Կրթության պետական արդեն նախկին տեսչության աշխատակիցներն ահազանգում են գործազուրկ դառնալու վտանգի մասին։
Տեսչությունն, ինչպես հայտնի է, վերջերս լուծարվել է, քաղծառայության պաշտոններ զբաղեցնող աշխատակիցներն անցել են կադրերի կարճաժամկետ ռեզերվ, իսկ տեսչության փոխարեն ստեղծվել է կրթության տեսչական մարմին։ Աշխատակիցների մի մասը կադրերի ռեզերվից վերադարձել են, մյուսները՝ 12 հոգի, մտավախություն ունեն, որ իրենց դեպքում դա տեղի չի ունենալու։
«Նոր տեսչական մարմնի ձեւավորման ընթացքում 12 վաստակավոր, փորձառու, քաղծառայության տարբեր դասային աստիճաններ ունեցող տեսուչներ հայտնվել են փողոցում։ Նոր մարմնի ղեկավարը ոչ մի առնչություն չի ունեցել նախկին տեսչության աշխատանքին, բայց անուն-ազգանուն կարդալով պատկերացրել է մարդու կարողությունները կամ լսել ինչ-որ մեկի սուբյեկտիվ կարծիքը կամ, որ ամենահավանականն է, գործել է մեծն հովանավորչությունը»,- նշեցին «Հայկական ժամանակի» խմբագրություն դիմած աշխատակիցները՝ ավելացնելով, թե որոշ դեպքերում աշխատող է հրավիրվել դրսից՝ չնայած լուծարված տեսչությունում եղել են համապատասխան մասնագետներ։
Կրթության պետական տեսչության նախկին աշխատակիցների աշխատավարձը, «Քաղծառայության մասին» օրենքի համաձայն, կադրերի ռեզերվում գտնվելու ամբողջ վեց ամիսների ընթացքում պետք է պահպանվի։ Նրանք հաշվարկել են, որ այդ ընթացքում պետական բյուջեն այդ գումարները վճարելու համար պետք է ծախսի մոտ 20 միլիոն դրամ։ Տեսուչները դա համարում են չարդարացված շռայլություն այն իմաստով, որ ավելի ճիշտ կլիներ այդ 12 աշխատակիցները եւս վերադառնային նորաստեղծ մարմնում աշխատելու։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում