել Հարավային Կովկաս, այսինքն՝ գերտերությունների դիմակայության ու պայքարի մթնոլորտն օգտագործել տարածաշրջանի պայթեցման ու հայկական գործոնի չեզոքացման համար։

Ուստի ինչ քայլեր անում է Թուրքիան Սիրիայի հանդեպ իր հավակնությունները հիմնավորելու նպատակով, նույնը անմիջապես կապկում են Բաքվի քարոզիչներն ու մատուցում միջազգային հանրությանը որպես իրենց տարածաշրջանային հավակնություններ։ Ընդ որում՝ եթե Սիրիայում երկու կողմերի թիրախը քրդերն են, ապա Հարավային Կովկասում՝ հայերը։

Այսպես. երբ Թուրքիան ահաբեկիչներ է որոնում Սիրիայում՝ ի դեմս քրդական «Ռոժավայի» մարտիկների, Ադրբեջանը, քրդեր է փնտրում Հայաստանում ու Ղարաբաղում։ Երբ Թուրքիան հիմնավորում է իր իսկ հորինած «տեռորիստներին» հետապնդելու եւ ոչնչացնելու գաղափարը, Ադրբեջանը խոսում է Ղարաբաղում հակաահաբեկչական գործողություն իրականացնելու մասին։ Երբ Թուրքիան քրդերի հետ համագործակցող հայեր է որոնում Սիրիայում, Ադրբեջանը խոսում է արտասահմանի հայկական լոբբիստական կառույցների կողմից իրեն սպառնացող մահացու վտանգի մասին։

Եթե փնտրենք վերջին ամսվա ընթացքում ծավալվող այս զուգահեռ քարոզչության կենտրոնատեղին, ապա կտեսնենք, որ նրա «օրիգինալ» գաղափարների գլխավոր տիրաժավորողի դերն է խաղում թուրքական տերմինաբանությամբ՝ «Ցեղասպանության պնդումների դեմ պայքարի» գլուխ կանգնած Գյուլբեյ Գյոքսելի գլխավորած սադրիչների խումբը, որը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարից փաստորեն անցել է մի նոր ցեղասպանության գաղափարական նախապատրաստման գործին։

Եվ տարօրինակն այն է, որ ցեղասպանությունն արդարացնող սադրիչների կողմից արտահատվող անհիմն տեսակետներն ու կեղծ լուրերը երբեմն կրկնում են անգամ Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանն ու այդ երկրի մյուս պաշտոնյաները։ Նրանք բազմիցս են անդրադարձել նաեւ իրենց կողմից արդեն որպես «ապացուցված փաստ» դիտարկվող՝ Ղարաբաղում քրդական ՔԲԿ-ի ճամբարների գոյության մասին լուրին։ Դրան օրերս գումարվել է նախագահ Ռ.Էրդողանի անսպասելի անդրադարձը Խոջալուի 1992 թվականի դեպքերին եւ այն չմոռանալու մասին սպառնալից ակնարկը։

Այսինքն՝ թուրքական ֆաշիստների ու նախագահ Ռ.Էրդողանի միջեւ նույնպես գոյություն ունի դերերի որոշակի բաշխում, ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանում է այն իրականացվում Սաֆարովի նման մարդասպանների հերոսացման քաղաքականության միջոցով։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728