«Վեհափառ հայրապետը շատ դժվար կացության մեջ է այսօր, մինչեւ հիմա ջանաց բավական կակուղ, հավասարակշիռ, դիվանագիտական կեցվածք ունենալ, բայց եկավ, հասավ այնպիսի հարց, որ այլեւս տվյալ անձին անունը (նկատի ունի Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնը կրկին ստանձնած Արամ Աթեշյանին) նույնիսկ տալ չեմ ուզում, այդ անձը այլեւս սկսավ ոտնակոխ անել սուրբ Էջմիածնի հարգանքն ու պատիվը, հենց ինքը կաթողիկոսի խրատներն ու խնդրանքները չլսելու տվեց»,- Aravot.am-ին ասաց թուրքահայ լրագրող Րաֆֆի Հերմոն Արաքսը; Նա երեկ Էջմիածնում մեկնարկած Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովին զուգահեռ ընդդեմ Աթեշյանի անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցներից էր:
Հիշեցնենք, որ Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովում քննարկվելու էր նաեւ Պոլսի հայոց պատրիարքության հարցը:
Հիշեցնենք նաեւ, որ 2017 թվականի մարտի 15-ին Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղի ունեցած քվեարկության արդյունքում Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ էր ընտրվել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, սակայն քվեարկության արդյունքների հրապարակումից հետո արքեպիսկոպոս Աթեշյանը ներկայացրել էր Ստամբուլի նահանգապետարանից ստացված մի գրություն, որի համաձայն` նոր պատրիարքի ընտրության գործընթացը իրավական տեսանկյունից հնարավոր չէր սկսել, և հրաժարվել էր թողնել պաշտոնը: Ստեղծված իրավիճակի հետևանքով ընտրված տեղապահը չէր կարողացել անցնել իր պարտականությունների կատարմանը: Այս ճգնաժամային իրավիճակը սուր հակասությունների պատճառ էր դարձել ստամբուլահայ համայնքում:
Րաֆֆի Հերմոն Արաքսը մտահոգված է, որ Պոլիսը, Թիֆլիսի պես մշակութային մի օջախ, այսօր կոմայի մեջ է հայտնվել: Ըստ նրա՝ Պոլսի հայ համայնքը երկար ժամանակ Աթեշյանի հարցով չէր դիմում Էջմիածին, որ տպավորություն չստեղծվեր, թե ամեն չնչին հարցով վազում են Էջմիածին, բայց. «Ելնելով այս իրավիճակից՝ հասանք դիվանբաշուն՝ հայ եկեղեցուն, եթե Էջմիածին չգնանք, ուր պետք է գնանք, Վատիկա՞ն պիտի գնանք…Ինը տարի իզուր անցավ, ժամանակ կորցրինք»:
Ընդդեմ Աթեշյանի նախաձեռնության անդամները պայքարի տարբեր միջոցների են դիմելու, բայց այս պահին Րաֆֆի Հերմոն Արաքսը չի ցանկանում փակագծեր բացել. «Անակնկալ է լինելու»:
Մեր հարցին, թե Պոլսահայ պատրիարքարանի հարցի ինչպիսի լուծում է տեսնում, պարոն Արաքսը պատասխանեց. «Ներկա համայնքի անդամների խղճից ու մտքից անցած անձը պետք է ընտրվի՝զոռով, շանտաժով կամ այլ ձեւով, պետք է լուծվի այս հարցը, այլընտրանք չկա, որովհետեւ սա անձնասպանություն է: Պատկերացրեք՝ մի համայնքի կրոնական, բայց ոչ կրոնական ղեկավար ընտրվում է բռնի կերպով ու մեն երկրորդ քայլին նրա երեսին դու արժանի չես գոռալու պատրաստ մարդիկ կան, սա խայտառակություն է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ