Լրահոս
Օրվա լրահոսը

Զորակոչվելուց 5 ամիս անց զինծառայողը վաղաժամ զորացրվել է առողջական վիճակի պատճառով

Փետրվար 22,2018 10:19

Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչը առողջական խնդիրներով զինված ուժեր զորակոչվելուց 5 ամիս անց՝ 2018 թ. հունվարին, վաղաժամ զորացրվել է: Նախկինում 2 անգամ բուժման նպատակով «Նևրոզանման վիճակ» եւ «Ասթենո-նևրոտիկ վիճակ» ախտորոշումներով տարկետում ստացած Ա. Մ.-ին 2017 թ.-ի հունիսի 14-ին ՀՀ ՊՆ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը (ԿԲՀ) զինվորական ծառայությանը սահմանափակումով պիտանի է ճանաչել: Իսկ 2017 թ․ հուլիսի 26-ին զորակոչվելիս հենց հանրապետական հավաքակայանում վիճակահանության ժամանակ առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նա տեղափոխվել է Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք:

Ծառայության հետագա հինգ ամիսների ընթացքում Ա. Մ.-ն մշտապես ունեցել է վատ ինքնազգացողություն: Նրա մայրը որդու իրավունքների պաշտպանության նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էր դիմել 2017թ.-ի հուլիսի 25-ին: Զինծառայողի՝ մինչեւ զորակոչվելն ունեցած բժշկական փաստաթղթերի և անամնեստիկ տվյալների համաձայն՝ զինծառայողի մոտ առկա են եղել մի շարք առողջական խնդիրներ, այդ թվում՝ ժառանգական: Զինծառայողն ունեցել է ինքնավնասման սպիներ` հետայրվածքային սպի, որը ստացել է 9 տարեկանում, ունեցել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ. 2011 թ.-ից նա հաշվառված է եղել հանրապետական մանկական հոգենյարդաբանական դիսպանսերում և գտնվել է դիսպանսեր հսկողության տակ, ստացել է մշտական դեղորայքային բուժում, սակայն բուժումը եղել է անարդյունավետ, և խորհուրդ է տրվել հոգեբույժի երկարատև դիսպանսեր հսկողություն։

Ըստ զինծառայողի ծնողի՝ որդին վտանգավոր է եղել ինքն իր եւ շրջապատի համար:  ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017 թ.-ի օգոստոսի 8-ին դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին՝ զինծառայողի առողջական խնդիրները լուծելու եւ վերջինիս զորակոչի օրինականությունը վերանայելու պահանջով: 2017 թ.-ի սեպտեմբերի 1-ին ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավարը հայտնել է, որ Ա. Մ.-ն փորձաքննվել է ՀՀ պաշտպանության նախարարի 410 հրամանի պահանջների համաձայն, եւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչումն իրականացվել է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ պաշտպանության նախարարի 410 հրամանի պահանջների համաձայն, որի արդյունքում էլ զինվորական ծառայությանը սահմանափակումով պիտանի է ճանաչվել եւ զորակոչվել զինծառայության: Այնուամենայնիվ զորակոչվելուց 5 ամիս անց՝ 2018 թ. հունվարին, առողջական վիճակի պատճառով զորակոչիկը վաղաժամ զորացրվել է:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728