Փետրվարի 21-ին Կոմիտաս թանգարան-ինստիտուտում կայացավ Արամ Աբրահամյանի «Գերմանական կվինտետ. ազատ գրառումներ Բեթհովենի, Շուբերտի, Շումանի, Բրամսի և Բրուքների մասին» գրքի շնորհանդեսը:
Գրքում երաժշտագետ, լրագրող Արամ Աբրահամյանը անդրադառնում է 19-րդ դարի գերմանական մշակույթը ներկայացնող հինգ մեծանուն կոմպոզիտորների՝ Բեթհովենի, Շուբերտի, Շումանի, Բրամսի և Բրուքների կյանքին և ստեղծագործությանը: Գիրքը նախատեսված է ընթերցող լայն շրջանակների համար եւ նվիրված է դիրիժոր Դավիթ Խանջյանի հիշատակին:
Գրքի խմբագիր, երաժշտագետ Սեդա Շեյրանյանը նշեց, որ դժվարագույն պայմաններում հայ երաժշտագետները շարունակում են աշխատել, հրատարակում են բազմաթիվ գրքեր, տպագրվում ամսագրերում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս. «Ամբողջ խնդիրն այն է, որ բոլոր հրատարակությունները հիմնականում վերաբերվում են հայ երաժշտությանը եւ նրա խնդիրներին: Թվում էր, թե համաշխարհային դասականների ստեղծագործությունները, մեծագույն կոմպոզիտորների ստեղծագործական ժառանգությունը, նրանց կյանքն այնքան ուսումնասիրված է, այնպիսի գրականություն կա եւ կենսագրական եւ երաժշտագիտական, նույնիսկ գեղարվեստական գրքերի տեսքով, որ այլեւս ասելիք չկա…Սակայն ծնվեց այս փոքրիկ գրքույկը՝ «Գերմանական կվինտետը», որի հեղինակը իմ բարեկամ, երաժշտագետ Արամ Աբրահամյանն է: Այս հինգ ականավոր կոմպոզիտորների, համաշխարհային երաժշտության մեծամեծերի մասին թվում էր, թե ամեն ինչ ասված է, բայց լավ ճանաչելով Արամ Աբրահամյանին, պետք է հասկանայինք, որ ոչ միայն նոր բան ունի ասելու, այլեւ նորովի պետք է մոտենա բոլոր թեմաներին»: Նա հավելեց, որ եվրոպացի մեծ կոմպոզիտորների մասին հայերեն լեզվով գրեթե չկա գրականություն, եւ այս գիրքը գալիս է լրացնելու այդ բացը:
Սեդա Շեյրանյանը Արամ Աբրահամյանին որակեց հիանալի երաժշտագետ, ապա գիրքը ներկայացնելիս մեջ բերեց երաժշտագետ Արաքսի Սարյանի այն խոսքերը, որ եթե կարդում եք որեւէ երաժշտագիտական ուսումնասիրություն ու մտածում, որ այդպես չէիք կարող գրել, ուրեմն այն հաջողված է:
«Գիրքն ընթերցելիս ես հենց դա էլ մտածում էի, որ նման կերպ ինքս չէի կարող գրել, որովհետեւ այն խնդիրները, որ ներառված են այստեղ, սովորական մտավորականի համար շատ են. Բեթհովեն, Շուբերտ, Շուման, Բրամս, Բրուքներ. Ավստոգերմանական դպրոցի հզոր ներկայացուցիչներին է Արամ Աբրահամյանը անդրադարձել»,-հավելեց գրքի խմբագիրը:
ՀՀ ժողովրդական նկարիչ, Հայաստանի ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Փարավոն Միրզոյանը հիշեց, թե ինչպես է երկու տարի շարունակ Արամ Աբրահամյանը պատկերասրահում նկարել իր հեղինակային «Պարականոն» հաղորդաշարը, որի համար գրված տեքստերի քսան տոկոսն օգտագործվել է այս գրքում:
«Երբ դահլիճում իր հաղորդումն էր նկարահանվում, ես հարեւան դահլիճում մտածում էի՝ գնամ լսեմ, թե ինչ է նկարվում: Ինձ անչափ հետաքրքիր էր այդ ամենը: Իսկ երբ հաղորդումը ցուցադրվում էր հեռուստատեսությամբ, ապշում էի: Դրանք սովորական դասախոսություններ չէին, մշակութային այնպիսի հաղորդումներ էին, որոնց հիմա էլ կարոտում եմ եւ կուզեի, որ նորից կրկնեին: Եվ, եթե ես նկարիչ եմ ու հաճույքով դիտում էի այդ հաղորդաշարը, պատկերացնում եմ, թե մասնագետների համար ինչ հետաքրքիր էր»,-ասաց նկարիչը: Նա իր հետ խորհրդանշական նվեր էր բերել՝ Հայաստանի ազգային պատկերասրահի գիրք-ալբոմը, որը նվիրեց Արամ Աբրահամյանին:
Դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը նշեց, որ գիրքը ընթերցողների լայն շրջանակների համար է նախատեսված, սակայն, գրքում պրոֆեսիոնալ երաժշտագետների համար չափազանց կարեւոր տողեր կան. «Մի քանի նախադասությամբ այնպիսի մեկնություններ կան ստեղծագործությունների շուրջ, որ պիտի հետ դառնաս, նորից կարդաս այդ ստեղծագործության մասին: Կոնկրետ Բեթհովենի Ջութակի կոնցերտի մասին, որը հետագայում դարձել է հիմք, ուղեցույց Չայկովսկու, Սիբելիուսի, Արամ Խաչատրյանի եւ այլոց համար, մինչդեռ ժամանակին համարվում էր չհաջողված»:
Ի դեպ, Արամ Աբրահամյանի գրքում ասվում է, որ իտալացի կոմպոզիտոր եւ դաշնակահար Մուցիո Կլեմենտին՝ իմանալով Բեթհովենի ջութակի կոնցերտի անհաջողության մասին, նրան խորհուրդ էր տվել ջութակի պարտիան փոխարինել դաշնամուրայինով, չնայած այդ երկու գործիքների արտահայտչամիջոցները տարբեր են:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը, որ նույնպես ներկա էր գրքի շնորհանդեսին՝ Արամ Աբրահամյանին շնորհավորելով «Գերմանական կվինտետի» լույսընծայման առիթով, նրան նվիրեց Ֆիլհարմոնիկ նվագախմբի մեկ տարվա ամբողջ համերգաշրջանի մշտական տոմս:
Արամ Աբրահամյանը նշեց, որ գրքի վրա բավականին ջանք են թափել խմբագիր Սեդա Շեյրանյանը եւ իր տիկինը՝ Մելանյա Բարսեղյանը, իսկ գրքի ճաշակով ձեւավորումը Նելլի Բարսեղյանինն է:
«Լրագրությունը հետաքրքիր պատմություն պատմելու արվեստ է..Ամեն ինչի մասին կարելի է հետաքրքիր պատմություն պատմել, այդ թվում քվանտային ֆիզիկայի, նուրբ օրգանական քիմիայի… Կարելի է այնպես հետաքրքիր պատմել, որպեսզի մարդիկ թե այդ առարկայի մեջ մի քիչ խորանան, եւ թե ընդհանրապես ստանան ընդհանուր մտահորիզոնի ընդլայնում: Բնականաբար, ես քվանտային ֆիզիկա չեմ ուսումնասիրել, ոչ էլ հինգ տարի նուրբ օրգանական քիմիա եմ սովորել: Ես հինգ տարի ուսումնասիրել եմ երաժշտություն՝ ԽՍՀՄ լավագույն բուհերից մեկում՝ Երեւանի պետական կոնսերվատորիայում, որտեղ ինձ սիմֆոնիկ նվագախմբի պարտիտուրների ընթերցում առարկան դասավանդել է դիրիժոր Դավիթ Խանջյանը, որին էլ նվիրված է այս գիրքը: Երաժիշտները կհասկանան՝ մի բան է, երբ դու պարզապես լսում ես ինչ-որ բան, այլ բան է, երբ պատկերացնում ես ամբողջ պարտիտուրը՝ ֆլեյտայից մինչեւ կոնտրաբաս: Դա մեծ երջանկություն է եւ այդ երջանկությունը ինձ տվել է այդ մեծ դիրիժորը»,- ասաց Արամ Աբրահամյանը:
Միջոցառմանը մասնակցում էր Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը, որը հայտնի է իր մշակութային նախասիրություններով: Պարոն դեսպանը տպավորված էր, որ հեղինակն անդրադարձել է ավստրոգերմանական դպրոցի մեծագույն կոմպոզիտորներին:
Ներկա էին նաեւ մշակութային, հասարակական-քաղաքական եւ այլ ոլորտների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը, Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, «Նոր անուններ» ծրագրի ղեկավար, Հայաստանի մշակույթի գործիչների ընկերակցության նախագահ Սիլվա Մեքինյանը, Դավիթ Խանջյանի թոռը՝ թավջութակահար Հակոբ Աթյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը եւ ուրիշներ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Սրտանց շնորհաւորում եմ:
Իսկ գիրքը վաճառուելո՞ւ է Հայաստանի գրախանութներում: Կ’ուզենայի ընթերցել,,
Կարծում եմ, մեկ շաբաթից «Բուկինիստում» կլինի: Եթե Երեւանում բարեկամ ունեք, կարող եմ նաեւ նրա միջոցով Ձեզ նվիրել: Թող ինձ գրի ֆբ էջով: https://www.facebook.com/aram.abrahamyan.5
Շնորհակալ եմ, պարոն Աբրահամեան: Ծնողներս Երեւանում են ապրում, կը խնդրեմ, որ «Բուկինիստից» գնեն: Յետոյ, Յուլիսին երբ գամ Հայաստան, Ձեզ կը խնդրեմ, որ մակագրէք 🙂