Հայաստանի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2017թ. արժեքն է 35 և նա Եթովպիայի, Մակեդոնիայի և Վիետնամի հետ միասին 180 երկրների շարքում կիսում է 107-ից 110-րդ տեղերը:
Նախորդ 2016թ. Հայաստանի ԿԸՀ համաթվի արժեքն էր 33 և այդ արժեքով նա 176 երկրների շարքում կիսում էր 113-ից 115-րդ տեղերը: Նկատի ունենալով Հայաստանի ԿԸՀ-ի համար հաշվարկված ստանդարտ սխալի չափը (3.79), կարելի է պնդել, որ 2016թ. համեմատությամբ Հայաստանի հանրային ոլորտի կոռուպցիայի ընկալումը 2017թ. մնացել է մոտավորապես նույնը:
Միևնույն ժամանակ, ԿԸՀ դասակարգման աղյուսակում Հայաստանը առաջադիմել է 6 տեղով, իսկ եթե դասակարգման 2017թ. աղյուսակից հանենք բոլոր այն երկրները (թվով 4 երկիր), որոնք ընդգրկված չեն եղել 2016թ. դասակարգման աղյուսակներում, ապա առաջընթացը կկազմի 9 տեղ:[1]
Թրանսփարենսի Ինթերնեշնլի տարածաշրջանային բաժանմամբ Հայաստանը ներառված է Արևելյան Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանի մեջ (տե’ս 2017թ. ԿԸՀ համապատասխան տարածաշրջանի աղյուսակը): Այդ տարածաշրջանի մեջ ներառված են Եվրամիության անդամ չհանդիսացող բալկանյան երկրները (Չերնոգորիա, Սերբիա, Բոսնիա և Հերցեգովինա, Ալբանիա, Մակեդոնիա և Կոսովո), նախկին խորհրդային հանրապետությունները, բացի ԵՄ անդամ բալթյան հանրապետություններից և Թուրքիան:
Տարածաշրջանի 19 երկրների շարքում Հայաստանը Մակեդոնիայի հետ կիսում է 9-10-րդ տեղերը (2016թ. նա զբաղեցնում էր 10-րդ տեղը): Հայաստանը նախկին խորհրդային հանրապետություններից այժմ զիջում է բալթյան հանրապետություններին և Վրաստանին, որի ԿԸՀ 2017թ. համաթիվը հավասար է 56-ի (2016թ. 57-ի փոխարեն կամ նահանջ 1 միավորով), որը դարձյալ ամենաբարձրն է Արևելյան Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանում, և Բելառուսին, որի ԿԸՀ-ն 2017թ. նույնպես ունեցավ բարելավում (2016թ. 40-ից մինչև 44 2017թ.` կամ աճ 4 միավորով):
Ինչպես և նախորդ տարիներին, Հայաստանը, շարունակում է զիջել նաև Թուրքիային (40՝ 2016-ի 41-ի փոխարեն), որը շարունակում է գրանցել էական նահանջ սկսած 2012-ից, երբ նրա ԿԸՀ արժեքը հավասար էր 49 միավորի:
Հայաստանի մյուս երկու հարևանների՝ Ադրբեջանի և Իրանի 2017թ. ԿԸՀ համաթվերը 2016թ. համեմատ բարելավվել են 1-ական միավորով, հավասարվելով 31-ի Ադրբեջանի դեպքում (122-ից 129-րդ տեղեր) և 30-ի Իրանի դեպքում (130-ից 134-րդ տեղեր)՝ առայժմ զիջելով Հայաստանին:
Բելառուսից բացի, ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ԿԸՀ արժեքները շարունակում են ավելի ցածր մնալ Հայաստանի ԿԸՀ արժեքից: Մասնավորապես, Ռուսաստանի ԿԸՀ արժեքը մնացել է 29 միավոր (135-ից 142-րդ տեղեր): Այս տարի նրան հավասարվել է Ղրղզստանը՝ առաջադիմելով 1 միավորով: Ղազախստանի ԿԸՀ արժեքը ավելացել է 2 միավորով՝ դառնալով 31 (122-ից 129-րդ տեղեր):
[1] Հարկ է նշել, որ 2017թ. դասակարգման աղյուսակում հայտնված 4 նոր երկրներից 3-ի ԿԸՀ արժեքները գերազանցում են Հայաստանի 2017 թվականի ԿԸՀ արժեքին:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն