Լրահոս
Օրվա լրահոսը

Արտավազդ Փելեշյան – 80

Փետրվար 22,2018 11:00

Պատկերացնո՞ւմ եք…

Անցյալ դարի 88-ի դեկտեմբերն էր: Գորբաչովյան гласность- ն ու դեմոկրատիզացիան արագ սլանում էին առաջ. ջարդելով սովետական տխուր եւ աղքատ իրականությունը հորձանուտներում, նախապայմաններ ստեղծում՝ ոչնչացնելու այն ամենը, ինչ ստեղծվել ու ձեռք էր բերվել հակամարդկային գաղափարների, մարդկային կործանված ճակատագրերի եւ բյուրավոր, խելացի, արժանապատիվ ու ազնիվ մարդկանց աճյունների վրա:
Մոսկվայի կինոյի տան «Սպիտակ» դահլիճում հանդիպում էր Արտավազդ Փելեշյանի հետ: Հանդիպումը ո՛չ մեծարման էր, ո՛չ հոբելյանական. սովորական հանդիպում էր, բայց դահլիճում ասեղ քցելու տեղ չկար: Երեկոն վարողը կինոքննադատ Լեւ Ռոշալն էր, եւ նա իրեն շատ երջանիկ էր զգում, որ Փելեշյանի միջոցառումն իրեն է վստահված: Դահլիճում ժամանակի гласность-ի ոգուն համապատասխան՝ բարձրախոսներ էին տեղադրված, եւ ցանկացողները կարող էին մոտենալ ու հարցեր ուղղել ռեժիսորին: Առաջին շարքում հիմնականում Պետկինոյի եւ Կինեմատոգրաֆիստների միության ղեկավարներն էին նստած, որոնք էլ պարբերաբար վիզները թեքում էին աջ ու նայում օթյակին, որտեղ սպասում էին Կենտկոմի մշակույթը կոորդինացնող քարտուղարին:

Լեւ Ռոշալը փոքրամարմին, նիհար, ակնոցակիր եւ ժիր մարդ էր: Նա ներկայացրեց Փելեշյանի կինոն, խոսեց նրա եւ Վերտովի, Էյզենշտեյնի կինոձեռագրերի ընդհանրության մասին: Խոսեց Փելեշյանի կինոյում նորարարության՝ դիստանցիոն մոնտաժի, մասին: Խոսեց՝ աշխարհում նրա կինոյի ազդեցությամբ ստեղծված ֆիլմերի եւ նրա ստեղծած կինոլեզվի մասին: Խոսեց նրա դրսում ստացած մրցանակներից, ցավով անընդհատ ընդգծելով, որ այդ ֆիլմերը սովետական հանդիսատեսը մինչ այսօր այդպես էլ չի տեսել: Շա՜տ ոգեւորված խոսեց՝ Փելեշյանի նոր սցենարի ու նոր կինոյի «HOMO SAPIENS»-ի մասին, եւ ասաց, որ մենք բոլորս երջանիկ ենք, որովհետեւ Փելեշյանի ժամանակակիցն ենք: Քանի գնում Ռոշալի ձայնը բարձր եւ պահանջկոտ էր դառնում: Եկավ մի պահ, որ նա վեր կացավ տեղից եւ ամբողջ ձայնով գոռաց, ո՛չ այն է՝ դահլիճի, ո՛չ այն է՝ օթյակի ուղղությամբ, որտեղ դեռ համապատասխան քարտուղարը այդպես էլ չէր հայտնվել.
– Եվ դու՛ք, որպեսզի պատկերացնեք Փելեշյանի մեծությունը, բավական է արձանագրել մի փաստ՝ Գորբաչովի հայտարարած դեմոկրատիզացիայի արդյունքում կինոյի բնագավառից «դարակ» նետված (այսինքն՝ կոմունիստական ցենզուրայից արգելված. Վ.Շ.) բոլոր հեղինակներին ու ֆիլմերը թույլատրվել են ցուցադրության, բոլոր ֆիլմերն ու հեղինակներին, բացի Փելեշյանից ու Փելեշյանի ֆիլմերից,- եւ Ռոշալը սկսեց մատների վրա թվարկել մինչգորբաչովյան ժամանակներում ցենզուրայի կողմից արգելված հեղինակներին՝ նրանց ֆիլմերի անուններով: Ռոշալը թվարկում էր դրանք եւ ամեն հեղինակից հետո ո՛չ այն է՝ դահլիճից, ո՛չ այն է օթյակից շեշտադրված հարցնում.
– Պատկերացնո՞ւմ եք…

Դահլիճը հիպնոսացած միայն հոգոց էր հանում. եւ՛ աթոռներին, եւ՛ աստիճաններին նստածները ոտքի էին կանգնել ու ասես հրաշքի էին սպասում: Վերջապես Ռոշալը հայտարարեց վերջին արգելված հեղինակին ու ֆիլմը եւ խորը շունչ քաշելուց հետո կարճ պաուզա պահելով՝ հարցրեց.

– Պատկերացնո՞ւմ եք՝ որքա՜ն մեծ է Արտավազդ Փելեշյանը, որ նրա ֆիլմերը մինչ այսօր դեռ «դարակում» են, դեռ արգելված են. նա սովետական միակ ու վերջին արգելված ռեժիսորն է… Ռոշալի ելույթը ուղեկցվում էր նրա արտիստիկ ժեստերով, եւ պետք է ասել, որ դա նրա մոտ ստացվում էր…

Նո՛ւյն բեմում, նո՛ւյն փոքրիկ սեղանի շուրջ, նրա կողքին նստած էր Արտավազդ Փելեշյանը: Կինոգետ Լեւ Ռոշալի հետ համեմատած, Արտավազդ Փելեշյանը հսկա էր՝ ձեռքերը ծնկներին հենած, պայծառ ու լույս ճառագող գլուխը համեստությունից, անհարմարությունից խոնարհած, որովհետեւ ով՝ ով, գոնե մեծ կինոյի հետ շփվող մարդիկ գիտեին, որ Փելեշյանը ընդհանրապես զզվում է, երբ իր ներկայությամբ գովաբանում են իրեն կամ իր կինոն:

Ինչեւէ, Ռոշալը հարցրեց, եւ հարցը կախված մնաց «Սպիտակ» դահլիճի առաստաղից ու օթյակի փեշերից, որտեղ այդպես էլ չհայտնվեց Կենտկոմի մշակույթի գծով քարտուղարը:
Ռոշալը իր գործը ավարտած համարելով՝ նստեց ու մի բան անելու, դահլիճի, գուցե թե իր լարվածությունը կոտրելու համար, հանեց կլոր ակնոցներն ու կարմիր թաշկինակով սկսեց մաքրել:

Ամենաշատը եւ՛ Ռոշալից, եւ՛ դահլիճից, եւ՛ հայտարարված գորբաչովյան դեմոկրատիզացիայից թերեւս շփոթվածը Փելեշյանն էր, որ չգիտեր ուր թաքցներ իր ներկայությունն ու իր արգելված կինոն:

Իրավիճակը փրկեց մի աղջնակ. նա վախվորած մոտեցավ միկրոֆոնին, աջ ձեռքով աչքերից հեռացրեց խարտյաշ եւ գանգուր մազերը եւ անհամարձակ խոսեց.
– Ներողություն, հազա՜ր ներողություն, իսկ ովքե՞ր են խանգարողները: Ես սովորում եմ կինոինստիտուտում (ВГИК): Ես եւ իմ համակուրսեցիներն ուզում ենք իմանալ. ո՞վ, կամ ովքե՞ր են խանգարողները, ո՞վ, կամ ովքե՞ր են, որ փակի տակ են պահում այդ հրաշալի ֆիլմերը, որոնցից մի քանիսն, ի դեպ, մենք թաքուն նայել ենք մեր մոտ՝ ՎԳԻԿ- ում:
Ռոշալը հայտնվեց իր հարցադրման թակարդում: Աղջնակի հարցադրումից հետո օթյակում, մշակույթի գծով քարտուղարի փոխարեն, կարճ սանրվածքով եւ սեւ կաշվե բաճկոնով մի կին ծլեց, եւ տեսնողները հասկացան, որ մեր հարազատ Խթը-ն աչալրջորեն հսկում է բոլորին, եւ դրանից հետո կինոդահլիճի առաջին շարքը վայրկենապես դատարկվեց: Կինողեկավարությունը՝ կամ դասալքվեց, կամ՝ գնաց. ավելի շուտ կանչվեց Կենտկոմ՝ հաշվետվության ու պատասխանատվության:

Այս ամենը նկատելով՝ Ռոշալը կորցրեց իրեն, քիչ առաջ առյուծ կտրած կինոգետը ոչ մի անուն չէր կարող բարձրաձայնել, քանի որ, մեղմ ասած, նույն պահին կձերբակալվեր ու սովի կմատնվեր: Նա գիտեր, որ դեմոկրատիզացիա, гласность արտահայտությունները գործողություն չեն, խոսք են, ընդամենը՝ խոսք, իսկ կենտկոմը, կոմկուսը, ցենզուրան, մսաղաց են, եւ ինքը երբեմնի ժիր, հոխորտուն ու համարձակ կինոգետը հայտնվել էր այդ մսաղացի կողքին եւ գլուխը կորցրած պտտվող մուկ էր դարձել… Ինչեւէ, հիմա դահլիճում կախված էր խարտյաշ եւ գանգրահեր ուսանողուհու հարցը, ու ոչ ոք չէր կարող իմանալ՝ հարց տվողը օթյակի մարդու հրահանգ-պրովոկացիա՞ն է գործի դնում, թե՝ իր մանկամտության մակարդակը…Իսկ դահլիճը միամիտ ու ինչ-որ տեղ էլ հիմարացած ցանկանում էր. գոնե, կինոյի բնագավառում դեմոկրատիզացիան օր ու ժամ առաջ իրականություն դառնար: Եվ մինչ դահլիճը երազում էր, Ռոշալը պտտվում էր մսաղացի չորսբոլորը. փոքրամարմին հրեան առաջին անգամ էր հայտնվել թակարդի առաջ, եւ րոպեներ անց, ինչպես ինքն էր սիրում ամեն դասախոսությունից, ամեն կինովերլուծությունից հետո ասել.

– Հիտլեր կապուտ…
Այս անգամ նրա լեզուն չէր պտտվում, բայց մտածում էր.
– Ռոշալ կապուտ…
Փելեշյանը, տեսնելով լարվածության չափը, կտրուկ վեր կացավ տեղից եւ շարունակեց դահլիճի ու բեմի լարված ու ընդհատված երկխոսությունը.
– Ես նույնպես ВГИК-ն եմ ավարտել՝ Լեոնիդ Քրիստիի արվեստանոցը, իմ ֆիլմերից շատերը ուսանող ժամանակ եմ նկարել, եւ եթե չարգելեին, գուցե թե գոհանայի ու էլ չնկարեի… Այնպես որ… Նա հայացքը պտտեց օթյակում ձիգ կանգնած կնոջ վրա, ապա նայեց փոքրիկ գրասեղանին ու ասաց.
-Ռոշա՛լ, դու՛րս արի մսաղացից…,- եւ շարունակեց.
– Խոսքս ուսանողուհուն եմ ուղղում… Երրորդ կուրսում ես երկու արգելված ֆիլմերի հեղինակ էի, աղջի՛կս, իսկ դու նույնիսկ չգիտես, թե ով է արգելողը, – Փելեշյանը գորովանքով նայեց գույնը գցած Ռոշալին ու շարունակեց.
– Արգելում է նա, ով դրա համար աշխատավարձ է ստանում, նա ընտանիք ունի, կին, երեխաներ, ծերացած հայր ու մայր, գուցե էլի մարդիկ, որ նրա խնամքին են, էլ չեմ ասում սիրուհիների, տարբեր սպասավորների ու հարեւանների մասին… մի խոսքով նրա դրությունն էլ պիտի մտնենք, թե չէ քանի՞ մարդ մի անգամից սովի կմատնվի… Պատկերացնում եք, չէ՞,- հարցը նորից հնչեցրեց Փելեշյանը…

Այդ ընթացքում առաջին շարքից ծլկածները հետ էին վերադարձել, իսկ օթյակում կանգնած կինը նստել էր, ձեռքերը դրել բազրիքին, իսկ գլուխը հենել ձեռքերին…
– Մենք՝ կինոռեժիսորներս, ի տարբերություն նրանց… Փելեշյանը ձեռքը անցկացրեց առաջին շարքով ու կանգ առավ օթյակի վրա, – հումանիստ ենք… Այդպե՞ս է, թե՞ ոչ…
Դահլիճը պատասխանեց ծափողջույններով եւ ոտքի կանգնեց. լարվածությունը անէացավ բուռն ու երկարատեւ ծափահարություններից…

 

ՎԱՆՈՒՇ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆ

Հ. Գ. Այդ օրից տասնամյակներ անցան, Արտավազդ Փելեշյանը, ցավոք, չնկարեց «HOMO SAPIENS»-ը, որը իսկապես կարող էր կինոյի գլուխգործոց դառնալ:
Սովետմիության երկաթյա վարագույրները վաղուց բացվել են, կամ՝ ջարդվե՛լ, ի՞նչ տարբերություն. ազատությունը մտել է բոլոր անկախացած պետությունները, նրանց ստեղծագործական միություններն ու տները, բայց արվեստի այնպիսի գործեր, որոնք ժամանակին արգելվել էին ցենզուրայի (գրաքննութան) կողմից, այդպես էլ չստեղծվեցին: Ու հիմա, հանկարծ արձանագրում եմ, որ հենց այդ «նորին մեծություն» ցենզուրան էր երեւի, որ շնորհալի մարդու գործը արգելելով, փակելով, «դարակ» դնելով՝ նրան հղկում եւ նրանից գլուխգործոցներ էր կորզում եւ կամ բանտ էր նստեցնում, ապա երկրից արտաքսում, ասենք, այնպիսի մարդկանց, ինչպիսին Սոլժենիցինն էր, Բրոցկին, Դովլաթովը, Տարկովսկին, Փարաջանովը, Վիսոցսկին…
Եվ ցանկն այս կարելի է շարունակել…
Հարգելի՛ Արտավազդ Փելեշյան, սիրելի՛ Արթուր, ծնունդդ շնորհավո՛ր, պի՛նդ կաց ու հզոր՝ մեր լեռների նման ու քո ֆիլմերի:

«Առավոտ»

22.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728