Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի համաթիվն աճել է, բայց կոռուպցիան չի նվազել

Փետրվար 22,2018 12:08

2017-ին ՀՀ-ում կոռուպցիայի ընկալման համաթիվը անցյալ տարվա 33-ի փոխարեն դարձել է 35: Սակայն ըստ ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի՝ սա չի նշանակում, որ կոռուպցիայի նվազում կա:

Նշենք, որ 2017-ին Հայաստանը 180 երկրների շարքում 107-րդ տեղում է՝ 35 միավորով, անցյալ տարի՝ 33 միավորով 176 երկրների շարքում 113-ն էր:

«Մեդիա կենտրոնում» «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով հրավիրված քննարկմանը պարոն Հոկտանյանը պարզաբանեց. «եթե Հայաստանի միավորը դառնար 37 կամ 39, այդ դեպքում կարող էինք ասել, որ բարելավում է եղել: Կամ եթե 33-ից իջներ 29, կասեինք վատթարացում է եղել, բայց եթե 30 իջներ, չէինք ասի, որ վատթարացում է եղել: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եթե համաթիվը 50-ից ներքև է, կոռուպցիան այդ երկրում լուրջ խնդիր է: Որպես կանոն՝ այդ երկրներում կոռուպցիան լրջորեն խանգարում է զարգացմանը»:

Հիշեցմանը՝ ժամանակին պարոն Հոկտանյանն ասում էր՝ ճահճացման վիճակում ենք, հիմա իրավիճակը նո՞ւյնն է, պարոն Հոկտանյանը պատասխանեց. «Ճահճացումը շարունակվում է»:

Հարցին՝ ինչպիսի՞ն է ՀՀ պաշտոնատար անձանց դիրքորոշումն այս հարցում, պարոն Հոկտանյանը պատասխանեց. «Մեր կազմակերպությունը կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամ է: Հարցերը բարձրացվում են, մոտեցումն է այն, որ անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո օրենսդրական քայլեր արվում են՝ ապրիլից կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով կստեղծվի, բայց այստեղ խնդիրը կիրարկման մեջ է: Օրենքներից անցում չկատարելը կիրարկման և սողանցքներ թողնելը ցուցիչ է քաղաքական կամքի բացակայության մասին»:

Վարուժան Հոկտանյանն այս առիթով բերեց ավտորիտար Սինգապուրի ու Հոնկոնգի օրինակը. «Այս ավտորիտար երկրներն ունեն ազատական տնտեսություն: Այդ ազատականին հասնելու համար հասկացան, որ պետք նվազեցվի կոռուպցիան, հակառակ դեքում կունենանք լուրջ խնդիրներ: Այլ խնդիր կա, եթե ունես ազատական տնտեսություն, որպես կանոն ունես նաև ժողովրդավարական համակարգ: Ավտորիտար քաղաքական համակարգ և ազատական տնտեսություն ունեցող երկրները անոմալիա են: Մենք կլինե՞նք այդ անոմալիան, չեմ կարծում. մենք Սինգապուր չենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728