Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ոչ թե քաղաքական, այլ քաղաքացիական ոլորտում եմ»

Փետրվար 22,2018 12:30

Հարցազրույց Հովհաննես Թումանյանի անվան պետական
տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ

– Պարոն Բաբայան, վերջին շրջանում դուք ավելի շատ երեւում եք քաղաքական տիրույթում, քան մշակութային, ինչի առիթով ասում են՝ Բաբայանը դարձել է քաղաքական գործիչ:

– Երեւում եմ ոչ թե քաղաքական, այլ քաղաքացիական ոլորտում: Այն գործը, որով ես զբաղվում եմ, երկխոսություն է հասարակության հետ: Երբ ինձ հարցեր են տրվում որոշակի հասարակական երեւույթների վերաբերյալ՝ անկեղծ արտահայտում եմ սեփական կարծիքս: Իսկ ես առաջին հերթին տիկնիկային թատրոնի ղեկավար եմ, դասախոս եւ պատասխանատու եմ այդ ոլորտների համար: Եվ ցանկանում եմ, որ աշխատանքս գնահատվի առաջին հերթին այդ ասպարեզներում, իհարկե, գործունեությանս արդյունքներով: Ի դեպ, այսօր կարող եմ վստահ ասել, որ տիկնիկային թատրոնը դարձել է մշակութային մի կենտրոն, որտեղ երիտասարդ ստեղծագործողները կարողանում են փնտրել, գտնել եւ արտահայտվել: Ուրախ եմ փաստել մեր թատրոնի բարձր միջազգային վարկանիշի մասին:

Միայն 2017թ. ընթացքում թատրոնի ներկայացումները մասնակցել են 13 միջազգային փառատոների: Ընդ որում, թատրոնը չի սահմանափակվում միայն Երեւանում ու արտերկրում ցուցադրվող ներկայացումներով, նաեւ մեկնում է մարզեր, Արցախի Հանրապետություն, սահմանամերձ գյուղեր ու զորամասեր: Անցյալ տարվա ընթացքում Երեւանից դուրս ներկայացումների աշխարհագրությունը ծավալվեց Սյունիքի մարզից մինչեւ Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր, Կոտայք, մինչեւ Լեռնային Ղարաբաղ:

– Թատրոններից տիկնիկայինն է, որ ունի ամենահարուստ խաղացանկը…

– Թատրոնի խաղացանկում շուրջ 30 ներկայացում է երեխաների եւ մեծահասակների համար, որոնք ներկայացված են տիկնիկային արվեստի բոլոր ձեւերով՝ խամաճիկներ, դիմակներ, մատներ, ստվերներ, հատակային, ձեռնոցային, ձողիկավոր եւ այլն: Ունենք նաեւ դրամատիկական, մնջախաղային եւ բալետային ներկայացումներ: Օգտագործվում են ոչ միայն թատրոնի փոքր եւ մեծ դահլիճները, այլ նաեւ բեմի ետնամասը, փորձամասը, սրահը, բուֆետային մասը: Եվ քանի որ թատերական ձեւերն անսպառ են, փորձում ենք ոչ մի բանով չզսպել ստեղծագործողների երեւակայությունը: Խաղում ենք ներկայացումներ ոչ միայն հայերեն, այլեւ ռուսերեն, անգլերեն, արաբերեն, կան ներկայացումներ էլ՝ առանց խոսքի: Բացի թվարկածներիցս, թատրոնում հաճախ իրականանում են տարբեր միջոցառումներ՝ ռոք եւ ջազ համերգներ, ցուցահանդեսներ, գրքի շնորհանդեսներ…

– Կարծիք կա, թե 2017թ. տիկնիկային թատրոնի գործունեությունը գոհացրել է մշակույթի նախարարին եւ խաղացած ներկայացումների քանակով, եւ ֆինանսական առումով:

– Արվեստում չի կարելի գումար վաստակելու խնդիր դնել: Իհարկե, լավ է, երբ ներկայացումները որոշակի գումար են բերում: Գերխնդիրը պետք է լինի որակյալ ներկայացում ունենալը եւ եթե այդ խնդիրը փոխարինվում է գումար վաստակելով, ապա շատ արագ կարելի է որակը կորցնել: Մեր հասարակության մարդկանցից չէ կախված այն իրողությունը, որ, օրինակ՝ Կոմիտասի գործերի կատարողներն ավելի քիչ հանդիսատես ունեն, քան, ասենք՝ Սպիտակցի Հայկոյինը: Սա, կարծում եմ, բնական է, բայց դա չի նշանակում, որ իրականում Կոմիտասը տանուլ է տալիս: Պետության կարեւորագույն խնդիրն է պահպանել դասական արվեստներն ու օժանդակել հասարակության ճաշակի ձեւավորմանը: Այո, անցյալ տարվա ընթացքում խաղացել ենք 525 ներկայացում, բայց խոստովանեմ, որ այդ թիվն ինձ չի ուրախացնում: Ստիպված ենք եղել այդ ճանապարհով պետական ֆինանսավորման կրճատումները լրացնել: Դա բերել է որակի անկման: Կոնկրետ ինձ համար՝ որպես թատրոնի ղեկավարի, առաջնայինը որակն է:

– Ձեր ղեկավարած թատրոնը միակ կամ եզակի մշակութային օջախներից է, որի շուրջ չեն պտտվում կուլիսային խոսակցություններ: Մինչդեռ ասում են, թե թատրոնն առանց ինտրիգների թատրոն չի…

– Կարծում եմ՝ եթե զբաղված ես զուտ ստեղծագործական հարցերով, պարզապես ժամանակ չի մնում ինտրիգների համար: Անձամբ ես այնքա՜ն բացեր ունեմ, որ ուրիշների բացով զբաղվելու ժամանակ չունեմ…

 

Զրուցեց
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ»

21.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728