«Լոռի» մեդիա-սրահում «Տեղական քաղաքականություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված հանդիպման ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության ավագանու անդամներն իրենց կարծիքը հայտնեցին Վանաձորի մանկապարտեզներում տիրող իրավիճակի մասին:
Մասնավորապես, կուսակցության ավագանու անդամ Կարինե Ղուկասյանն ասել էր. «Մանկապարտեզներում բուժքույրերի կրճատումներ են կատարվել: Ես չեմ հասկանում, բուժքույրը ո՞նց կարող է մանկապարտեզում մնալ կես օր: Բայց մանկապարտեզում ունենք այգեպան, իսկ մանկապարտեզն այգի չունի: Ես դեմ չեմ, բայց ունենք մանկապարտեզ, որ իր ջեռուցման համար տրամադրվում է 1 միլիոն 200.000-600.000 դրամ, բայց միեւնույն ժամանակ ունենք մանկապարտեզ, որ ջեռուցման հարցը լուծելու համար նրան տրամադրվում է 250.000 դրամ: Ունենք նաեւ լավագույն մանկապարտեզներ, որոնք ունեն տաքացվող, բայց ազատ սենյակներ, որոնք չեն օգտագործվում»:
Ծրագրի շրջանակներում հաջորդ հանդիպմանը, որին մասնակցում էին ՀՀԿ խմբակցության անդամները, Վանաձորի քաղաքապետի խորհրդական Արտյոմ Գրիգորյանը նշեց, թե վերը արտահայտած մտքերը չեն համապատասխանում իրականությանը. «Իմ շատ սիրելի, հարգելի կոլեգա Կարինե Ղուկասյանն ասում էր, թե այցելել ենք մանկապարտեզներ, մանկապարտեզներում կան հաստիքներ, օրինակ` այգեպանի, բայց այդ մանկապարտեզն այգի չունի: Բա սա եղա՞վ, կարելի՞ է այդպիսի բան ասել: Մանկապարտեզը, որն ունեցել է այգեպանի հաստիք, հիմա էլ ԿԳ նախարարի հրամանով մենք այդ իրավունքն ունենք օրինակելի հաստիքացուցակով պահելու, բայց մենք այդ հաստիքը չունենք, հանել ենք, որովհետեւ ֆինանսական միջոցների խնդիր ունենք: Պաշտոնապես հայտարարում եմ, բացառվում է, որ այդպիսի բան չկա, որ այգեպան լինի, բայց այգի չլինի»:
Անդրադառնալով Կարինե Ղուկասյանի այն խոսքին, որ մանկապարտեզներում բուժքույրերն աշխատում են կես դրույքով, եւ կատարվել է բուժքույրերի հաստիքների կրճատում, քաղաքապետի խորհրդականը նշեց, թե այդ հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում. «Եթե չեմ սխալվում ավագանու սեպտեմբեր ամսվա նիստի ընթացքում համայնքի ղեկավար պարոն Ասլանյանն ի՞նչ հայտարարություն արեց, էդ նիստի ժամանակ, ասեց ես էլ եմ կողմ, որ բուժքրոջ հաստիքները դառնան մեկ դրույք: Նույնիսկ ավելի ասեց, ասեց ի՞նչ, երեխան կարող է օրվա կեսը հազալ, մնացածը՝ ո՞չ, կամ էդ երեխան կես օրը կարող է վնասվի, կես օրը՝ ո՞չ: Այդ հայտարարությունը հստակ հնչեցվել է համայնքի ղեկավարի կողմից: Մեր կողմից բուժքրոջ հաստիք չի կրճատվել: Չի կարելի պոպուլիստական հայտարարություններ անել»:
Տիկին Ղուկասյանը նշել էր, որ կան մանկապարտեզներ, որոնք ունեն ջեռուցվող, սակայն չշահագործվող սենյակներ: Արտյոմ Գրիգորյանն այս հարցի շուրջ էլ հերքեց ավագանու անդամի հայտարարությունը, ասելով, թե դա եւս ապատեղեկատվություն է. «Ճիշտ է հիմա ԿԳ նախարարի օրինակելի հաստիքացուցակով 1-2 խմբանոց մանկապարտեզներում կես դրույք, 3 խմբանոց մանկապարտեզներում 0,75 դրույք, 4-5 եւ ավելի խմբանոց մանկապարտեզներում 1 դրույք բուժքրոջ հաստիք է տալիս: Ժողովուրդ, չկա այդպիսի բան, նորից ապատեղեկատվություն է:
Մենք այսօր 30 մանկապարտեզում վերանորոգված, ամեն ինչով համապատասխան սենյակ ունենք, բայց չջեռուցվելու պատճառով էդ մանկապարտեզում չենք կարողանում խումբ բացել: Հիմա բարերար ենք գտել, ապրի իր արեւը, ներդրում կանի, ջեռուցում կիրականացվի եւ խումբը կբացվի»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ