Կոմիտաս վարդապետ Հովնանյանի կարծիքով, Պոլսո պատրիարքության հարցի լուծման համար պետք է սպասել հարմար առիթի:
«Եթե խոսքը վերաբերում է թուրքական կառավարության, բնական է, որ կառավարությունը պետք է իր կամքը թելադրի, հատկապես Էրդողանը, որ այսօր ամբողջ իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում, երբեք չպետք է թույլ տա իր կամքին հակառակ որոշում: Ուժն է թելադրողը, ով ուժեղ է, նա էլ պայմաններ է առաջարկում»,- անդրադառնալով Պոլսո պատրիարքի փոխանորդի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակին՝ ասաց հայր Կոմիտասը:
Մեր դիտարկմանը, թե մեզ մնում է միայն հաշտվե՞լ, հայր Կոմիտասը պատասխանեց. «Ոչ թե հաշտվել, այլ սպասել հարմար առիթի, որ տրվի ավելի լավ լուծում, քան այսօր ունենք այդ հնարավորությունը»:
Ըստ նրա՝ հայ համայնքը Թուրքիայի կառավարության համար շատ նուրբ խնդիր է, իրենք չեն ուզենա պատրիարքական աթոռին ունենալ մի մարդ, որն ասի բաներ, որը թուրքական կառավարության համար լինի ոչ ցանկալի. «Ոչ մի կասկած չկա, որ պատրիարքական աթոռն այնպիսի աթոռ է, որ այնտեղ հայտնված անձը պետք է լինի անձնավորություն, որը համապատասխանի թուրքական կառավարության շահերին: Ես կարծում եմ, որ Աթեշյանի անձը իրենց համար ցանկալի է այնքանով, որ նա ամբիցիաներ չունի, նա կլինի ավելի շատ կառավարության կամքը կատարող անձնավորություն, քան կառավարության կամքին հակառակ գնացող»:
Հայր Կոմիտասի խոսքով, այն, որ թուրքական կառավարությունը բացեիբաց խառնվում է Պոլսո պատրիարքության ընտրության հարցին, արդեն խոսում է այն մասին, որ եկեղեցին ինչ-որ տեղ ընկնում է իշխանության ազդեցության տակ. «Շատերը սպասում են, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը գրչի մի հարվածով լուծում տա այդ հարցին, բայց երբ հարցը եկեղեցական աստիճանից բարձրանում է քաղաքականի, պետք է լինել շատ զգույշ, որ զգացմունքային որոշումը պատճառ չդառնա հայ համայնքի պառակտման»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ