Այսօր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում քննարկվեց կառավարության ներկայացրած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:
Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ նախագծի դրույթները նոր Սահմանադրությունից են բխում: Նախատեսվում է, որ նախագծի փոփոխության արդյունքում օրենքը կարգավորի ոչ միայն պաշտոնատար անձանց սոցիալական երաշխիքները, այլեւ գործունեության ապահովումը, մասնավորապես՝ ՀՀ նախագահի աշխատակազմի գործունեությունը, սպասարկումը, նրա սպասարկումը պաշտոնաթող լինելուց հետո, ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ կապված հարցերը, վարչապետի սպասարկումը եւ այլն: Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն առաջարկել էր, որ Վերահսկիչ պալատի նախագահը, օմբուդսմենը, որի 65 տարին լրանում է, նույնպես ընկնի այս օրենքի կարգավորման տակ եւ կառավարությունը ընդունում է առաջարկը:
Նախագծով նախագահի աշխատակազմի թվաքանակը սահմանափակվում է, 155 պետք է լինի: Նաեւ ամրագրվում է, որ պետք է լինի պահուստային ֆոնդ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի համար, նախատեսվում է նստավայր, ծառայողական առանձնատուն, ամառանոց եւ այլն: Այս ամենը կարգավորվում է այս օրենքով:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հարցրեց՝ նախագահի աշխատակազմը՝ 155 հոգի, վարչապետինը՝ 600 հոգի, ինչպե՞ս կմեկնաբանեք սա: Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ 2010-ին սահմանվել էր, որ նախագահի աշխատակազմը 323 է լինելու, հիմա նախագահի լիազորությունները նվազում են, հետեւաբար աշխատակազմն էլ նվազում է մինչեւ 155. «Կառավարության աշխատակազմի թվաքանակը մոտ 600 էր, շատ բան չի փոխվում այդտեղ: Հիմա ուղղակի լինելու է վարչապետի աշխատակազմ»: Իսկ ԱԺ նախագահի աշխատակազմը «ԱԺ կանոնակարգ օրենքով» է սահմանվում, միայն պահուստային ֆոնդի հարցն է այս նախագծի կարգավորման տակ մտել:
Նախագծով սահմանվում է, որ վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը որոշում է կառավարությունը: ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը հարցրեց՝ «Մենք ֆիքսված վայր չե՞նք ունենալու վարչապետի համար, տարբեր վարչապետներ կարող են տարբեր տեղակայման վայրե՞ր ընտրել»: Փոխնախարարը պատասխանեց, որ այո, դա կառավարության որոշմամբ է կարգավորվում, կարող է կառավարությունը որոշի Երեւանից դուրս գործել:
Եսայանը նաեւ հետաքրքրվեց պաշտոնաթող ՀՀ նախագահի կենսաթոշակով ապահովման դրույքաչափից, թե ապագա նախագահի եւ գործող նախագահի թոշակները պաշտոնաթողությունից հետո տարբերվելո՞ւ են: Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ նախատեսված է նույն կարգավորումը, ինչ նախագծով է, փոփոխություն չկա: Բոլոր պաշտոնաթող նախագահները նույն թոշակն են ստանալու:
Արթուր Հովհաննիսյանը մի ուշագրավ փոփոխության մասին նշեց: Գործող կարգավորումներով, եթե պաշտոնատար անձը հետագայում զբաղվի ոչ միայն հանրային ծառայությամբ, այլեւ բիզնեսով, բացի գիտակրթական, մանկավարժական գործունեությունից, կզրկվի թոշակից: Հիմա գտնում են, որ այդ կարգավորումն արդարացված չէ: Այսինքն, պաշտոնյաները կարող են թոշակի գնալուց հետո նաեւ բիզնես անել: Փոխնախարարն ասաց, որ դատավորների համար էլ նախատեսվել է, որ միայն թոշակից կզրկվի, եթե հանրային ծառայության անցնի թոշակի գնալուց հետո, նա մեկ աղբյուրից երկու տեղից չպետք է սնվի՝ որպես թոշակ եւ որպես աշխատավարձ: Եթե թոշակի անցնելուց հետո զբաղվի այլ գործունեությամբ, չի զրկվի թոշակից. «Այդպես մենք շահագրգռում ենք տնտեսական այլ գործունեությամբ էլ զբաղվել, բացի գիտական, մանկավարժականից»:
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ