2017 թվականի մայիսի 14-ին Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան 39/1 հասցեում տեղակայված Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում ընտրակեղծարարության վերաբերյալ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու, Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և իր դուստր ու վստահված անձ` «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Լիլիթ Դրամփյանը հաղորդում էին ներկայացրել հանցագործության մասին:
Հարուցված քրեական գործի (որի շրջանակներում Զարուհի Փոստանջյանը և Լիլիթ Դրամփյանը ճանաչվել էին որպես տուժողներ) նախաքննությունն ավարտվել էր քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման ընդունմամբ՝ բավարար ապացույցների բացակայության հիմնավորմամբ, չնայած նրան, որ Զարուհի Փոստանջյանի և Լիլիթ Դրամփյանի նկատմամբ բռնությունները և ապօրինությունները հեռարձակվել էին ուղիղ եթերով: Դեռ ավելին՝ չնայած որ քրեական գործի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը վերացրել է քրեական գործը կարճելու մասին որոշումը և այն լրացուցիչ քննություն կատարելու համար վերադարձրել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը, այնուամենայնիվ` վերջինս կայացրել է քրեական գործը կարճելու մասին որոշում՝ բավարար ապացույցների բացակայության հիմնավորմամբ: Սույն որոշումը Զարուհի Փոստանջյանը և Լիլիթ Դրամփյանը բողոքարկել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, որի արդյունքում կայացվել է որոշում՝ բողոքը մերժելու մասին:
Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման ընդունմամբ՝ բավարար ապացույցների բացակայության հիմնավորմամբ, իրավապահ մարմինները հերթական անգամ հովանավորում և կոծկում են Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ)` սովորական դարձած ապօրինությունները: Ապօրինության քողարկումով` խախտվել են Զարուհի Փոստանջյանի և Լիլիթ Դրամփյանի հիմնարար իրավունքները և ազատությունները՝ նախատեսված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայի մի շարք (1-ին, 3-րդ, 5-րդ, 14-րդ,) հոդվածներով:
2018 թվականի փետրվարի 21-ին Զարուհի Փոստանջյանը և Լիլիթ Դրամփյանը դիմել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` բողոքարկելով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը (կից ներկայացվում է Բողոքը):
Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսի 14-ին ՀՀԿ-ի իշխանազավթումը նորից ապահովող ոստիկանները, բացահայտ ապօրինի հրամանի ներքո, փորձում էին բերման ենթարկել Ազգային ժողովի պատգամավորի (առաջին անգամ նորանկախ Հայաստանի պատմության մեջ), ով նաև հանդիսանում էր Երևանի քաղաքապետի թեկնածու և «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ և ի պաշտոնե ահազանգել էր ոստիկանություն` կատարվող հանցագործության մասին:
Մինչդեռ ոստիկանները բռնություններ և ֆիզիկական ուժ կիրառեցին Զարուհի Փոստանջյանի և նրա դուստր ու վստահված անձ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ, պատճառեցին մարմնական բազմաթիվ վնասվածքներ՝ ընդհուպ մինչև Լիլիթ Դրամփյանին գլխուղեղի ցնցում պատճառելը, ապա առևանգեցին Լիլիթ Դրամփյանին:
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն
22 փետրվարի 2018
Երևան