Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի մյունխենյան ահազանգը

Փետրվար 22,2018 12:00

Սկիզբը՝ այստեղ

«Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի
անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետեւանքներ»

Բաքուն կրկին սպառնում է պատերազմով

Իլհամ Ալիեւի՝ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու վերջին ելույթի եւ դրան հետեւած քաղաքակիրթ աշխարհի լռության պայմաններում Բաքուն, անպատիժ մնալով, շարունակում է ռազմատենչ հայտարարությունների շքերթը:
Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերը շփման գծում կանգնած են իրար դիմաց, եւ չի բացառվում, որ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել ցանկացած պահի՝ նշել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Եվրամիության՝ Հարավային Կովկասի եւ Վրաստանի հարցերով հատուկ բանագնաց Թոյվո Քլաարի հետ Բաքվում տեղի ունեցած հանդիպմանը:

Փաստացի, արդեն եվրոպացի գործընկերների ներկայությամբ պաշտոնական Բաքուն պատերազմի վերսկսման սպառնալիքներ է ներկայացնում, ինչն ամենեւին էլ անսպասելի չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալիեւը մարսեց «Երեւանն ու Զանգեզուրը վերադարձնելու» իր հայտնի հայտարարությունը:

Հատկանշական է, որ պաշտոնական Բաքուն անթաքույց նշում է, թե ինչից է դժգոհ. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջադեպերի քննությամբ զբաղվելու փոխարեն՝ լավ կլիներ, որ միջազգային կառույցները, հակամարտության լուծման համար ջանքեր գործադրելով, զբաղվեին նաեւ դրա առաջացման առանցքային պատճառները վերացնելու գործով»,- ասել է Հասանովը:

Այսինքն՝ պաշտոնական Բաքուն շարունակում է մերժել հետաքննության մեխանիզմների ներդրման պահանջը, ու այնքան դժգոհ է նրանից, որ միջնորդները պնդում են այդ պահանջի կատարմանը, որ նույնիսկ այդ դժգոհության պայմաններում ուղղակի սպառնում է պատերազմով:

Սերժ Սարգսյանի մյունխենյան դասերը

Փետրվարի 17-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մյունխենի անվտանգության համաժողովում «Նե՞րս, թե՞ դուրս. Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ ընկած երկրները» խորագրով քննարկման ժամանակ հանդես եկավ ելույթով, որում անդրադարձավ աշխարհաքաղաքական ներկայիս պայմաններում Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը, ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում Հայաստանի արդյունավետ փոխգործակցությանը ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի հետ, անվտանգության տեսանկյունից տարածաշրջանի խնդիրներին եւ մարտահրավերներին, այդ համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին ու դրա առաջմղմանն իր ապակառուցողական քաղաքականությամբ խոչընդոտող Ադրբեջանի իշխանությունների քայլերին, խոսեց Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության շրջանակում ստանձնած ու բանակցած հանձնառությունների մասին:
«Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության շրջանակում ստանձնած հանձնառությունները պետք է իսկապես ապրեն Վանկուվերից մինչեւ Վլադիվոստոկ: Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթի տասը սկզբունքները մեկ միասնական ընդհանրություն են: Դրանցից որեւէ մեկը չպետք է տարանջատվի կամ հակադրվի մյուսներին: …Հելսինկիի ոգու աղաղակող ոտնահարում է Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ: Դա հատկապես ակնառու է հարեւան երկրում մեկնարկած նախընտրական շրջանում: Նախագահ Ալիեւը ոչ ավել ոչ պակաս տարածքային նկրտումներ է հայտարարում Հայաստանի մայրաքաղաք Երեւանի հանդեպ՝ անվանելով այն պատմական ադրբեջանական տարածք: Զառանցանք է, իհարկե, բայց Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետեւանքներ»,- նշեց Ս. Սարգսյանը:

Եվրոպական քաղաքում լրջագույն համաժողովում հեղինակավոր ամբիոնից Ս. Սարգսյանն ըստ էության արձանագրեց Եվրոպայի հանդուրժող կեցվածքի հետեւանքների հարցը՝ ԼՂ խնդրում նաեւ ԵՄ-ի պատասխանատվության մասին ակնարկելով:

Գալով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը՝ Ս. Սարգսյանն ասաց, որ ԼՂ խնդիրը պետք է լուծվի որքան հնարավոր է շուտ՝ խաղաղ ճանապարհով. «Այդ հարցում մեզ աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները: Նրանց առաջնորդությամբ խաղաղ գործընթացի հիմքում դրվել են միջազգային իրավունքի երեք սկզբունքներ` ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառումը, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքը եւ տարածքային ամբողջականությունը։ Եվրոպական միությունն իր հերթին բազմիցս վերահաստատել է, որ աջակցում է համանախագահների ջանքերին ու առաջարկություններին: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված ջանքերը կարող են օրինակ ծառայել, թե ինչպես Ռուսաստանը, ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը կարող են դրականորեն համադրել իրենց դիրքորոշումները՝ հանուն միջազգային խաղաղության ու անվտանգության։ Մեր ցանկությունն է, որ նման ընդհանրություններն առավել հաճախ դրսեւորվեն»:

«Ղարաբաղցիներն էլ են ուզում ազատ ապրել»

Ս. Սարգսյանը Մյունխենի անվտանգության համաժողովում պատասխանել էր նաեւ քննարկման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Գերմանիայում Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղար Սադի Ջաֆարովի՝ Հայաստանի մեկուսացման, «Ադրբեջանի օկուպացված տարածքների» վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նա սկզբից հռետորական հարցով էր հակադարձել. «…Իսկ ի՞նչ եք կարծում՝ եթե ձեր երկրի նախագահը տարածքային նկրտումներ է հանդես բերում Երեւանի նկատմամբ, որի հիմնադրման 2800-ամյակը մենք նշելու ենք հոկտեմբեր ամսին, ինչպե՞ս կարող է Ղարաբաղի խնդիրը լուծվել: Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել, եւ

Դուք, թեեւ ես դրանում մի քիչ կասկածում եմ, կարող եք վերադառնալ Ղարաբաղ կամ հարակից շրջաններ միայն ու միայն այն պարագայում, եթե ձեր երկրի ղեկավարությունը սթափվի եւ հրաժարվի իր անիրատեսական սպասելիքներից, բանակցությունների արդյունքի վերաբերյալ ակնկալիքներից: Դուք ուզում եք ազատ ապրել, Դուք ուզում եք ապրել Ղարաբաղում: Հավատացեք, որ ղարաբաղցիներն էլ են ուզում ազատ ապրել եւ ուզում են, որպեսզի իրենք ապրեն իրենց պատմական հողի վրա, որտեղ ունեն հազարամյակների խորքից եղած ժառանգություն, եւ իրենք չեն ուզում, որ դուք ոչնչացնեք այդ ժառանգությունը:

Իսկ թե ինչի համար Ադրբեջանի մի քանի շրջաններ հայտնվեցին Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի վերահսկողության տակ, Դուք դա շատ լավ գիտեք: Գիտեք, որ ղարաբաղցիները ընդամենը քաղաքակիրթ ձեւով անցկացրել են հանրաքվե, դիմել են Սովետական Միության Գերագույն խորհրդին. դա էր պահանջում Սովետական Միության գործող օրենքը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի կազմից տեղափոխվի Հայաստանի կազմ: Փոխարենը` ձեր այն ժամանակվա իշխանությունները փորձեցին զենքով խեղդել ղարաբաղցիների այդ օրինական պահանջն ու ցանկությունը: Իմիջիայլոց, պետք է ասեմ, որ այդ ժամանակ բոլոր եվրոպական կառույցները շատ դրական մոտեցում ցուցաբերեցին եւ ասացին՝ այո՛, Լեռնային Ղարաբաղը պետք է ինքնորոշվի: Բայց պատերազմում փլավ չեն բաժանում, ցավոք սրտի: Ես ատում եմ պատերազմը: Սակայն այնպես ստացվեց, որ մենք մեզ պաշտպանելու համար ստիպված էինք ստեղծել անվտանգության գոտի»:

Նա կրկին շեշտեց, որ Հայաստանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը՝ դիմելով Գերմանիայում Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղարին. «Եթե դուք ցուցաբերեք ողջախոհություն` խոսքս Ադրբեջանի ժողովրդի մասին չէ, խոսքս Ադրբեջանի ղեկավարության մասին է, եւ իրականում նստեք բանակցային սեղանի շուրջ ու հասկանաք, որ այս խնդիրը կարող է լուծվել միայն ու միայն փոխզիջումների հիման վրա: Ես չեմ ուզում մասնակիցների ժամանակը խլել, ուղղակի ուզում եմ ասել, որ ժամանակն է սթափվելու: Երեւանը ունի 2800 տարվա պատմություն, հայ ժողովուրդը առնվազն 5000 տարի ապրում է իր պատմական տարածքներում, եւ Ադրբեջանը կամ այլ ժողովուրդներ, ովքեր, Աստված գիտի, երբ են սկսել իրենք իրենց ինքնաճանաչել, չեն կարող կոտրել հայ ժողովրդի կամքը»:

Եթե ՌԴ-ն, ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն «օգնեին մեզ լուծել ԼՂ խնդիրը»

Մյունխենի համաժողովում «Եվրասիա խմբի» նախագահ եւ հիմնադիր Յան Բրեմերը հարց էր ուղղել Սերժ Սարգսյանին, որ եթե վերադառնալու լինեին նույն քննարկմանը մեկ կամ երկու տարուց ու հանկարծ պարզեին, որ բանախոսների այս նույն կազմը շատ ավելի դրական է գնահատում Ռուսաստանի եւ Եվրոպայի ու վերջիններիս արանքում գտնվող երկրների միջեւ հարաբերությունները՝ ի՞նչ պետք է կամ կարող է տեղի ունենալ, որը թույլ կտար, որպեսզի ավելի լավ արդյունք ստանային այդ քննարկումից: «Ես կարծում եմ, ավելի շուտ՝ համոզված եմ, որ, իհարկե, այսպիսի քննարկումներ լինելու են մեկ տարի, երկու տարի հետո էլ, բայց եթե ես լինեմ այդպիսի քննարկման մասնակից, կհամոզվեմ եւ բարձրաձայն կասեմ, որ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հարաբերությունները շատ կառուցողական են դարձել, եթե այդ պարագայում նրանք լուծեին, օգնեին մեզ լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Սա կլիներ շատ կարեւոր հանգամանք: Ինչպես ասացի` սա երեւի այն եզակի եզրերից մեկն է, որով զբաղվում են Միացյալ Նահանգները, Եվրամիությունը եւ Ռուսաստանը՝ ունենալով համանման ուղղություն: Սա կլիներ, իրոք, ապացույց՝ ապացույց ոչ միայն հայերի համար, ադրբեջանցիների համար, այլեւ ամբողջ աշխարհի»:

Յան Բրեմերի մեկ այլ հարցին ի պատասխան՝ Ս. Սարգսյանը փաստեց. «Ադրբեջանի ինքնահանգստացումներն այն առումով, որ Հայաստանը մեկուսացված է, միֆ է, միֆ, չկա այդպիսի բան: Եվ եթե Հայաստանը մեկուսացած լիներ, չէր ունենա ավելի մեծ միջին աշխատավարձ, քան Ադրբեջանը՝ ունենալով այդքան նավթ, գազ եւ այլն, կարող եմ այլ ցուցանիշներ էլ բերել, բայց վստահ եմ, որ մենք ուղղակի չենք կարող մեկուսանալ»:
Այսպես, Մյունխենի անվտանգության համաժողովում Սերժ Սարգսյանը շոշափեց Հայաստանի արտաքին քաղաքական, անվտանգության ապահովման հարցում կարեւոր թեմա՝ ԼՂ խնդրում Ռուսաստան-Արեւմուտք համագործակցության հարցը:

Իսկ ի՞նչ է սպասվում Ղարաբաղյան խնդրին, եթե Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ էլ ավելի սրվեն, իսկ Հայաստանի իշխանությունների՝ ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ կամուրջ դառնալու ցանկությունն այդպես էլ իրականություն չդառնա: Սա, թերեւս, քննարկման այլ թեմա է:

Սկիզբը՝ այստեղ

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 21.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728