Վաղը’ փետրվարի 22-ին Նիդերլանդների խորհրդարանում հայկական պատվիրակության խմբի ներկայությամբ քննարկման է դրվելու Քրիստոնեական միություն կուսակցությունը ներկայացնող Ջոել Ֆորդևինդի Հայոց Ցեղասպանությանը վերաբերվող երկու առաջարկություն, այս մասին հաղորդում է տարածել Նիդերլանդների Համագործակցող հայկական կազմակերպությունները ներկայացնող Նիդերլանդների Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հայ Դատի հանձնախումբը:
Ջոել Ֆորդևինդի այս նոր առաջարկներից առաջինը վերհաստատում է Նիդերլանդների կողմից 2004 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշումը, իսկ երկրորդինը նախարարի մակարդակով ապրիլի 24-ին Հայաստանում հիշատակի օրվան մասնակցելն է:
Հայկական կազմակերպությունները գոհ են այս առաջարկներից, բայց միևնույն ժամանակ նրանք անհրաժեշտ են համարում, որ կառավարությունը հրաժարվի «Հայոց ցեղասպանության հարց» (կամ խնդիր) եզրույթի կիրառությունից: Հայտնի չէ, թե վաղվա քննարկումներում այս հարցն ինչպես է արծարծվելու:
Ահա թե այս առթիվ ինչ մեկնաբանություն տվեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը.
«Ընթանալու են քննարկումներ (հոլանդերենով` algemeen overleg) խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի և նախարարի միջև` ընդհանրապես «գենոցիդ» բառի օգտագործման վերաբերյալ (օրինակ ներկա պարագայում, ասենք ISIS-ի դեպքում): Որոշ խմբակցություններ առաջարկելու են Նիդերլանդների խորհրդարանին «գենոցիդ» բառը օգտագործել «հայոց ցեղաբանության» կապակցությամբ։ Կառավարությունը կարող է շարունակել «հայոց ցեղասպանության հարցը» արտահայտությունն օգտագործել։ Քննարկումներից հետո Վորդեվինդը խորհրդարանի լիագումար նիստում ներկայացնելու է երկու առաջարկություն (հոլանդերենով motie – ներողություն, դա ոչ բանաձև է և ոչ էլ «օրենքի նախագիծ» – ինչպես գրել է Արմենպրեսը) – առաջարկություններից մեկը` Խորհրդարանը ճանաչում է հայոց ցեղասպանությունը, երկրորդը` թույլ տալ այս տարի Ապրիլի 24-ին (այնուհետև 2020-ին, 2025-ին և այլն) Նիդերլանդներից մի նախարարի մասնակցությանը Հայաստանում Ցեղասպանության հիշատակման օրվան։ Այս մասին համաձայնություն կա կոալիցիայում դեռ անցած ամառվանից և այդ առաջարկությունները հավանաբար կանցնեն։ »
Դեռ 2004 թվականին Նիդերլանդների խորհրդարանում ընդունված Հայոց Ցեղասպանության մասին Ռովութի բանաձևում «Հայոց ցեղասպանության հարց» (կամ խնդիր) եզրույթը զուտ նշվում էր այն նկատառումներով, որ հենց Թուրքիան հնարավորություն ունենա առերեսվելու անցյալին ու խոստովանելու, որ կատարվածը Ցեղասպանություն է: Թուրքիայի չոր ժխտողականության ֆոնին այս քայլը տարիներ շարունակ հաջողություն չբերեցին:
ՀՀԴ Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը ևս գտնում է, որ խորհրդարանում ներառված 4 կուսակցությունների միջև կա համաձայնություն և կասկած չկա, որ շրջանառության մեջ դրված առաջարկները կյանքի կկոչվեն:
Այժմ խոսքը Նիդերլանդների խորհրդարանին է:
«Նիդերլանդական Օրագիր»
Այսպես, ևս մեկ ճշտում: Այսօր Նիդերլանդների խորհրդարանում հայկական պատվիրակության խմբի ներկայությամբ քննարկման դրվելիք Քրիստոնեական միություն կուսակցությունը ներկայացնող Ջոել Ֆորդևինդի Հայոց Ցեղասպանությանը վերաբերվող փաստաթղթերը, ինչպես Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) նախագահ Մաթո Հախվերդյանն է հաստատում, ոչ թե նախագիծ կամ բանաձև է, այլ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ, ինչպես, որ ի տարբերություն հայկական բազմաթիվ լրատվամիջոցներից ՃԻՇՏ գրել է միայն ԱՌԱՎՈՏ թերթը:
Մի հավելում ևս, այսօր խորհրդարանում գլխավորապես քննարկվում է ԳԵՆՈՑԻԴ տերմինի օգտագործումը պաշտոնական շրջանակներում: