Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

10 տոկոսից բարձր աճ է գրանցվել գրեթե բոլոր ցուցանիշների գծով՝ բացառությամբ գյուղատնտեսության. «168 ժամ»

Փետրվար 22,2018 12:15

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը փետրվարի 20-ին հրապարակեց 2018 թ. հունվար ամսվա նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները։ 2018թ. հունվարին՝ 2017 թ. հունվարի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 10.2%-ով։ Սա աննախադեպ բարձր ցուցանիշ է։

2011 թվականից ի վեր, երբ սկսեց հրապարակվել տնտեսական ակտիվության ցուցանիշը, հունվար ամսին ավելի բարձր արդյունք չի եղել։ 2011-2017թթ. ընթացքում տնտեսական ակտիվության ամենաբարձր աճը գրանցվել էր 2013 թվականի հունվարին՝ 9.3%։

Հունվարյան աճը արժևորվում է նաև այն հանգամանքով, որ բազային (համեմատվող) ամիսը 2017-ի հունվարը, նույնպես աչքի էր ընկել բարձր աճով՝ 6.8%։

Սակայն միայն տնտեսական ակտիվությունը չէ, որ երկնիշ աճ է գրանցել հունվարին։ 10 տոկոսից բարձր աճ է գրանցվել գրեթե բոլոր ցուցանիշների գծով՝ բացառությամբ գյուղատնտեսության։

Այսպես, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13.9%-ով և կազմել 128.2 մլրդ դրամ։

Ծառայությունների ոլորտն աճել է 15.2%-ով, ծավալը՝ 111.4 մլրդ դրամ։

Ներքին առևտրաշրջանառությունն աճել է 17.3%-ով, ծավալը՝ 157.4 մլրդ դրամ։

Նախորդ տարիների «ձախողակը»՝ շինարարության ոլորտը, այս տարվա հունվարին չեմպիոնական արդյունք է գրանցել՝ 19.7%-աճ։ Տարվա առաջին ամսվա ընթացքում հանրապետությունում իրականացվել է 9.3 մլրդ դրամի շինարարություն։

Ինչպես նշեցինք, միայն գյուղատնտեսական արտադրանքի ծավալն է նախորդ տարվա հունվարի նկատմամբ նվազել 0.4%-ով և կազմել 17.5 մլրդ դրամ։

Արտաքին առևտրի թվերը նույնպես տպավորիչ են։

Արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2018 թվականի հունվարին՝ 2017-ի հունվարի համեմատ, աճել է 47.6%-ով և կազմել 504.2 մլն դոլար։ Առաջին անգամն է, որ առևտրաշրջանառությունը հունվարին գերազանցում է կես մլրդ դոլարը։ Այդ թվում՝ արտահանումն աճել է 45.2%-ով և կազմել 176.7 մլն դոլար։ Իսկ ներմուծումն աճել է 48.9%-ով և կազմել 327.5 մլն դոլար:

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728