Այսօր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում քննարկվեց կառավարության ներկայացրած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:
Ուշագրավ է, որ օրենքը սահմանում է, որ վարչապետի որոշմամբ պաշտոնատար այլ անձանց կարող են տրամադրվել ծառայողական առանձնատներ Երեւանում՝ համապատասխան սպասարկումով:
ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանին, որը նախագծի հիմնական զեկուցողն էր, հարցրեց՝ այսինքն, ո՞ր պաշտոնատար անձանց կարող են տրամադրել, կարող են նաեւ պատգամավորների՞ տրամադրել վարչապետի որոշմամբ, որեւէ նախարարի, որեւէ փոխնախարարի՞:
Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ այդ պաշտոնատար անձանց բացվածքը «Հանրային ծառայության մասին» օրենքով է տրված: Այն անձինք, որոնք դիմում են՝ որպես բարձրաստիճան պաշտոնատար անձ, կարող են վարչապետի որոշմամբ ստանալ ծառայողական առանձնատուն: Փոխնախարարը պարզաբանեց, որ դա որպես սեփականություն չի տրվում այլ տրվում է օգտագործման:
Մարգարիտ Եսայանն էլ արձագանքեց՝ սուբյեկտիվիզմն այստեղ ակնհայտ առկա է. «Բոլորս էլ համարվում ենք բարձրաստիճան պաշտոնատար անձ, բայց վարչապետն իր սուբյեկտիվ որոշմամբ է որոշում՝ 100 կամ 200 պաշտոնատար անձանցից ում տալ այդ առանձնատունը»:
Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն ասաց, որ օրենքի տրամաբանությունն այն է, որ առանձնատուն ստանան այն պաշտոնատար անձինք, որոնք հրավիրված են եւ դրա կարիքն ունեն. «Թե չէ դուք Երեւանում բնակարան ունեք, Երեւանում էլ աշխատում եք, դո՞ւք ինչ եք անում այս արտոնությունը, ինչի՞ պիտի օգտվեք»:
Մարգարիտ Եսայանը կատակեց, թե դուք ունե՞ք՝ Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Ես Երեւանում եմ ապրում, ես էլ դրա կարիքը չունեմ, Աղվան Վարդանյանն էլ չունի, Երեւանում է ապրում»:
Աղվան Վարդանյանը շտապեց միջամտել, թե՝ «Ես ապրում եմ Կոտայքում, խնդրում եմ ճշտել»: Հակոբ Հակոբյանն էլ վրա բերեց, թե՝ «Ապրում ես Կոտայքում, քեզ տվել են ավտոմեքենա, գնա Կոտայք, հետ արի»:
Ինչպես արդեն հայտնել ենք, նախագիծը դրականն եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ