Լրահոս
Օրվա լրահոսը

Լեգեոներները փորձում են նպաստել հայ պղնձափողային երաժիշտների կատարելագործմանը

Փետրվար 22,2018 10:48

«Առավոտի» հետ զրույցում (2013թ.) վրացի կլարնետահար Լեւան Ցխադաձեն հայտնել էր, որ իր համոզմամբ՝ խորհրդային փողային գործիքների դպրոցը սպառել է իրեն եւ երաժիշտների համար այժմ հնարավորություն է ստեղծվել հենց փողային գործիքների ծննդավայրում՝ Եվրոպայում կատարելագործվել, քանի որ ԽՍՀՄ երկրներում փողային գործիքների «մասով» ստեղծված ավանդական եւ ժամանակակից ոճերի միջեւ տարբերությունը մեծ է եւ, որ ամենակարեւորն է՝ այս գործիքների դեպքում տեխնոլոգիաները 10-15 տարվա ընթացքում կատարելագործվում են: Նշենք, որ հենց խորհրդային տարիներին ունեցել ենք փողային գործիքների երաժիշտների հիանալի դպրոց՝ Հայկազ Մեսիայան, Յուրի Բալյան, Քրիստափոր Բաբայան եւ այլն, այսօր էլ կան հիանալի մասնագետներ, այդ թվում՝ հոբոյահար Աշոտ Գալստյան, ֆլեյտահար Տիգրան Գեւորգյան, կլարնետահար Վյաչեսլավ Մանուչարյան եւ այլն: Վերջին տարիներին էլ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները մասնակցում են միջազգային մրցույթների, ճանաչված անուններ են շեփորահարներ Դանիել Մելքոնյանը, Ազատ Հարությունյանը, տուբահարներ Արման Պեպանյանը, Հարություն Հաջինյանը, Դավիթ Ասրյանը եւ այլն: Սակայն, չգիտես ինչու, հազվադեպ ենք հանդիպում փողային գործիքների երաժիշտների մենահամերգների, էլ չասենք այն փաստը, որ օրինակ՝ վերջին անգամ շուրջ 20 տարի առաջ էր, երբ տուբահար Արաիկ Ռուբինյանը (Գերմանիա) Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայում հանդես եկավ մենահամերգով: Նշենք նաեւ փողային գործիքների հանդեպ հայ կոմպոզիտորների «պասիվության» փաստը: Այս ոլորտում մեզ հայտնի է միայն կոմպոզիտոր Յուրի Գալստյանի անունը եւ Երեւանի կոնսերվատորիայի փողային եւ հարվածային գործիքների կամերային ամբիոնի վարիչ, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Վաղարշակ Պեպանյանի՝ տուբայի համար շուրջ հինգ տարի առաջ հրատարակված մեկ-երկու ձեռնարկները: Ծանոթ ենք նաեւ տրոմբոնահար Արամ Խաչատրյանի տուբայի եւ տրոմբոնի համար կատարած փոխադրումներին:

Մեզ հետ զրույցում Վաղարշակ Պեպանյանը հիշեցրեց նաեւ տուբայի համար հատուկ ստեղծագործած կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանի, Ադամ Խուդոյանի, Միխայիլ Կոկժաեւի, Վարդան Աճեմյանի անունները: Հարցին, թե ինչո՞ւ որպես մենակատար երբեւէ ելույթ չեն ունենում հայաստանցի տրոմբոնահարներն ու տուբահարները, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նվագախմբերի արտիստ հանդիսացող բոլոր փողային երաժիշտները, այդ թվում՝ տուբահարներն ու տրոմբոնահարները, ըստ էության մենակատարներ են: Իսկ, ասենք, Արաիկ Ռուբինյանը, որը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի լեգեոներ երաժիշտներից է, եթե չեմ սխալվում, նա ազատ ստեղծագործող է»: Առանց մանրամասնելու էլ հավելեց, թե Հայաստանում դժվար է՝ եթե ոչ անհնար, որ մեր տուբահարներն ու տրոմբոնահարները զբաղվեն միայն սոլո կարիերայով, իհարկե՝ կան մեկ-երկու բացառություններ:

Այսօր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի լեգեոներ երաժիշտներ Արաիկ Ռուբինյանի եւ տրոմբոնահար Խուան Պարդո Խիլի (Իսպանիա) նախաձեռնությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա հայ պղնձափողային երաժիշտների հանդիպում-համերգ: Մինչ վերջինիս կայանալը երաժիշտներն անցկացրել են վարպետության դասընթացներ: Մեզ հետ զրույցում Արաիկ Ռուբինյանը հավաստիացրեց, որ վարպետության դասընթացները հենց պղնձափողային ցածր հնչող գործիքների դպրոցահասակ երաժիշտների համար էր նախատեսված, բայց մասնակցել են 8-19 տարեկան երաժիշտներ: «Վարպետության դասընթացների ընթացքում ունեցել ենք «պասիվ» եւ «ակտիվ» երաժիշտներ: Առաջինները ուշադիր լսել եւ գրի են առել իմ ու Խուանի դասախոսությունները, իսկ երկրորդ խումբը ներկայացել է գործիքներով եւ նույնիսկ դասատուներով, որոնց հետ սիրով պարապմունք ենք անցկացրել»,- հայտնեց տուբահարը: Հավելեց նաեւ, որ դասընթացների հանդեպ ունեցած հետաքրքրությունը իրեն եւ Խուանին պարտավորեցրել է, որ դրանք լինեն շարունակական, առաջիկայում դասընթացներ վարեն նաեւ Արցախում: Շարունակելով գործընկերողջ միտքը, Խուան Պարդո Խիլն էլ նշեց, թե դասընթացներին մասնակցել են նաեւ Սերգեյ Սմբատյանի ղեկավարած պետական սիմֆոնիկ, օպերային թատրոնի նվագախմբերից երաժիշտներ եւս: Հավելեց, թե իրենք այս երեք օրերի ընթացքում բացահայտել են նույնիսկ տաղանդավոր տրոմբոնահարների ու տուբահարների: Մեր զրուցակիցները հայտնեցին նաեւ, որ կայանալիք համերգում իրենց հետ բեմ կբարձրանան դասընթացներին մասնակից երիտասարդ երաժիշտներից եւս:
Զրույցի ընթացքում Արաիկ Ռուբինյանն ու Խուան Պարդո Խիլը հավաստիացրին, թե մեզ մոտ երաժիշտները հիմնականում նվագում են տրոմբոնի եւ տուբայի համար փոխադրումներ, մինչդեռ գոյություն ունի ֆրանսիացի, գերմանացի, ամերիկացի եւ այլ ազգերի հեղինակների կողմից այնքան գրականություն, որ, նրանց խոսքերով՝ մեկ կյանքը բավարար չէ դրանք կատարելու համար:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Արաիկ Ռուբինյանն ու Խուան Պարդո Խիլը:

«Առավոտ»

22.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728